Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հունվարի 22-ին զոհված Կարեն Ուլուբաբյանը ԼՂՀ Մարտունի քաղաքից էր: Նա ընտանիքի ավագ որդին էր՝ 22 տարեկան, իրենից բացի ուներ 2 եղբայր և 2 քույր:
Ինչպես Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, Կարենի ընտանիքն ապրում է ծայրահեղ կարիքավորության մեջ, հայրը զոհվել է Արցախյան պատերազմում:
«Ընտանիքը սոցիալական դժվարություններ ունի, միայն մայրն է աշխատում, հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Նրան օգնում էր նաև պայմանագրային աշխատող որդին՝ Կարենը: Նա դիպուկահար էր: Ժամկետային զինծառայության ընթացքում այնքան սխրանքներ էր գործել և խրախուսանքների արժանացել, որ կրկին վերադարձել էր Զինված ուժեր»,- պատմեց Մհեր Խաչատրյանը:
Կարենը ամուսնացած չէր, բանակում որպես պայմանագրային զինծառայող աշխատում էր արդեն 2 տարի:
Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995 թվականին ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: