Շահան Շահնուրի գնահատականները Կոմիտասին և Շահնուր-Վահագն Դավթյան սուր բանավեճը. oragir.news
Advertisement 1000 x 90

Շահան Շահնուրի գնահատականները Կոմիտասին և Շահնուր-Վահագն Դավթյան սուր բանավեճը. oragir.news

Փարիզի «Ապագայ» օրաթերթում 1935 թվականի հոկտեմբերի 27-ին Շահան Շահնուրը տպագրում է մի հոդված՝ «Ազատն Կոմիտաս» վերնագրով։

Հոդվածի ամենասկզբում Շահնուրը գրում է․ «Կը խորհիմ, որ մեր աշխարհը բան մը պիտի չկորսնցնե, եթե իր երեսեն Հայը անհետանա վերջնական չքացումով: Բայց ան բան մը պիտի շահի անկասկած, եթե Հայը արդյունավորե, անգամ մը եւս, իր հանճարին թաքուն ուժերը»:

Ապա Շահնուրն առանձնացնում է 4 հանճարեղ մեծություններ, սյուներ, որոնք իրենց ուսերին են կրում ողջ հայն ու հայկականը։ Դրանք են՝ Ս․ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե, Անդրանիկ․․․

Խոսելով Կոմիտասի գործի մասին՝ Շահնուրը նկատում է, որ չափազանց դժվարին աշխատանք է ժողովրդական երգը, բանաստեղծությունը մշակելը․ «Միակ բառի մը, նույնիսկ վանկի մը փոփոխությունը բավ է, որպեսզի բանաստեղծությունը նվազի կամ թևածե»: Իսկ Կոմիտասն այնքան հանճարեղ էր, որ իր սուր աչքով կարողանում էր թափանցել բանաստեղծության ոգու մեջ․ «Դարերու խորերեն հառնած շինականն է, որ կվերսկսեր իր երգն ու շուրջպարը, ընդդեմ այս անսովոր կրոնավորին, որ այնքան խոր կապրեր սիրերգը, որքան շարականը: Անոնք երկու երեսներն էին նույն կրոնքին»:

Շահնուրը համոզված է՝ մեր ժողովուրդը պետք ունի երկրորդ Կոմիտասի, բայց բոլոր նրանք, ովքեր փորձեցին կրկնել Կոմիտասի գործը, մնացին միջակությունից ներքև։

Հայ պետականությունը կործանվեց, ինչպես ջարդվող ջերմաչափն ու կոտորակված սնդիկի նման հայությունը սփռվեց աշխարհով մեկ։ Եվ որպեսզի այդ մասնատված հատվածները միանան, անհրաժեշտ է մի հզոր ուժ։ Սակայն Շահնուրը ցավով նկատում է, որ անհատ-ընտանիք-ազգ-մարդկություն համակարգում հայ ժողովուրդը երկրորդ աստիճանից դենը չի անցել։

«Կոմիտասն է, որ կը տապալե պատվարները: Սպասելով այն օրվան, երբ պիտի զետեղվի պետականության հիմնաքարը, այսօ՛ր, մեր գաղթականության ներկա վիճակին մեջ, Կոմիտասն է միայն, որ ընտանեկան հանգրվանեն բարձրացած է ազգայինին: Հո՛դ է իր մեծությունը: Կբավե ըսել – «Սիրտս նման է էն փլած տներ», որպեսզի Հայը հասկնա ուրիշ Հայ մը:

․․․Պոլսահայը պաշտեց իր Կոմիտասը, բայց ափսո՜ս, չկրցավ պաշտպանել զայն: Երբ օրացույցը նշեց Կարմիր Կիրակի, աղետը դարման չուներ: Ժամը ուշ էր, եւ արեւը խավարած:

․․․Ան որ նուրբ եղեգ մըն էր հրաշագործ, ան ճաթեցավ: Եւ այդպես մնաց: Վահան Թէքեյան կ՚ըսէ.- «Ճպոտն ընդմիշտ ճաթած է հիմա…»:

Եւ որովհետեւ խաչվեցավ ան, եւ որովհետեւ թաղվեցավ ան, ահա հարություն կ՚առնե մեր անսահման պաշտամունքին եւ խանդաղատանքին մեջ, ան՝ Ազատն Կոմիտաս»:

Այս հոդվածում հնչեցված մի շարք վտանգավոր դրույթների է անդրադարձել Վահագն Դավթյանը՝ գրելով իր բաց նամակը՝ ուղղված Շահան Շահնուրին։

Վահագն Դավթյանին հատկապես զայրացնում է Շահնուրի այն միտքը, թե «ի վերջո ի՞նչ ենք մենք այսօր, եթե ոչ թշվառ ու թշվառական բարիաներու խումբ մը, ստրուկ, հալածական ու նշավակ վերջնական արհամարհանքի։ Ի՞նչ ենք այսօր, եթե ոչ եղերականորեն անզոր, բայց կռվազան, կատարելապես անխելք, քենով ու չարությամբ լեցուն պղծություն։ Եղկելի տզրուկ՝ պատարագավորի արյուն ծծող։ Երբեմն ոչ իսկ այդ»։

Դավթյանը վիրավորված պատասխանում է, թե ինչ գործ ունի այս «ստրուկ ժողովրդի» հետ մի մարդ, որը փոխել է իր լեզուն, իր անունը՝ դառնալով Արմեն Լյուպեն, ֆրանսերեն բանաստեղծություններ է գրում, շահում փառք ու մրցանակներ։

Դավթյանը նշում է, որ այս հոդվածը սեփական ժողովրդից հեռացած, նրա գիրն ու լեզուն ուրացած մարդու հոգեբանության մի հիվանդագին դրսեւորում է, որը ոչ այնքան Կոմիտասի մասին է, որքան հայ ժողովրդի ճակատագրի, որով Շահնուրը անտեսել ու ուրացել է Հայաստանի գոյությունը՝ մի գոյություն, որ ամբողջ հայ ժողովրդի գոյության խարիսխն է, պատվարը, մի գոյություն, որտեղ գրվում է հայ ժողովրդի նոր ճակատագիրը։

Դավթյանը զարմանում է, թե ինչու է Շահնուրը ժխտում այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Թումանյանը, Վարուժանը, Չարենցը, Սայաթ-Նովան, Նարեկացին, Խորենացին․․․

Իր բաց նամակը ավարտում է Շահնուրի ոճով․ «Կխորհիմ, որ հայ գրականությունը բան մի չի կորսնցներ, եթե իր մեջեն Շահան Շահնուր չքանա, անհետանա, կորսվի վերջնապես։ Բայց վստահ եմ, որ հայ գրականությունը բան մը կշահի, եթե Շահան Շահնուր իր մեջ մնա հայ ժողովրդի գոյատեւության մասին հոգալով, հայ ժողովրդի ազգային արժանապատւությանն ու հավաքականությանն ի նպաստ գործելով, նոր, բարձրարվեստ գործերով հայ դպրությունը հարստացնելով»։

Հաջորդիվ պարզ է դառնում, որ 1969 թ․ Վահագն Դավթյանն ընթերցել է մի հոդված, որը գրված է ոչ թե Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առիթով, այլ շատ ավելի վաղ՝ 1935 թ․։ Դա, իհարկե, փոխում է որոշ չափով հանգամանքները, բայց խոսքը ասված է, իսկ ինչպես ժովրդական իմաստությունն է ասում, «թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա»։

Բանավեճը շարունակվում է ևս երկու հոդվածով․․․

oragir.news