Մայիսի 28-ի խորհուրդը
Advertisement 1000 x 90

Մայիսի 28-ի խորհուրդը

Պատանի տարիներից մայիսի 28-ը եղել է իմ ամենասիրելի, հետագայում, միակ ընդունելի տոնը։ Արդեն ուսանողական տարիներին այս օրը այցելում էինք Արամ Մանուկյանի գերեզմանին, երեկոյան ընկերներով հավաքվում, երազում անկախ Հայաստանի մասին ու հուզված երգում «Մեր հայրենիքը»։Եվ Հայաստանի իրական անկախության օրը հենց մայիսի 28-ն է, այլ ոչ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի օրը։ Եթե չլիներ մայիսի 28-ը, չէր լինի նաև Խորհրդային Հայաստանը, ինչպես նաև 1991թ․ դեկտեմբերի 8-ի Բելովեժյան համաձայնագրով ԽՍՀՄ փլուզման արդյունքում Խորհրդային Հայաստանի անկախացումը։ Նորից եմ կրկնում, որ մայիսի 28-ը իմ միակ ընդունելի տոնն էր։ Սակայն, արդյո՞ք այն դարձավ ընդունելի տոն և խորհուրդ ողջ Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Կասկածում եմ։ Եթե իսկապես այն դարձած լիներ գաղափարախոսություն, նպատակ, ապա մենք ողջ ազգով չէինք հանդուրժի ոչ միայն Արցախի կորուստը, այլև Հայաստանի հանրապետության տարածքների կորուստը։ Իսկ որ հանդուրժում ենք, ավելին, շատ գործիչներ այս բոլորն արդարացնում են՝ փաստ է։ Այո, եթե չհանդուրժեինք, այս ամենի պատասխանատում մեկ ժամ անգամ չէր մնա իշխանության։ Որքան էլ տարբեր ուժեր, խմբեր, գործիչներ բոռան «ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի», այդ կարգախոսների ետևում ոչ մի հավատամք չկա, այլ միայն բառեր,բառեր, բառեր․․․Ունենալով անկախ պետություն մենք այս երեսուն տարիների ընթացքում, չգնահատեցինք դրա արժեքը, այլ մեր միակ գաղափարախոսությունը եղավ «լավ ապրելու» մոլուցքը ։Այսօր իմ ամենասիրելի տոնը մթագնած է, բոլորովին տրամադրություն չկա այն նշելու, ուրախանալու։ Ի՞նչ ուրախություն, եթե աչքիդ առաջ կործանվում է պետությունը, իսկ ժողոովրդի ստվար հատված անտարբեր զբաղվում է իր առօրյայով, իսկ պաշտոնակատար կոչեցյալն աղաչում միջազգային հանրությանը գալ և փրկել․․․իր իշխանությունը։

Զարմանալի է, թե ինչպես է կարողացել Արամ Մանուկյանը դեմ գնալ այս ժողովրդի «կամքին», կազմակերպել և հաղթանակել Սարդարապատը և ի հեճուկս հայ ժողովրդի, նրան նվիրել անկախ Հայաստան։

Հ․Գ․ Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացա, որ Արցախի և Հայաստանի հնարավոր կործանման պատասխանատու պաշտոնակատար կոչեցյալը, այցելելով՝ պղծել և անարգել է Սարդարապատի հերոսների հուշարձանը։

Ավետիք Իշխանյան

hraparak.am