«Տեսե՞լ եք տղամարդու աչքերը, որ լուցկին վառել ու կրակին է տալիս ճաքճքած ձեռքերով կառուցած իր տունը, ձեռքերը դողո՞ւմ են, չգիտեմ…»
Advertisement 1000 x 90

«Տեսե՞լ եք տղամարդու աչքերը, որ լուցկին վառել ու կրակին է տալիս ճաքճքած ձեռքերով կառուցած իր տունը, ձեռքերը դողո՞ւմ են, չգիտեմ…»

Գայանե Բալայանը ֆեյսբուքյան իր էջում տրում է․ «Տեսե՞լ եք տղամարդու աչքերը, որ լուցկին վառել ու կրակին է տալիս ճաքճքած ձեռքերով կառուցած իր տունը, ձեռքերը դողո՞ւմ են, չգիտեմ… նայե՞լ եք աչքերի մեջ, երբ բոցը հասել է հենց այնտեղ, ուր միակ որդու օրորոցն էր…հայը այսօր նորից իր տունն է վառում, իսկ պատերազմն ավարտվել է, մեզ այդպես են ասել, կարծեմ շուտով երկու տարի կլինի։ Տեսե՞լ եք քարացած այն աչքերով մարդուն, որ հոր, գուցե որդու հողին ձուլված մարմինը պոկել է մայր հողից, նստել խունացած դագաղի առաջ ու… պիտի տանի, թե ուր, երևի բնավեր մի հավք ճամփա ցույց կտա, երևի…

Մայրը 5 տարեկան փոքրիկի ձեռքը պինդ բռնած արդեն 10 ժամ է՝ փլատակների տակ է, մյուս փոքրիկը կրծքի տակ է… աղոթքները երկինք չեն հասնում, ծանր քարերը փակել են երկնքի ճամփան…

Բերձորում կրունկները չեն լռում… Չէ, քարը քարին չեն դնում… հանում են, պոկում են… վերջին խաչքարը հանեցին, քաղաքի կենտրոնում Զինվորի արձանը խրոխտ սպասում է իր հերթին, քաղաքը վերջինն է լքելու…

Լքված տոպրակները երկու տարի է սպասում են, 150 տոպրակ’ լի ոսկորներով, դիահերձարանի սառնարանի մոխրագույն դարակներին…

Սև շրջազգեստով աղջիկը նստել է մահաբեր, մոխրագույն ծխի առաջ, նվագում է… երկար սպասված ֆոնն ապահովված է, տեսահոլովակի ամենազիլ կադրը պատրաստ է… քանոնի ձայնը խլացրել է մանչուկի հուսահատ ձայնը՝ մա-մա…

Պայթում է, մայրաքաղաքի երկինքը պայթում է, հրավառություն է…

Եռաբլուրում այսօր նորից մի դրոշ ավելացավ…

Իսկ դուք ասում եք, թե դժոխքում ինչ–որ եռացող ջրով կաթսա է, կրակ է…

Դժոխքը նկարագրած մարդու երևակայությունը թույլ չի տվել տեսնի մեր իրականությունը…. աչքերիս տեսածի համեմատ դրախտ է մեր իմացած դժոխքը…»։