Այն մասին, թե ինչպես թուրքերը 1918թ․ կանգնած էին Ախուրյան գետի աջ ափին, Ալեքսանդրապոլից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա
Advertisement 1000 x 90

Այն մասին, թե ինչպես թուրքերը 1918թ․ կանգնած էին Ախուրյան գետի աջ ափին, Ալեքսանդրապոլից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա

Այն մասին, թե ինչպես թուրքերը 1918թ․ կանգնած էին Ախուրյան գետի աջ ափին, Ալեքսանդրապոլից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ու հայերը մատների արանքով էին նայում թուրքական վտանգին: Արդյունքում արժամացան կոտորածի ու թալանի: Լրիվ մեր օրերի նկարագրությունն է:

«Տաճիկները շատ չնչին դիմադրութիւն գտնելով՝ Կարսին տիրեցին ու անմիջապէս շարժւեցին Աղէքսանդրապօլի վերայ և արդէն 1918թ․ ապրիլի 10-ին Ախուրեանի մօտ կանգնած էին: Սկզբում Աղէքսանդրապօլի բնակչութիւնը ուզեց խուճապի ենթարկուել, բայց տեսնելով, որ տաճկական միայն առաջապահ զօրքն է եկել և Ախուրեանի գծով սահմանը բռնել շատ քիչ քանակութեամբ, հանգստացաւ, և առօրեայ կեանքը շարունակեց:

Չնայեած տաճիկների այդքան մօտիկ լինելուն, հայ զինւորութիւնը քանի գնաց, սանձարձակ դարձաւ, ոչ ոք իւր մասում չէր ոչ զինւորը, ոչ սպան:

Ամբողջ ժամանակ քաղաքի փողոցներում թափառում էին նոքա անգործ և աննպատակ: Տաճիկները անարգել և ամենայն վստահութեամբ գալիս էին քաղաք առևտրի պատրւակով. դիտում էին ամէն տեղ, քաղաքի շրջակայքը, երևի ուսումնասիրում, զօրքի դրութիւնը դիտում, հայկական իշխանութեան անելիքների կամ աւելի լաւ քնած դրութեան մասին տեղեկութիւններ հաւաքում և ապա ազատօրէն վերադառնում ու հաղորդում Կարսի իրենց մեծերին:

Իսկ հայ մարդը չէր կարող Ախուրեանի կամուրջն անցնել, և ով փորձել է անցնել, նա գլուխը վերան ետ չի եկել: Սահմանապահ տաճիկ զինւորները անցնում էին գետը և սահմանից մօտիկ իրենց արտերում աշխատող կանանց բռնաբարում օրը ցերեկով և ետ վերադառնում։

Եւ այս բոլորն անցնում էր անհետ, իբր թէ ոչինչ: Այնպիսի անհոգութիւն էր տիրում քաղաքում բոլորի մէջ այն ժամանակ, երբ տաճիկը 1,5, վերստի վերրայ կանգնած էր, որ պատմել չի կարելի: Մինչև իսկ մայիսի մօտ օրերը լուր տարածւեց քաղաքում, թէ տաճիկները հրաման են ստացել մինչև Սարիղամիշ ետ դառնալու: Ո՞րտեղից էր ծագել այդ լուրը, ի՞նչ աղբիւրից էր առաջ եկել՝ յայտնի չէր։

Քաղաքում մի արտասովոր ուրախութիւն էր տիրում դորա հետևանքով, ամենքի երեսը փայլում էր․ ամենքի խօսակցութեան նիւթը տաճիկների ետ քաշվելու նիւթն էր։ Ենթադրւում էր թէ հայկական կառավարութեան իրաւունքների պաշտպան հանդիսանալով՝ ինչ-որ եւրոպական կառավարութիւն ճնշում է գործ դրել տաճիկների վերայ, և ահա հասել է հայերի ազատութեան և ուրախութեան ժամը։

Եւ ուրախանում էին ամէնքը, մանաւանդ զինւորականները, որ ոչ բերդ էին ճանաչում, ոչ զօրանոց, վաղուց էին մոռացել նման տեղերը: Ժողովրդի մէջ տարածված այդ չարաբաստիկ լուրերը կարծէս թէ ճշտուեցին:

1918 թուի մայիսի 1/14-ին առաւօտեան սահմանագլխի վերայ, Ախուրեանի ափերին այլևս տաճիկ զօրք չկար, բոլորն էլ գիշերը քաշւել էին դէպի Կարսի կողմերը: Մինչև իսկ սահմանագլխի վերայ տաճկաց զօրամասերի վրաններն անգամ քանդել և անյայտացել էին:

Մայիսի 1-ին ամբողջ օրը մի արտասովոր ցնծութիւն էր տիրում քաղաքին տաճիկների զօրքերի ետ քաշվելու առթիւ: Սակայն ո՞վ հետաքրքրւեց՝ խուզարկութիւն կատարի իմանալու թէ տաճիկները ինչո՞ւ սահմանագիծը թողեցին և մինչև ո՞ւր են ետ քաշուել: Երևանի հայկական Կառավարութեան զլուխները պէտք է այդ անէին և խելօք կշռադատութեամբ խնդրին մօտենային: Բայց հաւանականօրէն երբ այնտեղ էլ տաճկաց զօրքերի ետ քաշվելը լսեցին, մեծ ցնծութեան մէջ էին, կարծելով թէ երևի Երևանը մի այնպիսի ահռելի ոյժ է ներկայացնում, որ տաճիկները երկիւղ են կրել և որոշել են ետ նահանջել, գուցէ մինչև Սարիղամիշ, Էրզրում: Ահա թե ինչպիսի անհասկանալի մթնոլորտ էր տիրում մայիսի 1-ին ու գիշերը Աղէքսանդրապօլին։

Լուսանում էր մայիս 2-ը: Այս դրութեան մէջ ժողովուրդը նախընթաց ուրախութեան տակ քնած լինելով, սկսել էր զարթնել և քաղաքում եռ ու զեռն էր սկսում: Արևը նոր էր իւր ճաճանչներով Շիրակի դաշտը և քաղաքը լուսաւորել: Քաղաքացիների մեջ կենդանութիւն էր մըտնում, և կեանքը կարծէս սովորական ընթացքն էր ստանում: Առաւօտեան ժամի 7-ն է: – Յանկարծ թնդանոթի մի հարւած ամբողջ քաղաքը անակնկալի բերեց, րոպէ չանցած միմեանց յետևից երկրորդը, երրորդը, չորրորդը:

Րոպէապէս տարածւեց ժողովրդի մէջ, թէ տաճիկներն արդէն ոչ միայն Ախուրեանն անցել են, այլև նորա զինւորները Սև Ղուլի տակի են: Թէ ի՞նչպէս է տաճկաց զօրքը աննկատելի կերպով բերդի տակը հասել, ոչ ոք չի կարողանում բացատրել, միայն բերդում գտնւած զինւորական մասսը յանկարծակի գալով և բերդի տակին տաճիկներին տեսնելով ու ըմբռնելով, որ տաճիկները բերդի վրայ են յարձակում, նոր սկսում են իրենք ևս թնդանօթներից կրակել։

Այդպէս էր պատմում ժողովրդի բերանում: Միայն այժմ ամենքի համար պարզւում է, որ մի օր տարածւած լուրերը, թէ տաճիկ զօրքը ետ է քաշում և իրոք այդ տարածելն էլ լրտեսների ձեռքով մի խորամանկ խաղ էր, որով ուզել են հանգստացնել քաղաքի ազգաբնակչութեան և միանգամայն միամտացրել հայկական և Երևանի Կառավարութեան և առաւել Աղէքսանդրապօլի քայքայւած զինւորական մասերին, որոնց դրութեան մասին նոքա շատ լաւ տեղեակ էին, որպէսզի մայիսի 2-ի գիշերը նորից ետ գան ու վաղ առաւօտեան բերդի վերայ գրոհ տան: Ահա թէ տաճիկների կողմից ինչպիսի նախամտածւած յարձակման ենթարկւեց Աղէքսանդրապօլը:

Թնդանօթի առաջին ռումբը տրաքելուց յետոյ, ժողովուրդը մնաց շշմած դրութեան մէջ, բայց երբ դորան յաջորդեցին երկրորդը, երրորդը, և լուր տարածվեց, թէ տաճիկները քաղաք են մտնում, էլ ո՞վ կարող է ասել, թէ ի՞նչ էր կատարւում քաղաքում: Ժողովուրդը այնպիսի սարսափի ենթարկեց, որ ինչպէս ասում են՝ մայրն իւր երեխային մոռացաւ:

Ամբողջ ժողովուրդը փողոցումն էր, մի գոռիւն, մի գոչիւն, մի լաց, ամէնքը վազում էին դէպի կայարան, դէպի Ջաջուռ։ Ո՞վ կարող էր կառքով, ո՛վ կարող էր ֆուրգոնով, սայլով, ոտքով, բոլորն էլ կամ երեխի ձեռքը բռնած շտապում էին կայարան, առանց հասկանալու ետ ու առաջ էին վազում. կին, մարդ, երեխայ խառնուել էին միմեանց հետ: Զինւորներն էլ հրացանները ուսերին, պատրրոնտաշը կապած, ամենքն էլ կնոջ կամ երեխայի ձեռք բռնած շտապում էին նոյնպէս կայարան կամ Ջաջուռի սարերով ու շոսէով դէալ Փամբակ գնում։

Արտակ Եպիսկոպոս Սմբատյանց

Ալեքսանդրապոլի փոխանորդ

1918թ․

Լուսանկարում` 1908 թվականին տպագրված փոստային բացիկի վրա (լուսանկարիչ՝ Գ. Շաքարյանց) պատկերված են Հին Գյումրիի՝ 19-րդ դարում կառուցված եկեղեցիները, ձախից` աջ. սբ. Գեորգիի հունական, սբ. Ամենափրկիչ, սբ. Միքայել հրեշտակապետի (պլպլան ժամ), Հայ Կաթոլիկների եւ սբ. Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցիները։