Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը եւ նաեւ այժմյան սահմանային իրավիճակը Սյունիքում, որքան էլ չուզենք այդ մասին խոստովանել, սակայն բերում են այն եզրակացությանը, որ Հայաստանի անվտանգության համակարգը կարիք ունի թարմացման, կատարելագործման, եթե հարկ է՝ նոր ճարտարապետության։ Սա թերեւս պետք է անի Հայաստանի նոր իշխանությունը, որը կձեւավորվի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում։
Առաջ անցնելով արձանագրենք, որ որոշակիորեն բարեփոխումների կարիք ունի նաեւ այն ռեգիոնալ ռազմաքաղաքական միավորը, ի դեմս ՀԱՊԿ-ի, որին անդամակցում է Հայաստանը եւ որը նույնպես հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի կարեւորագույն բաղադրիչներից մեկը։ Իհարկե, որոշակի նորացման կարիք ունի նաեւ Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական իրավապայմանագրային բազան եւ դրանից բխող մյուս բաղադրիչները։ Սա ունի մի շարք պատճառներ։ Բանն այն է, որ գոնե սկսած 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներից հայ-ռուսական հարաբերություններում ի հայտ եկած որոշակի խնդիրները եւ վստահության նկատելի դեֆիցիտը ինչ որ առումով արձագանքվել է նաեւ անվտանգության համակարգի ընդհանուր ստրուկտուրայի վրա։ Հիմա անհրաժեշտ է պարզապես հաղթահարել եղած խնդիրները եւ ավելի սերտացված կամ ինտեգրված հարաբերություններ մշակել Երեւան-Մոսկվա ուղղությամբ։
Բացի այդ, կա նաեւ ժամանակի խնդիրը։ Այսօրվա իրականությունը, ռեգիոնալ-քաղաքական կամ աշխարհաքաղաքական իրողությունները նոր մարտահրավերներ են հետսովետական տարածքի համար եւ պատահական չէ, որ եւ այժմյան Սյունիքի դեպքերը եւ Ղրղզստան-Տաջիկստան սահմանային դեպքերը ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը որոշակիորեն ունի խնդիրներ եւ կարիք կա այն համապատասխանեցնելու այսօրվա պահանջներին։ Եվ պատահական չէ, որ նաեւ Ղրղզստանում են արդեն այս առումով որոշակիորեն դժգոհության նոտաներ նկատվում ՀԱՊԿ-ի հանդեպ։
Վաղվա բանակցությունները Սյունիքի եւ Վարդենիսի սահմանային իրադրությունների առնչությամբ, այս համատեքստում կարեւոր են, քանի որ արդյունքները կարող են ոչ հայանպաստության պարագայում, նույնպիսի դժգոհություններ առաջացնել նաեւ Հայաստանում։