Եվրոպան ահազանգում է. Դիֆթերիայի դեպքեր են գրանցվել. Հայաստանում 20 տարեկանից բարձր խումբը բավականին խոցելի է. Համաճարակաբան
Advertisement 1000 x 90

Եվրոպան ահազանգում է. Դիֆթերիայի դեպքեր են գրանցվել. Հայաստանում 20 տարեկանից բարձր խումբը բավականին խոցելի է. Համաճարակաբան

Եվրոպան ահազանգում է՝ վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ Շվեյցարիայում Դիֆթերիայի դեպքեր են գրանցվել: Այս պահին ապաստան հայցողների կենտրոնում կա 8 վարակված, նրանց մոտ շնչառական խնդիրներ չեն գրանցվել: Նշված մարդկանց առանձնացրել են, իսկ մոտ 170 հոգի ինքնամեկուսացել է: Նշենք, որ դիֆթերիան հազվադեպ է հանդիպում Արևմտյան Եվրոպայում: Շվեյցարիայում ինֆեկցիոն հիվանդության վերջին հայտնի դեպքը գրանցվել է 1983 թվականին:

«Դիֆթերիան այդ ռեգիոնում համարվում էր հաղթահարված ինֆեկցիա: Կորոնավիրուսի հետևանքով պատվաստումները պասիվացել են, և արդեն մոռացված ինֆեկցիաները նորից գլուխ են բարձրացրել: Հայաստանում 1990-ական թվականների վերջից գրեթե Դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվել, բայց եթե դրսից վարակվեն, ապա Հայաստանում 20 տարեկանից բարձր խումբը բավականին խոցելի է, որովհետև այդ տարիքային ընդգրկվածության պատվաստումները շատ ցածր են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ  Մերի Տեր-Ստեփանյանը:

Համաճարակաբանի փոխանցմամբ՝ երեխաներին պարտադիր պատվաստում են: 6 շաբաթականները պատվաստումների մեջ է մտնում, բայց 26, 36, 46 տարեկանում պետք է ևս պատվաստվեն, ինչը, սակայն,  Հայաստանում շատ թերի է կատարվում: Պատվաստանյութ Հայաստանում կա:

Նշենք, որ Դիֆթերիան օդակաթիլային սուր վարակիչ հիվանդություն է, որով ավելի հաճախ հիվանդանում են երեխաները։ Ընթանում է վերին շնչական ուղիների ֆիբրոզ ախտահարումներով, ինտոքսիկացիայով։ Ախտաբանական պրոցեսն ընդգրկում է քիթը, ըմպանը, փափուկ քիմքը և այլ օրգաններ։ Դիֆթերիան մարդկությանը հայտնի է եղել անհիշելի ժամանակներից, զանազան անուններով՝ սիրիական խոց, եգիպտական հիվանդություն, ըմպանի ժանտախտային խոց և այլն։ XYII – XYIII դարերում դիֆթերիայի ծանր համաճարակներ են արձանագրվել Արևմտյան Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Գերմանիայում և այլուր։ XYIII դարի երկրորդ կեսերին այն լայն տարածում է գտել Հյուսիսային Ամերիկայում։

Դիֆթերիայի կլինիկական երևույթները բազմազան են։ Հիվանդությանը բնորոշ է՝ ցավ կոկորդում, հազ, ջերմության բարձրացում, քթից արտադրություն, դժվարաշնչություն, բկանցքում հաստ, գորշ փառի առաջացում:

Փառը կարող է տարածվել դեպի կոկորդ, շնչափող, ձայնաճեղք, առաջացնելով կոկորդի, ձայնաճեղքի այտուց և շնչառության կանգ: Միկրոբի արտադրած թույները արյան միջոցով տարածվում են բոլոր օրգան համակարգերը, հատկապես սիրտ, նյարդային համակարգ, առաջացնելով մի շարք բարդություններ՝ սրտամկանի բորբոքում (միոկարդիտ), կաթված (պարալիչ):
Դիֆթերիայի նույնիսկ վաղ բուժման պարագայում բարդություններն անխուսափելի են, և հիվանդությունը 10% դեպքերում բերում է մահվան:

Անի Կարապետյան

168.am