2016թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է մայրական մահացության 10 դեպք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ ամփոփելով մի քանի ոլորտներում կատարված աշխատանքը։
Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ արձանագրված մայրական մահացության 10 դեպքերից 7-ի պատճառը եղել են հղիության հետ չկապված ախտաբանությունները՝ լյարդի սուր անբավարարություն և լյարդային կոմա, և այլն։ Վերջին դեպքը, ըստ նախարարի, գրանցվել է Վեդիում. տանը 36 շաբաթական հղի կնոջ մոտ գրանցվել է ինսուլտ։ Մյուս 3 դեպքերում մահվան պատճառը կապված է հետծննդյան արյունահոսությունների հետ։ Ըստ նրա՝ մահվան դեպքերը նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովներն ուսումնասիրել են, վեր հանել թերությունները՝ վարման, բուժման հետ կապված։ «Երկու դեպքում առնվազն գործ ենք ունեցել անուշադիր վերաբերմունքի հետ, որը կարող էր հանգեցնել նման բարդությունների՝ արյունահոսության, և արյունահոսության հետևանքով կատարված միջոցառման ժամանակ անմիջական մահվան առաջացման»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը՝ նշելով, որ քննություն է տարվում այս դեպքերով, դատական գործընթացների ավարտից հետո միայն հնարավոր կլինի խոսել մեղքի առկայության կամ բացակայության մասին։
Փոխնախարարի խոսքով՝ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում։ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2016թ. 11 ամսվա ընթացքում 0-1 տարեկան երեխաների մահերի բացարձակ թիվը կազմել է 325՝ 2015թ. նույն ժամանակահատվածի 336 դեպքերի համեմատությամբ։ «Արձանագրում ենք նաև 0-5 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում։ Եթե 2015թ. նույն ժամանակահատվածում մենք ունեցել ենք 398 դեպք, ապա 2016թ. ունեցել ենք 376 դեպք»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը։ Նա նշեց, որ ընթացիկ տարում շարունակվել են նորածնային սկրինինգ ծրագրերը. բնածին հիպոթիրեոզով հայտնաբերվել է 17 երեխա, 4-րդ աստիճանի ծանրալսությամբ՝ 41 երեխա, և ֆենիլկետոնուրիայով՝ 7 երեխա, նորածինների շրջանում կուրության կանխարգելման նպատակով իրականացվել է 21 լազերային միջամտություն, անցկացվել է 16 հակաանգիոգեն ներարկում։
Փոխնախարարի խոսքով՝ պատվաստումային ծրագրերը շարունակվում են, այս առումով շատ բարձր ծածկույթ ունենք. «Միջինում պատվաստումների իրականացման 92 տոկոս ծածկույթ ունենք, բայց որոշ պատվաստանյութերի դեպքում՝ 95, 97, նույնիսկ 99 տոկոս։ Առաջիկայում նոր պատվաստումների իրականացման պլաններ ունենք։ Դա առաջին հերթին պապիլոմա վիրուսի հետ կապված պատվաստումն է դեռահաս աղջիկների շրջանում։ Դա կանխարգելում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը պապիլովիրուսի պատճառով»:
Սերգեյ Խաչատրյանն ասաց նաև, որ արձանագրվել է նորածինների սեռերի անհամամասնության նվազեցում։ Այժմ այն կազմում է 108 տղա 100 աղջկա դիմաց՝ 2014թ. 115-100 և 2015թ. 113-100-ի դիմաց։ Նրա խոսքով՝ դրական ցուցանիշներ են արձանագրվել նաև անպտղության նվազման առումով՝ երկրորդային անպտղության ցուցանիշի նվազման հաշվին, որի հիմնական պատճառը Հայաստանում հղիության արհեստական ընդհատումներն են։ Առողջապահության նախարարի տեղակալի խոսքով՝ օրենքով լուծում են ստացել փոխնակ մայրության հետ կապված մի շարք խնդիրներ. «Սահմանափակում է մտցվել, թե մի կինը քանի անգամ կարող է փոխնակ մայր լինել՝ պիտի անպայման երեխա ունենա կամ ծննդաբերած լինի, ամուսնացած պիտի լինի, պիտի լինի ամուսնու համաձայնությունը: Մենք դրանով կանխում ենք սա բիզնեի վերածելու հնարավոր ռիսկերը։ Նաև նշվում է, որ փոխնակ մայրը չի կարող նաև ձվաբջջի դոնոր լինել, փոխնակ երեխան գենետիկական որևէ կապ չպետք է ունենա փոխնակ մոր հետ»։