Սանկտ Պետերբուրգում նախօրեին մեկնարկած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում կայացել է Փաշինյան-Պուտին-Ալիև ոչ պաշտոնական շփում, այսօր էլ՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը:
Եռակողմ ոչ պաշտոնական հանդիպման մասին փակագծեր չեն բացվում, սակայն Փաշինյան-Պուտին պաշտոնական հանդիպումն ուշագրավ տարրեր էր պարունակում: Հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Պուտինն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, բոլորովին վերջերս տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստը, գործընկերներն արձանագրել են, որ մեզ մոտ տնտեսության ոլորտում իրավիճակը բավականին դրական է զարգանում: Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 73 տոկոս, դա լավ արդյունք է: Մենք Ձեզ հետ դեռևս երեկվանից սկսեցինք, հաջողվեց նաև երեքով զրուցել, իհարկե, գլխավոր հարցը ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ: Եվ, ինչպես պայմանավորվեցինք, մանրամասն քննարկում ենք բոլոր այդ հարցերը»:
Իհարկե, Դուք ճիշտ եք, տվյալ պահին գլխավոր հարցը, ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում: Գիտեք, արդեն գրեթե 20 օր է՝ Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Ցանկանում եմ հիշեցնել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և ցանկանում եմ քննարկել այդ իրավիճակը, թե ինչպիսի տարբերակներ կան»:
Հատկանշական է, որ հայ-ռուսական բարձրաստիճան հանդիպմանը զուգահեռ՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սկանդալային հայտարարություններ արեց Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ: Անվտանգության խորհրդի քարտուղարն առաջին անգամ հաստատեց որոշ պատգամավորների հնչեցրած պնդում, թե Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել միութենական պետությանը։
Գրիգորյանը պնդել է, որ Հայաստանը դիմադրում է ռազմավարական դաշնակցի այդ ցանկությանը։
«Միութենական պետության հետ կապված՝ բնականաբար, Հայաստանի հանդեպ ճնշումները նաև այստեղից են գալիս: Եվ Հայաստանի ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգը երբ որ դիմադրում է դրան…»,- հայտարարել է Արմեն Գրիգորյանը:
«Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որևէ մեկի միջոցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- ասել է Պեսկովը Գրիգորյանի որակումների վերաբերյալ։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններն է՛լ ավելի են բարդանում նման հայտարարությունների պատճառով, պետք է ակնկալել, որ դրանք է՛լ ավելի կարող են սրել կամ վատթարացնել տարածաշրջանային ու երկկողմ մթնոլորտը:
Ըստ նրա, նման հայտարարությունները մեծ արձագանք են գտնում Ռուսաստանում, սակայն դրանք, ամենայն հավանականությամբ, առավելապես նախատեսված են ներքին լսարանի ու արևմտյան համայնքի համար, որպեսզի Արևմուտքը Հարավային Կովկասում է՛լ ավելի ազդեցիկ գործողություններ նախաձեռնի:
Մալաշենկոյի արձանագրմամբ, ակնհայտ է, որ Հայաստանին Արևմուտքի քայլերը, ռեգիոնալ ակտիվությունը չեն բավարարում:
«Ի վերջո, հիշեցնեմ, որ Արևմուտքը բանակցությունների երաշխավոր էր ցանկանում Արևմուտքից և չստացավ նման ձևաչափով միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ու հիմա հայտնվել է մի իրավիճակում, երբ Ռուսաստանից ակնկալում է քայլեր, ստանձնած պարտավորությունների կատարում, քանի որ կան խնդիրներ, Ռուսաստանն այդ խնդիրներին չի տալիս այն արձագանքը, ինչ ակնկալում է Հայաստանը, որի հետևանքով Հայաստանը դժգոհ է թե Ռուսաստանից, թե Արևմուտքից»,- ասաց վերլուծաբանը:
Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ նախօրեին կայացել է եռակողմ ոչ պաշտոնական հանդիպում, որը, սակայն, չի հանգեցրել Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամի ավարտի:
«Ադրբեջանը լավագույնս օգտվում է ռեգիոնալ ու արտատարածաշրջանային իրավիճակից, նաև այն իրավիճակներից, որոնք ինքն է ձևավորել, հստակորեն հասկանում է, որ գլխավորապես իր ջանքերի շնորհիվ խաղաղապահները չունեն նման իրավիճակները հարթելու մանդատ և ընդհանրապես մանդատ, որի հետևանքով հայտնվել են բարդ իրադրությունում: Ի՞նչ միջազգային մեխանիզմներ կարող են գործել տվյալ իրավիճակում, կրկին բարդ է ասելը, դա կախված է ՀՀ քայլերից և աշխարհաքաղաքական ճկունությունից, ինչպես նաև Արևմուտքի շահերից, սակայն այս փուլում կարող ենք արձանագրել, որ խնդիրները ոչ թե հարթվում են, այլ ավելի սուր բնույթ ստանում բոլոր ուղղություններում, այդ թվում՝ Հայաստանի համար»,- ասաց նա: