Քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը մեկ շաբաթից կվերադառնա աշխատանքի: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Էդգար Ավագյանը՝ անդրադառնալով Ղազարյանի հետագա գործունեությանը:
– Պարոն Ավագայան, Պետրոս Ղազարյանը վերադարձե՞լ է արձակուրդից:
– Պետրոսը վերադարձել է արձակուրդից քաղաք, որովհետև երկրում չէր: Այս փուլում դեռ իր մոտ արձակուրդ է մինչև շաբաթվա վերջ, բայց երկրում է:
– Վերադառնալու է ու շարունակի՞ իր հեղինակային հաղորդումը, թե՞ ինչ–որ բան փոփոխվել է:
– Ոչ մի նոր փոփոխություն չկա: Այս փուլում Պետրոսի մոտ արձակուրդ է, դեռ իր հետ չեմ խոսել:
– Երբ արձակուրդից վերադառնա վարելո՞ւ է «Ուրվագիծ»–ը:
– «Ուրվագիծ»-ն իր հեղինակային հաղորդումն է, որ վերադարձավ աշխատանքի, պարզ է՝ պետք է գա, իր հաղորդումը վարի:
– Այսինքն՝ դուք սպասում եք, որ Պետրոս Ղազարյանը վերադառնա արձակուրդից և անցնի իր աշխատանքին: Ճի՞շտ եմ հասկանում:
– Պետրոսն ինձ համար, պարզ ասեմ, ինձ համար մինչև այս շաբաթվա վերջ արձակուրդում է: Ինքս Պետրոսի հետ չեմ էլ խոսել ո՛չ արձակուրդ մեկնելիս, ո՛չ դրա ընթացքում: Գիտեմ, որ մի քանի օր է վերադարձել է, պետք է մինչև շաբաթվա վերջ արդեն գա աշխատանքի: Պետք է գա, որ խոսենք էլ: Որևէ խնդիր այս դեպքում ես չեմ տեսնում: Ավելի ճիշտ է՝ սպասենք մինչև շաբաթվա վերջ, այն իր սահմանված արձակուրդն է, կվերադառնա և, ըստ դրա, արդեն կկարողանամ որոշակի բան ասել:
– Ասեցիք արձակուրդ գնալուց առաջ իր հետ չեք խոսել: Ինքն իրեն արձակուրդ վերցրեց ու գնա՞ց, որևէ կապ չկա՞ Սերգեյ Դանիելյանի մասնակցությամբ հաղորդման հետ:
– Ինչպես Պետրոսը, այնպես էլ մյուս բոլոր աշխատողները տարեկան ունեն իրենց հասանելիք արձակուրդը: Պետրոսը, որ պետք է արձակուրդ գնար, դրա մասին մոտ 2 ամիս առաջ էլ գիտեինք, այս մասով որևէ բան չունեի իրեն ասելու: Ինքն իր տարեկան սահմանված արձակուրդն է գնացել: Այսինքն՝ նախորդ տարի էլ է արձակուրդ գնացել, այս տարի էլ է գնացել, այստեղ որևիցե արտասովոր բան չկա:
– Այդ դեպքում Նվեր Մնացականյանն աշխատու՞մ է ձեզ մոտ, թե՞ ոչ:
– Ո՛չ, Նվեր Մնացականյանը մեզ մոտ չի աշխատում:
– Իսկ հրավիրե՞լ եք իրեն «Կենտրոն» հեռուստաընկերություն:
– Կոնկրետ մենք իրեն հեռուստաընկերություն չենք հրավիրել:
Հիշեցնենք, որ Պետրոս Ղազարյանն արձակուրդ գնաց այն բանից հետո, երբ «Ուրվագիծ» հրավիրեց դերասան Սերգեյ Դանիելյանին, որն այդ ժամանակ խոսեց իր նախաձեռնած «Քաղաքացիական ակտիվ քայլ» («ՔԱՔ») կուսակցությունից: Հետագայում այդ հաղորդումը հեռացվեց Յութուբից: Այս իրադարձություններին զուգահեռ մամուլում լուր հրապարակվեց, որ Նվեր Մնացականյանը տեղափոխվելու է «Կենտրոն» հեռուստաընկերություն՝ փոխարինելու Պետրոս Ղազարյանին: