Տավուշի մարզում դելիմիտացիան փաստացի եղած է. Վովա Վարդանով. news.am
Advertisement 1000 x 90

Տավուշի մարզում դելիմիտացիան փաստացի եղած է. Վովա Վարդանով. news.am

Եթե դա ընդհանուր դելիմիտացիան է, որը կբերի դեմարկացիայի, ապա Տավուշի մարզում դելիմիտացիան փաստացի եղած է, որովհետեւ այնտեղ անփոփոխ է առաջնագիծը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» կառույցի ղեկավար Վովա Վարդանովը:

«Սա դեմարկացիոն պրոցես է, որ մերձկասպյան թուրքերը սա ժառանգել են սովետական Ադրբեջանից, և այո, այն գյուղերն են, որոնք մի մասը չեզոք գոտի է, մի մասն էլ մենք ազատագրել ենք եւ գտնվում է մեր տիրապետության տակ: Կարող եմ թվարկել. Բաղանիս-Այրումն է, որ չեզոք գոտի է դարձել: Դա մեր Բաղանիսին շատ մոտ գտնված թուրքերի նախկին անասնապահների հոդեքն են, որ հետո իրենք քոլիկների, հետո տների վերածեցին: Դա պատմական Ներքին Ոսպեկարն է, որը թուրքերն ասում են Աշաղի-Աքսիպարա, դա Խերիմլուն է, որը հայկական անուն չունի, քանի որ Կիրանցին կպած էլի քոլիկներով գյուղի վերածված տնակներ են: Դա անմիջապես ճանապարհի վրա է, Կիրանցից մի քանի տասնյակ մետրի վրա: Եվ Բերքաբերի կողքին Ղըզըլ Հաջին է, որ 1992-ի ամռանը ազատագրվեց: Դրանք չեզոք գոտիներն են, որ հիմա կարող ենք համաձայնել, ասել՝ չենք կրակելու, եկեք ձեր գյուղերը բնակեցրեք: Դա պրոբլեմ չի: Պրոբլեմն առաջանում է, երբ, օրինակ, Ներքին Ոսկեպարի հողերի մի մասը Ոսկեպար-Կիրանց գյուղերի արանքում գետի աջ ափին է գտնվում»,-ասաց նա:

Վարդանովի խոսքով, ժամանակին այդ հողակտորի վերեւը՝ բլուրների արանքում գտնվում էր հատուկնշանակության խմբի եւ իր ենթաջոկատ Դիլիջանի դիրքը, որի հրամանատարն ինքն է եղել. «Դա շատ լավ տեղ է, շատ լավ հնարավորություն ճնշելու այդ եղած հակառակորդի գոմերում տեղակայված օմոնականներին կամ զինվորներին: Մենք կարող էինք իրենց ոչնչացնել, լարել, բայց չէինք անում, մինչեւ Խերեմլուի հայտնի դեպքերը չեղան:

Մենք պայմանավորվածություններ ունեինք իրենց ջոկատների հետ, բայց այդ պայմանավորվածությունները խախտվեցին եւ մեր կապը շատ չորով ընդհատվեց:

Այրում ցեղը պատերազմ չէր ուզում, բայց Բաքվից եկած օմոնականները եւ իրենց կամավորականները հիմնականում տեղակայվել էին Մազամ գյուղում, Խոշի-Այրում գյուղում, Ոսկեպարում, Խերեմլուում եւ իրենք շատ էին բզբզում, անհանգստացնում: Ավելի շատ բնակիչների վրա էին ճնշում գործադրում, որ բնակչությունը դուրս գա:

Այդ ճնշումների ժամանակ սպանվեց Կիրանցի մի բնակիչ, եւ դա բերեց ինքնաբուխ Խերեմլուի գրավմանը: Երբ Խերեմլուն գրավվեց, գետի աջ ափին գտնվողն բոլոր հողերը մաքրվեցին ինքնստինքյան:

Բացի չեզոք գոտու գյուղերից, որոնք մեր ձեռքին են, կան նաեւ անկլավներ. Դա Վերին Ոսկեպարն է, թուրքերեն Յուխարի Աքսիպարա, դա Բարխուդարլու եւ Սոֆլու գյուղերն են: Մի անկլավ էլ կա Արարատի մարզում՝ Տիգրանաշենը, որը թուրքերն ասում են Քյարքի»,- ընդգծեց նա: