yerkir.am–ը գրում է․ «50 տարվա վարպետ Տիգրանը բանը մի անգամ է ասում․ երկրորդ անգամ չկրկնելու համար գրել, կպցրել է․ «Այսօր՝ կանխիկ, վաղն՝ ապառիկ»։
«Գալիս, ասում են՝ տուր տանեմ, վաղը փողը կբերեմ․․․ էտի կարդում ա, գնում ա, վաղը գալիս ա, նորից կարդում ա՝ այսօր՝ կանխիկ, վաղն՝ ապառիկ։ Այսինքն, էլի վաղվա համար կանխիկ ա էլի»,-բացատրեց կոշիկ նորոգող վարպետը։
Կրպակային փիլիսոփայությունն այսքանը չէ․ քիչ-քիչ հանգավորվում ու վերածվում է պոեզիայի՝ ձոնված սուպեր սոսինձին՝ թե ինչպես է այն փչացնում կոշիկը և պետք չէ օգտագործել։
Երևանում՝ Կոմիտասի այգու մոտ՝ Կաշեգործների փողոցի տանն է ծնվել ու մինչև հիմա էլ ապրում է Տիգրան Առաքելյանը։ Հին Երևանից հիշում է իրենց խաղերը՝ չլիկ-դաստա, էշ-միլիցա, կրկեսը, որի առջև միշտ հերթ էր, տղերքից ով ճարպիկ էր, արանքներով մտնում, տոմսը թռցնում էր։ Կինո Հայրենիքում այն ժամանակ հնդկական կինոներն էին, Կոմիտասի թանգարանի տեղը Կինո Հոկտեմբերն էր։
«Ճիշտ ա, այգու միջի կինոյում հերթ չէր ըլնում, բայց էլի բավականին մարդ էր ըլնում էլի մեջը։ Դպրոցում ես մի քիչ չար էի, լավ չէի սովորում։ Դե հերս էլ դաստիարակչական ձևը հին հայկական ձևով էր՝ գոտիով․․․ ու հարևանս ասաց՝ տանը գործ եմ անում, կոշիկ եմ կարում, թող գա՝ սովորի։ 8-րդ դասարանում սովորել եմ ու մինչև հիմա աշխատում եմ էլի։ Ամենհաշատը սիրում եմ փողը․․․ մեկ էլ որ հաճախորդը նայում ա՝ ժպտում ա, ուրեմն դուրն եկավ՝ լավ ա»,-ասաց վարպետ Տիգրանը։
Հիմա քաղաքը սիրունացել է, ապրուստը՝ դժվարացել։
«Ամոթ ա էլի, որ էս սնանկ երկրում տենց միլիարդավոր դոլարների շենքեր են սարքում, ինչի՞ համար․․․ դրա համար պատերազմը կրվեցինք, որ դրանք ամեն մեկը մի-մի հատ զենք դնեին մեջտեղ, պատերազմը չէինք կրվի։ Էսօրվա օրով էն Պատրոն Դավո ա, ով ա, չաշխատող զենքը բերել ա․․․ բերել ես ինչի՞, ա՛յ տղա։ Ժամը մեկ լուրերը ասում ա՝ ըհը՛ Պատրոն Դավո, հենց հիմա դրա մասին ա խոսում»,-նկատեց վարպետը։
Հիմիկվա հավատարիմը ռադիոն է։ Երբ պատմեց, որ Փաշինյանի թիմն ինքն իրեն գաղտնի պարգևավճարներ է գրել ու գործուղումներ ձևակերպել անգամ պատերազմի օրերին, վարպետ Տիգրանը մտածեց՝ սխալ է։
«Ես ասել եմ, ասում եմ ու կասեմ՝ թաքուն մենակ սիրուհու մոտ են գնում, ուրիշ ոչ մի բան․․․ Սխալ ա, էտի էսօրվա վիճակով էլ սխալ ա։ Ես դեմ չեմ, որ իրանք լավ փող ստանան, բայց սխալ ա, որովհետև այդքան ղարաբաղցի Հայաստան են եկել, ապրելու ձև չունեն․․․ համեմատենք իրենց արած ու չարածը․ արածը պարգևավճարներն ա, չարածը էդ մարդկանց ոչ մի կոպեկով օգուտ չտալն ա»,-բացատրեց 3-րդ մասում կոշիկ նորոգող Տիգրան Առաքելյանը։
Մտածում է՝ Փաշինյանն ինքնակամ Արցախը չէր տա՝ ամենավատ հայն էլ ըլնի, ըտենց բան չի անի։ Բայց՝ սխալ, սխալի հետևից։
«Ինքնաթիռները բերել են, առանց արկերի․ է՛ երկաթի կտորը բերել եք՝ ի՞նչ անենք։ Փողոցով ման գաս՝ լիքը երկաթ ա։ Բերում էիք՝ արկերն էլ բերեիք»,-տարակուսեց վարպետ Տիգրանը։
Սյունիքի, Վարդենիսի տարածքներն էլ թուրքին հանձնելուն հետևում է՝ մտածում՝ երևի բան չի հասկանում․․․ բայց այդ GPS-ը ինչ-որ կասկածելի է։
«Դե հիմա իրենց հողերը չեն, բայց GPS-ով գալիս, վերցնում են․․․ էն օրը Թաթոյանը վերցրեց՝ իրա GPS-ով ուրիշ ձև էր ցույց տալիս․․․ դրա համար պիտի մի հատ կոնկրետ բան ըլնի, որ մարդիկ գան, դնեն ճիշտ GPS-ը, գծեն ու վերջնական որոշեն՝ գնան, թե չէ տենց յաբախտի բաներ են անում»,-ասաց նա։
