Ես չեմ ընդունում ինքնամոռաց քաղաքականությամբ զբաղվողներին
Advertisement 1000 x 90

Ես չեմ ընդունում ինքնամոռաց քաղաքականությամբ զբաղվողներին

«Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանին ներկայացնելու կարիք թերևս չկա։ Բոլորն էլ նրան ճանաչում են։ Սակայն ճանաչում են հիմնականում քաղաքականության տեսանկյունից։ Մինչդեռ պրն Գեղամյանը քաղաքականությունից ոչ քիչ հետաքրքրվում է կյանքի գրեթե բոլոր բնագավառներով։ Եվ այդ ամենի հետ մեկտեղ, կարողանում է ժամանակ գտնել Արտաշես Գեղամյան կրտսերի՝ իր թոռնիկի համար։ Մինչ հարցազրույցը սկսելը, պրն Գեղամյանի հետ ընտրում էինք այն նկարները, որոնք պետք է ներկայացնեինք ամսագրի էջերում։ Եվ բոլորին նա հիշում էր ամենայն մանրամասնությամբ՝ անուն-ազգանունով, աշխատանքով, նրա հետ տեղի ունեցած հետաքրքիր միջադեպերով և այլն։

 

– Պրն Գեղամյան, դուք շփումների մեծ շրջանակ ունեք։ Ինչպե՞ս է ձեզ հաջողվում բոլորին անուն առ անուն հիշել։

– Յուրաքանչյուր լուսանկարի հետ հետաքրքիր մի պատմություն կա, ինչպե՞ս կարելի է մոռանալ հանդիպումներն այնպիսի մեծագույն մարդկանց հետ, ինչպիսիք են Սիլվա Կապուտիկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Էդուարդ Իսաբեկյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Երևանի ամենասիրված տղաներից՝ Ֆելիքս Դանիելյանը… Նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում լեգենդ էր։ Ինչպե՞ս կարելի է կյանքի ամենավառ էջերը մոռանալ։

– Հետաքրքիրն այն է, որ ձեր նշած՝ Երևանի հարգված ու սիրված տղաները՝ օրինակ՝ Սիրուն Ֆելոն, ձեր լուսանկարներում արվեստի, գրականության մարդկանց հետ են։ Այսօր դժվար է պատկերացնել թաղային որևէ հեղինակության՝ մտավորական, արվեստի մարդու հետ շփման մեջ։ Անգամ անունները չգիտեն։

– Անհատականությունները՝ անկախ նրանից, թե որը որ բնագավառում է դրսևորվել, ի վերուստ հանդիպում են։ Եվ նրանց միավորում է առաջնորդի՝ ի վերուստ տրված գենը։ Յուրաքանչյուրն իր բնագավառում մեծագույն հեղինակություն է եղել. Սիլվա Կապուտիկյանը՝ պոեզիայում, Ռուդոլֆ Խաչատրյանը՝ գրաֆիկայում։ Երևանի տղաներից, օրինակ, Ֆելիքս Դանիելյանը (Սիրուն Ֆելոն) կամ Նորիկ Թադևոսյանը (Դըքի Նորոն) մեծ հարգանք էին վայելում։ Նրանք էլ իրենց հերթին զգաստանում էին, երբ տեսնում էին Սիլվա Կապուտիկյան, Էդուարդ Իսաբեկյան մեծություններին։ Կամ Ֆրունզիկ Մկրտչյանը. պետք էր տեսնել, թե նա ինչպիսի գուրգուրանքով էր վերաբերվում իրենից 2-3 տարի մեծ արվեստագետին, որին իր տաղանդով ամենևին չէր զիջում։ Հարգանք կար ավագների նկատմամբ։ Արժեհամակարգը այլ էր։

– Իսկ ի՞նչը փոխվեց։ Անհատականություննե՞րն են քչացել, մտածելակե՞րպն է փոխվել, թե՞…

– Ժամանակը թողնում է իր դրոշմը։ Ցավոք սրտի, հատկապես փոքր ազգերին գլոբալացում ասված գործընթացների ժամանակ խիստ վտանգներ են հետապնդում, կարող է կտրվես քո ազգային արժեքներից։ Հիմա օտարացում կա մարդկանց մեջ։ Իմ հայրական տունը, որտեղ անցկացրել եմ մանկությունս, մի մեծ շենք էր՝ կինո «Նաիրիի» դիմաց։ Այդ շենքի բոլոր բնակիչները կարծես մի ընտանիք լինեին։ Եթե կողքի մուտքում կար հիվանդ, որին հանգիստ էր պետք, երեխաները բղավոցով ֆուտբոլ կամ հավալա չէին խաղում, կամ հեռավորության վրա էին խաղում, որ չանհանգստացնեին։ Դա ընդունված էր, չէր էլ քննարկվում։ Պարկեշտությունը գալիս էր մեր ծնողներից, նրանցն էլ՝ իրենց ծնողներից. այն ժամանակվա հայերին բնորոշ է եղել մի ընտանիք, մի բռունցք դառնալու ներքին պահանջը։ Որովհետև նրանք թշնամական միջավայրում են եղել՝ չորս կողմից շրջապատված են եղել թուրքերով։

– Բայց հիմա կարծեք ավելի շրջապատված ենք թշնամիներով։

– Այո, բայց այդ վտանգը մենք չենք զգում, որովհետև անցած տարիների ընթացքում մեր այդ ինքնապաշտպանական բնազդը կարծես թե տրոհվել է։ Մի կողմից՝ դա լավ է, որովհետև ինքնապաշտպանության բնազդը կամա թե ակամա քեզ կապանքների մեջ է դնում։ Հիմա մենք այդ կապանքներից ազատվել ենք, բայց նորին դիմակայելու ընդունակ վարքագծի դրսևորում մեր մեջ դեռ չենք կերտել։ Նաև պայմանավորում եմ նրանով, որ հիմա իմացության, գիրք կարդալու գերիշխանություն չկա։ Մենք այն ժամանակ մրցում էինք, թե մեզնից ո՞վ է ավելի շատ գիրք կարդացել։ Հանգամանքների բերումով այնպես ստացվեց, որ իմ լավ ընկերներից մեկը՝ Իոսիֆ Հարությունյանը, մի քանի տարի բանտում անցկացրեց։ Մեր ընդհանուր ընկերոջը դանակահարում էին, ինքը կարողացավ վնասազերծել և այդ նույն դանակով հարվածել հարձակվողին։ Երեքուկես տարի նստելուց հետո երբ դուրս եկավ բանտից, պատմում էր ոչ թե գաղութի առօրյայից, բարքերից, այլ ասում էր՝ գաղութի գրադարանի բոլոր գրքերը հասցրել եմ կարդալ։ Երբ տեսակցության էինք գնում՝ հարցնում էր՝ ի՞նչ նոր հետաքրքիր գիրք կա։ Դուք հիմա պատկերացրեք, որ մի սափրագլուխ, կանխամտածված հանցագործություն կատարելով (ոչ թե հանգամանքների բերումով), հայտնվի բանտում և իրեն այցելողներին ասի՝ ինձ բերեք Կաֆկայի աշխատությունները։ Հիմա պարծենում են նրանով, թե ում մեքենան է ավելի շքեղ, ով կարող է անօրինական գործողություններ կատարել ու անպատիժ մնալ, և այլն։

– Պրն Գեղամյան, մեկ անգամ էլ վերադառնամ ձեր հիշողության հետ կապված հարցին։ Հարցազրույցների ժամանակ դուք միշտ մեջբերումներ եք անում տարբեր հեղինակներից։ Ընդ որում, այդ մեջբերումներն այնքան տեղը տեղին են լինում ու ճշգրիտ, որ երբեմն տպավորություն է առաջանում, թե նախապես գիտեիք՝ ինչ հարց են ձեզ տալու։ Ինչպե՞ս է ձեզ հաջողվում այդ ամենը հիշել։

– Հիմա դուք իմ պատասխաններից գո՞հ եք։

– Իհարկե։

– Ես նախապես չգիտեի, թե դուք ինձ ինչ հարցեր եք տալու, այնպես չէ՞։ Մենք միայն պայմանավորվել ենք, որ քաղաքականության մասին հարցեր չեն լինելու։ Ուղեղն, այսպես ասած, «ընտրանքային ունակություն» ունի։ Երբ գրականություն ես կարդում, այն, ինչ կարևոր է, մնում է քո հիշողության համապատասխան անկյունում։ Հետագայում, երբ քեզ հարց են տալիս, ակամայից հիշում ես, որ այս կամ այն քաղաքական գործիչը, գրողը կամ բանաստեղծը նման հարցադրման առաջ արդեն կանգնած է եղել։ Եվ եթե իսկույն ևեթ դու ինքդ քո պատասխանը չես գտնում, կամա թե ակամա մեջբերում ես ինչ-որ մեկի խոսքը, որը դարեր է կարողացել ապրել և չի կորցրել իր արդիականությունը։ Իսկ բանալին ոչ թե իմ հիշողության ֆենոմենի մեջ է (չնայած, փառք Աստծո, բավական լավ հիշողություն ունեմ), այլ շատ ավելի պարզ է։ Համաշխարհային ողջ գրականության, փիլիսոփայության հենքն իր արմատներով գալիս է հին հունական փիլիսոփաներից։ Աշխարհի մեծամասնությունը հոգևոր սնունդ է առնում այդ մեծերից՝ Սոկրատես, Դիոգենես, Արիստոտել և այլն։ Միգուցե բացատրությունը դրանում է։ Եվ բացի այդ, ինձ մոտ ժառանգական է՝ ավելի շատ մորիցս եմ ժառանգել, որ փորձում եմ համակարգված մտածել։ Մայրս մաթեմատիկոս է, և ինչքան էլ զարմանալի է՝ իմ ամենասիրած առարկան մաթեմատիկան է եղել և ոչ՝ աշխարհաքաղաքականությունը, որի մեջ հիմա եմ խորանում։

– Պրն Գեղամյան, դուք ավարտել եք Պոլիտեխնիկական ինստիտուտը։ Օրինաչափության պես ինչ-որ բան է ստացվում, մեր քաղաքական դաշտում ներկայացված անձանց մեծ մասը Պոլիտեխնիկի շրջանավարտներ են։ Ինչո՞վ դա կբացատրեք։

– Հավանաբար, այդ բուհն այն եզակի բուհերից էր, որը կարողանում էր մարդու մոտ արթնացնել ռացիոնալ, պրագմատիկ մտածողություն։ Եվ եթե այդ պրագմատիկ մտածողությամբ կարողանում ես համակարգված մոտեցում ցուցաբերել տեխնիկական խնդիրների նկատմամբ և, դրա հետ մեկտեղ, սեր ունես հումանիտար գիտությունների հանդեպ՝ պատմություն, աշխարհաքաղաքականություն և այլն, քո այդ մտածողությունը երբ տեղափոխում ես քաղաքականության ոլորտ, դառնում է այն, ինչ այսօր շատ մոդայիկ է հնչում՝ «real politics»։

– Դուք նշեցիք, որ գերազանցությամբ ավարտել եք Պոլիտեխնիկական ինստիտուտը, ձեր կարդացածությանը և տեղեկացվածությանը ոչ ոք չի կասկածում։ Միևնույն ժամանակ, ասում են, որ շատ բուռն, աշխույժ երիտասարդություն եք ունեցել՝ կռիվներ և այլն։ Անգամ ձեր միտինգներից մեկի ժամանակ, երբ միջադեպ եղավ, և մեկին հարվածել էին, ասացիք՝ թեթև տարեք, ուզո՞ւմ եք վերնաշապիկս հանեմ, վրայիս սպիները տեսնեք։

– (Ծիծաղում է. – Բ.Թ.) Երբ տեսնում ես, որ ուզում են բռունցքի ուժով իրենց ճշմարտությունն ապացուցել, հիշում ես քո «հերոսական» անցյալը։ Չգիտեմ, թե ընթերցողն ինչպես կընկալի, բայց ասեմ, որ թիկունքիս մասում քերծվածք անգամ չունեմ։ Բայց, ցավոք սրտի, ստացվել է այնպես, որ մոտիկներս ասում են՝ ամոթ է, որ դու լողափում առանց վերնազգեստի լինես, տարօրինակ տպավորություն կարող ես թողնել։ Հանգամանքների բերումով 1970թ. մայիսի 9-ին ես դանակահարվեցի։ Վիրահատական սեղանին պառկած էի, և 3 ժամ շարունակ ոչ մի վիրաբույժ չէր մոտենում։ Վախենում էին, որ սեղանի վրա կմնամ։ Միայն արյուն էին ներարկում, որովհետև արյունը լցվում էր օրգանիզմիս մեջ, և ճնշումս ընկնում էր։ Վիրահատական բաժանմունքի վարիչը ղարաբաղցի մարդ էր՝ Շաքարյան Աբրահամ Արտաշեսովիչ։ Գնացին և ամառանոցից բերեցին նրան. Հաղթանակի օրն էր, և նա հանգստանում էր։ Գիտակցությունս տեղն էր, և նա հարցրեց՝ տղա՛ ջան, անունդ ի՞նչ է։ Ասացի՝ Արտաշես։ Ասաց՝ ես, լինելով բժիշկ, հորս չկարողացա փրկել, բայց քեզ կփրկեմ։ Եվ այդ մարդը փրկեց ինձ։ Մի լավ ֆիլմ կա՝ «Թռչում են կռունկները»՝ Բատալովի մասնակցությամբ։ Այնտեղ, երբ իրեն շատ ծանր վիրավորում են, նա հիշում է իր ամբողջ ապրած կյանքը։ Ես էլ այդ պահին հիշում էի ամեն ինչը։ Թվում էր, դրանից հետո պետք է ավելի հանգիստ լինեի, բայց ճիշտ հակառակը տեղի ունեցավ։ Ես մտածեցի՝ եթե Աստված ինձ փրկեց, նշանակում է՝ Ինքն ուզում է, որ իմ տեսակը դեռ ապրի, իր խոսքն ասի, ճանապարհ անցնի։ Բնականաբար, այս տարիքիս արդեն չի էլ ստացվի բռնցքամարտով զբաղվել…

– Բայց երբեմն մեր Ազգային ժողովում գործը դրան էլ է հասնում, այսինքն՝ դա էլ չէր խանգարի։

– Գիտեք, շատ հաճախ ծիծաղ է առաջացնում՝ վրդովմունքի հետ միասին, երբ փորձում են իրենց խրոխտ ու «կռիվ անող» ցույց տալ այն մարդիկ, ովքեր չկային այն ժամանակվա Երևանում, երբ կարելի էր իրապես տղամարդկայի՛ն հատկանիշներով աչքի ընկնել՝ համարձակությամբ, ուժով, կամքով, «դուխով»։ Ոչ մեկս չենք տեսել իրենց։ Երևանի բոլոր կռիվ անող տղերքն իրար ճանաչում էին։ Ու լավ էլ հարգում էին միմյանց, որովհետև քինախնդրություն չկար։ Եթե խելքդ չէր կտրում ճշմարտությունդ ապացուցել, փորձում էիր բռունցքներով ապացուցել, և դրանով ամեն ինչ վերջանում էր։ Մյուս օրը դառնում էիր այդ մարդու լավ բարեկամը։

– Երևի պատճառներից մեկն է այն էր, որ փո՞ղ չկար մեջտեղը…

– Բացարձակապես փողի մասին խոսք չկար։ Մեր երիտասարդ տարիների բոլոր կռիվները ազնվության, ասպետության կռիվներ են եղել։ Նենգություն երբեք չի եղել։ Այն ժամանակ, ցավոք սրտի, ամեն թաղամաս ուներ իր «գվարդիաները», խմբավորումները։ Բայց մարդիկ փոխադարձ հարգանք ունեին։ Երբ մի քանի հոգով մեկի վրա հարձակվում էին, և նա տղամարդավարի էր պահում իրեն, կռիվն իսկույն դադարում էր, և այդ մարդուն՝ որպես անհատ, ընդունում էին՝ միաժամանակ ասելով՝ քեզ խելոք պահի, կպատժենք։ Բայց գնահատում էին դիմացինի կամային հատկությունները, տղամարդկությունը։ Մինչև օրս էլ այդ հարաբերությունները, այդ «հիերարխիա» կոչվածը պահպանվել է։ Երևանի ամենասիրված, ամենահարգված մարդկանցից մեկը՝ Վարդգես Վարդանյանը (Կոմայգու Վարդգեսը), ով հիանալի հայ է, ինձ համար էլի ավագ է, որովհետև ես գիտեմ՝ Վարդգեսն ով է։ Նա եղել է իր սերնդի, իր տարիքի տղաների մեջ ամենահամարձակներից մեկը, ով և ոչ մի անգամ ոչ մի ստոր արարք իրեն թույլ չի տվել։ Տասնյակ, հարյուրավոր երիտասարդների պաշտպանել է, օգնել է, որ զերծ մնան հաշիշամոլությունից, ղումարբազությունից և այլ արատավոր երևույթներից։ Այդ մարդիկ եղել են երևանյան փողոցների ասպետները։
Մի անգամ էլ սաստիկ կռիվ տեղի ունեցավ կինո «Նաիրիի» մոտ՝ այն աստիճանի, որ երթևեկությունը երկու կողմից կանգնել էր։ Հավեսով իրար ծեծում էինք…

– Այդ ժամանակ քանի՞ տարեկան էիք։

– 19 տարեկան։ Վոլոդյա Աբաջյանը (նա մեր դիմացի շենքում էր ապրում) փորձեց բաժանել, բայց չստացվեց։ Ճիշտ է, հարգում էինք նրան, բայց կռվի թունդ ժամանակն էր։ Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ արեց… Անցավ Չարենց արտասանելուն՝ «Ամբոխները խելագարված»։ Ծիծաղում եք, բայց կռիվը դադարեց։ Կարծես սթափվեցինք։ Նա յուրաքանչյուրիս մեջ գտավ այն մաքուրը, որը կար։
Մեր թաղում էր ապրում նաև Հրաչյա Ներսիսյանը։ Այնտեղ սովորաբար խմբված տղաներ էին լինում։ Երբ նա դուրս էր գալիս փողոց, և այդ տղաները պարզապես բարձր խոսելիս էին լինում, քար լռություն էր տիրում։ Պատկառանք կար մեր մեծերի նկատմամբ։ Մի բան էլ պատմեմ. երեխա ժամանակ տուն դժվար էի գնում՝ դե, խաղեր էինք խաղում և այլն։ Հայրս լավ ընկեր ուներ՝ հայ մեծագույն մտավորական Հրանտ Մարտինի Մարտիրոսյանը։ Նրա կինը պատշգամբից կանչում էր, ասում էր՝ արի, Հրանտ Մարտինիչը քեզ ասելու բան ունի։ 7-8 տարեկան էի, գնում էի, ինքը հիանալի դրոշմանիշների հավաքածու ուներ և ժամերով համբերատար ինձ բացատրում էր, թե ո՛ր դրոշմանիշը անգլիական ո՛ր գաղութինն է։ Արդյունքում՝ ես փայլուն աշխարհագրություն իմացա։ Երբ հոգնում էի, նա նստում էր դաշնամուրի առաջ և Շոպեն էր նվագում։ Ես կարող էի ժամերով լսել, հետո գալիս էի տուն և ծնողներիս խնդրում էի, որ Շոպենի ձայնասկավառակ գնեն։ Այսինքն, այն ժամանակվա միջավայրը ուրիշ էր։ Այդ միջավայրը պարտադրում էր, որ եթե ինչ-որ հավակնություններ ունես, ապավինես ոչ միայն բռունցքներիդ ու համարձակությանդ, այլ նաև գիտելիքներիդ և իմացությանդ։

– Լուսանկարների մեջ երևում է, որ մտերիմ հարաբերություններ եք ունեցել արվեստի ու մշակույթի շատ գործիչների հետ։

– Այն, որ ես, օրինակ, գեղանկարիչների հետ մտերմություն եմ անում, պայմանավորված է նաև նրանով, որ հավանաբար կարող եմ մասնագիտորեն նրանց հետ խոսել Միքելանջելոյի, Լեոնարդոյի, Ռաֆայելի, Գոյայի, իմպրեսիոնիստների, պոստիմպրեսիոնիստների մասին։ Իրենց համար էլ դա հետաքրքիր է, որովհետև իրենք որպես մասնագետ են մոտենում, իսկ ես՝ որպես մարդ, որը սիրում է կերպարվեստը։ Սիլվա Կապուտիկյանի հետ այնքա՜ն զրույցներ են եղել գրականության մասին։ Իմ որոշ մեկնաբանություններ իր մոտ և՛ ծիծաղ են առաջացրել, և՛ գոհունակություն։ Ասում էր՝ այսքան ժամանակ քննարկել ենք, բայց այդ տեսանկյունից երբեք չենք մոտեցել։ Մարդ պետք է հետաքրքրություններ ունենա և գիտելիքներ։
Օրինակ, ես 4 տարիների ընթացքում 21 ելույթ եմ ունեցել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում։ 21 ելույթներս էլ շատ ծանր են եղել թուրք, ազերի պատվիրակների համար։ Բայց ելույթներիցս և ոչ մեկը հակահարված չի ստացել, որովհետև ճշմարտությունն եմ ասել, և այդ ճշմարտությունը խարսխված է եղել մեծագույն ճանաչում ունեցող քաղաքական գործիչների կամ արվեստագետների ասածների ու վերլուծությունների վրա։

– Պրն Գեղամյան, այդքան հետաքրքրությունների մեջ ինչո՞ւ հենց քաղաքականությունն ընտրեցիք։ Ե՞րբ որոշում կայացրիք զբաղվել քաղաքականությամբ, ինչպե՞ս դա ստացվեց։

– Ասեմ, որ ուսանողական տարիներին երբեք քաղաքականության հանդեպ սեր չեմ ունեցել։ Հակառակը։ Դիպլոմային աշխատանքս գերազանց պաշտպանեցի։ Այնտեղ գիտական տարրի տեսակարար կշիռն այնքան էր, որ պետական հանձնաժողովը ինձ երաշխավորեց ասպիրանտուրա ընդունվել։ Ընդունվեցի և դարձա երջանկահիշատակ Էդուարդ Հովհաննիսյանի ասպիրանտը։ Պետք է մեկնեի Կապան, սակայն հանգամանքների բերումով Էդ. Հովհաննիսյանը մնաց Ֆրանսիայում և այնտեղից գնաց Գերմանիա։ Եվ այդ ժամանակ մեր ֆակուլտետի դեկանն ու քաղբյուրոյի քարտուղարն ասացին՝ ուսանողությունը քո նկատմամբ հարգանքով է տրամադրված, դարձիր կոմսոմոլի քարտուղար։ Ասացի՝ ե՜ս ուր, կոմսոմոլի քարտուղա՜րն ուր, իմ պրոֆիլը լրիվ ուրիշ է։ Ասացին՝ ինչ է, վախենում ես չստացվի՞։

– Թասիբի՞ էին գցում։

– Այդպես է ստացվում։ Մտածեցի՝ ի՞նչը պիտի չստացվեր. տղաներ էին, ճիշտ բան ասեիր, քեզ կլսեին ու կհարգեին։ Ասեցին՝ չէ, դու այդքան էլ հեշտ մի պատկերացրու… Մի խոսքով, ընտրվեցի ֆակուլտետի կոմսոմոլի քարտուղար։ Դա նշանակում էր, որ ֆակուլտետը պետք է առաջինը լիներ բոլոր հնարավոր ցուցանիշներով։ Այդ ժամանակ աքիլեսյան գարշապարը ուսանողական հանրակացարաններն էին։ Կային տղաների խմբավորումներ, որոնք թոշակի օրը գալիս և ուսանողներից խլում էին թոշակը։ Ոչ ոք դրա դեմը չէր կարողանում առնել։ Պարագլուխներից մեկն էլ Նոխուզյան Անդրանիկն էր՝ Պարտիզան Անդո էին ասում։ Տղաներով գնացինք, բավականաչափ բարդ բռնցքամարտից հետո, այնուամենայնիվ, հաղթող դուրս եկանք։ Հետո Անդոյին հրավիրեցի ֆակուլտետ, ասացի՝ դու ձեր թաղում ծեծ ես կերել, և որպեսզի դա չդառնա ավանդույթ, արի այնպես անենք, որ էլի դու ես այդ թաղամասը «նայողը», բայց՝ կոմսոմոլի բյուրոյի կողմից երաշխավորված։ Եվ Անդոն, եթե առաջ խլում էր, դարձավ ուսանողների պաշտպանը։ Իր օգուտն էլ այն էր, որ իրեն արդեն մոտենում էին ոչ թե որպես հանցավոր տարրի, այլ լիազորված մարդու, որը կարգուկանոն է պահպանում։

Դրանից հետո՝ 1972թ., երբ 22 տարեկան էի, որոշեցին ինձ ուղարկել Կարելիայի Ինքնավար Հանրապետություն՝ ղեկավարելու շինջոկատները։ Հանրապետական շտաբի ղեկավար Կարեն Պողոսյանն ասաց՝ գլուխ կհանե՞ս։ Ասացի՝ կփորձեմ։ Դժվարությունն այն էր, որ Մոսկվայի և Լենինգրադի հանցագործ տարրերին ուղարկել էին Կարելիա՝ ծառահատումների։ Հիմա մի կողմից՝ այդ հանցագործ տարրն էր՝ Մոսկվայի և Լենինգրադի «բլատնոյները», անբարո կանայք և այլն, այստեղ էլ՝ 19-20 տարեկան տաքարյուն հայ տղերք։ Գնացինք, ու Կարելիայում անցկացված այդ 2,5 ամիսների ընթացքում ես հասկացա, թե ինչ է նշանակում մեծագույն պատասխանատվություն. 2-3 ժամից ավելի չէինք քնում։ 660 հոգի էինք՝ 14 ջոկատ։

– Եվ բոլորի ղեկավարը դո՞ւք էիք։

– Այո։ Ջոկատներն ունեին իրենց հրամանատարները, բայց բոլորը ենթարկվում էին կենտրոնական շտաբին, որի հրամանատարը ես էի։ 660 հոգու գլխից մի մազ անգամ չընկավ։ Միայն շինարարական տրավմայի մի դեպք եղավ. մեկը երկրորդ հարկից ընկել էր։ Այն էլ ո՞վ՝ ջոկատի հրամանատարը, որը Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի դասախոս էր՝ անվտանգության տեխնիկայի գծով։ Եվ երբ 660 հոգին առոք-փառոք ետ եկան, ես պարգևատրվեցի հանրապետական ամենաբարձր պարգևով՝ Հայաստանի Գերագույն խորհրդի պատվոգրով։ 22 տարեկանին այդպիսի պատվոգիր չէին տալիս, և դա միանշանակ չընդունվեց։ Վեճերը հասել էին մինչև Կենտկոմի բյուրո։ Հետո պարզվեց, որ Կարելիայի մարզկոմի երկրորդ քարտուղարը շնորհակալական նամակ էր ուղարկել մեր Կենտկոմի երկրորդ քարտուղարին։ Նշել էր, որ Հայաստանի ջոկատը փայլեց իր կարգապահությամբ, և շատ ջերմ խոսքեր էր ասել նաև իմ հասցեին։ Ես չգիտեի էլ այդ մասին։ Եվ այդտեղ գիտակցությանս մեջ կարծես բեկում եղավ. երբ դու ղեկավար լինելու մասշտաբ ես տեսնում, և դա քեզ մոտ ստացվում է, անկախ քեզնից ներքաշվում ես այդ գործընթացների մեջ։ 1972 թվականը բեկումնային եղավ, ես հասարակական աշխատանքի, ինքնադրսևորման ներքին պահանջ զգացի։ Եթե առաջ լիդերությունը փողոցում էիր հաստատում կամ կիրթ շրջապատում՝ գիտելիքներով, դրա մասշտաբները, միևնույն է, փոքր էին։ Ես ավելի ընդարձակ ասպարեզ էի փնտրում, իսկ ամենաընդարձակ ասպարեզն այդ ժամանակ կոմերիտմիությունն էր։ Հետո մտա կուսակցություն և այլն…

– Եթե կոմսոմոլի հետ կապված այդ ճակատագրական պահը չլիներ, դուք գիտության մե՞ջ կլինեիք։

– Այո, որովհետև ես գիտության նկատմամբ սեր ունեի, և այդ սերն իմ մեջ սերմանել էր Չեխովի անվան դպրոցի մեր մաթեմատիկայի ուսուցիչը՝ Արշավիր Նուրիջանյանը։ Նա իր բոլոր աշակերտներին սովորեցնում էր մտածել։

– Իսկ քաղաքականությունն ընդհանրապես ձեզ ժամանակ թողնո՞ւմ է ընտանիքի և, մանավանդ, թոռնիկի՝ փոքրիկ Արտաշես Գեղամյանի հետ շփվելու համար։

– Այսօր առավոտյան 5։20-ին ես երկրորդ անգամ եմ պապիկ դարձել, երկրորդ թոռս է ծնվել (հարցազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին, հենց այդ օրն էլ ծնվել է պրն Գեղամյանի թոռնուհին՝ Մարիան.- Բ.Թ.)։ Ես դեռ մեր աշխատողներին էլ չեմ ասել, դե, ժամանակից շուտ չսկսենք նշել, աշխատանքի մեջ ենք (ծիծաղում է.– Բ.Թ.)։ Ես չեմ ընդունում ինքնամոռաց քաղաքականությամբ զբաղվողներին։ Նրանք ժամանակի ընթացքում հասարակության համար կարող են վտանգավոր դառնալ, եթե իրենց խորթ է ներքին խորը պահանջը՝ սիրելու թոռներին, զավակներին, ծնողներին։ Քո թոռան «ղադրը» որ չիմացար, ուրիշի թոռան «ղադրը» չես կարող իմանալ։ Եթե քո թոռան ամեն փռշտոցից հետո չես ասում՝ վայ, հո չի՞ մրսել, ուրիշի թոռան փռշտոցը քեզ համար բացարձակապես ոչ մի նշանակություն չի ունենա։ Ընտանիքն այն սրբացնող ինստիտուտն է, որի քաղցրությունը և գինը եթե քեզ համար չպարզես, պետք է քեզ քաղաքականությունից զերծ պահես։ Չարացած քաղաքական գործիչը երկրին բարիք բերել չի կարող։

– Իսկ ձեր կինը, որդիներն ինչո՞վ են զբաղվում։ Եվ որևէ կերպ արդյոք ազդե՞լ եք նրանց վրա՝ մասնագիտություն ընտրելու հարցում։

– Ավագ որդիս իրավաբանական կրթություն է ստացել, ավարտել է ԵՊՀ-ն, խորացած է սահմանադրական իրավունքի հարցերում։ Կրտսերս միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է ավարտել։ Բանակից զորացրվելուց հետո մեկնեց Լոնդոն՝ «Մետրոպոլիտեն» համալսարանում ստացավ միջազգային բիզնեսի մագիստրոսի կոչում։ Հիմա զբաղվում է իր մասնագիտությամբ, Սոֆիայում է։ Կինս դասավանդում է Երևանի Ճարտարագիտական համալսարանի Էկոնոմիկայի դեպարտամենտում։ Դե, այսօրվանից էլ արդեն երկու թոռնիկ ունեմ՝ Մարիան և Արտաշես Մամիկոնի Գեղամյան կրտսերը, որ կյանքս ուտում է…

– Ինչո՞ւ։

– Չարաճճի է։ Ես հիմա եմ զգում՝ ինչքան անհանգստություն եմ պատճառել ծնողներիս։

– Այսինքն, ձեզ է քաշել։

– Այո։ Նման էլ է, ասում են։ Իսկ ինչ վերաբերում է ազդելուն, ապա երեխաների վրա ազդեցություն է թողնում ծնողների վարքն ու բարքը, ամենօրյա կենցաղային դրսևորումները։ Երբեմն, երբ հին ընկերներով հավաքվում ենք ու պատմում մեր երիտասարդական տարիների արկածները, տղաներս ասում են՝ յա, պապա՞, բա էլ մեզ վրա ինչո՞ւ ես խոսում… Բայց, դրա հետ մեկտեղ, երբ իրենք տեսնում են, որ ամենատարբեր հանդիպումների ժամանակ ես երբեք գետնով չեմ տալիս մեր ազգի պատիվը, գեղանկարչի հետ կարող եմ խոսել գեղանկարչության մասին, գրականագետի հետ՝ գրականության և այլն, երբ տեսնում են, որ ձգտում ես կատարելության, իրենք էլ փորձում են կամաց-կամաց խորանալ կյանքի տարբեր ոլորտներում։ Որքան մոտիկից ես ծանոթանում երաժշտության, թատրոնի, գրականության և այլ ոլորտներին, այնքան հասկանում ես մի բան՝ պետք է թշվառ լինես, որ ձգտում չունենաս այդ ամենը վայելելու։

Զրուցեց Բաբկեն Թունյանը

«3 Միլիոն»

15 Սեպտեմբեր, 2007



Նման նյութեր