Մեր գերիներն այդպես էլ Ադրբեջանում մնացին, թեպետ մենք ինչ կարող էինք ու չէինք կարող՝ տվեցինք ադրբեջանցիներին։
«Էտի թուրքի խասիաթն ա, դրանք սրիկա են, դրանք նենգ մարդիկ են։ Դրանցից ամեն ինչ հավատալի ա, նրանք կարող ա ամեն ինչը ստանան, բայց դրա դիմաց ոչ մի բան չանեն։ Էդ բանը մեզ համար նորություն չի էլի»,-ասաց վարպետը։
Ուրեմն ո՞նց ենք բարեկամություն անելու թուրքի ու ադրբեջանցու հետ։
«Չի լինելու, այդ ճանապարհը, որով գնացքը գնալու ա Ռուսաստան, ասենք, Նախիջևանով, բանով, էդ գնացքները լրիվ ջարդվելու են։ Էսօր ի՞նչ ա կատարվում Վրաստանում, Մառնեուլում՝ հայ վարորդների ավտոների ապակիները լրիվ ջարդած․ ո՞վ ա ջարդում ՝ադրբեջանցին, որը Վրաստանի քաղաքացի ա, դե հիմա պատկերացրեք, որ Ադրբեջանով գնա էդ գնացքը, ինչ կանեն»,-ասաց նա։
Ասում էին՝ Արցախը տանք, որ թուրքերը մեզ հետ բարեկամանան։ Փաստորեն, իզուր տվեցին՝ թուրքը մենակ թուրքի հետ ա բարեկամանում՝ ասաց վարպետ Տիգրանը։
«Էն ժամանակները ապրում էին, չէ՞, ադրբեջանցիների հետ, նույնիսկ բարեկամանում էին, բայց այսօր արդեն էդ բանը չկա, որովհետև նրանց քարոզը լրիվ ուրիշ ձևա գնում, նրանց մանկապարտեզի երեխեն գիտակցում ա, որ հայը իրա համար թշնամի ա։ Դրա համար էլ ինձ թվում ա՝ էս երկու երկրի հարաբերությունները չի դզվի»,-նկատեց վարպետը։
Ադրբեջանն Արցախի մի մասը գրավեց պատերազմով․ վարպետ Տիգրանը գիտակցում է, որ մենք հիմա պատերազմելու հնարավորություն չունենք, բայց մեր հայրենիքը վերադարձնելու հնարը գիտի։
«Օրինակ, եթե ես ըլնեմ, կհավաքեմ գիտնականներին, մի հատ շատ մեծ փոս կփորեմ, որ աշխարհում ոչ մեկ չիմանա դրա մասին, ու կասեմ՝ ընենց զենք արտադրեք, որ ըտենց զենք հլա գոյություն չունի։ Բնաջնջող ա, ինչ ա-ինչ չի, մենք շատ ենք տուժել, արտադրեք․ կարտադրեն, մի հատ ընդեղ, երկու հատ՝ ընդեղ, կգցենք ու վերջ։ Հայերին շատ են կոտորել, ո՞վ ա հիմա հիշում, է՜ մենք էլ կանենք՝ սկզբից մի քիչ կխոսեն, կվեջանա, կգնա»,-ասաց նա։
Լիլիթ Մակունցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան նշանակելուն վարպետ Տիգրանը հստակ վերաբերմունք ունի․ «Էդ ճիշտ չի, Էդ ճիշտ չի, նախ՝ Մակունցը հլա էն աստիճանի զարգացում չունի, որ երկրների հետ հարաբերություններ ստեղծի, Մակունցին դնում են որպես ի՞նչ, ինչ ա թե անգլերեն գիտի՞»։
Տիգրան Առաքելյանի կոշկակարի կրպակն իր կանոնն ունի՝ ոչ մի քաղաքականություն․ ներս մտնողն այդ մասին չպետք է խոսի։ Բացատրությունը հստակ է․ «Որովհետև դրանով էնքան զբաղվողներ կան, ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի․ ես կոշկակար եմ՝ իմ գործով պիտի զբաղվեմ, դուք ժուռնալիստ եք՝ ձեր, է վարչապետն էլ իր գործով․․․ ամեն մարդ իրա գործով որ զբաղվի, էս երկրի վիճակը լավ կլինի»։
Վարպետ Տիգրանի հայրը զոդող էր՝ 500 ռուբլի աշխատավարձ էր ստանում, էդ 500 ռուբլով ապրում էին 6 շունչ։ Ասում է՝ հիմա շատ ավելի են աշխատում, բայց նախկինի պես ապրել չի ստացվում։ Մտրումները՝ պատահական թղթերի վրա, չափածո են ծնվում, ճիշտ է՝ վերջում համը հանում են․ «Ես շատ եմ գրում էլի, ուղղակի իմ սաղ բանաստեղծությունները սկզբից լավ գնում են, վերջում էրոտիկա ա դառնում»։
3-րդ մասում կոշիկ նորոգող վարպետի պոեզիայի հերոսները համասեռամոլներից հասել են մինչև հոսանքը թանկացնող Բիբին։
Վարպետ Տիգրանը համոզված է՝ արտագաղթում են այն մարդիկ, ովքեր Հայաստանը չեն սիրում։ Ասում է՝ իրեն գան խփեն էլ, չի գնա, ինքը գնա որպես ի՞նչ, բա իր երկիրը ո՞վ պահի։
Աննա Բալյան