Այս աղջիկն անկանխատեսելի է, ինչպես բոլոր պատանիները: Բայց եթե հայ աղջիկների մեծամասնությունը մանկությունից անմիջապես անցում է կատարում դեպի «ծյոծյայի» կերպար, ապա Գայանեն միտք էլ չունի 15 տարեկանում դառնալ Գայան ծյոծյա: Նա սիրում է փորձարկումներ անել, իհարկե, չափի մեջ, համենայնդեպս, հուսով է, որ չափը չի անցնի: Ասում է` հուսով եմ, քանի որ նա սիրում է այն ամենը, ինչ նոր է, իսկ նորը միշտ գայթակղիչ է: Խոսքը բջջային հեռախոսների նոր մոդելների կամ նորաձև պայուսակների մասին չէ: Այլ… Մի օր, օրինակ, Գայանեն որոշեց մազերը ներկել ծիածանի բոլոր գույներով և ներկեց, որոշեց պիրսինգ անել և արեց… Մի բան գիտի հաստատ. այն, որ որքան էլ սիրում է կյանքում ամեն ինչի լավն ու վատն ինքնուրույն հասկանալ, բայց թմրադեղեր երբեք չի օգտագործի: Նա սիրում է ռոքը, քանի որ ռոքի մեջ հեղափոխություն կա, ատում է ռաբիսն ու ռաբիսը ստեղծողի նախապապին: Երբ դասարանում «քյարթու» երաժշտություն են լսում, նա, իբրև բողոքի նշան, միացնում է ռոք երաժշտությունն ու փորձում խեղդել ռաբիսի «ծլնծլնգոցը»: «Հիմա մոդա է դարձել ասելը, որ չեն լսում ռաբիս, բայց այդ նույն ասողները խնջույքների ժամանակ դժվար թե ուրախանան Մոցարտի երաժշտության ներքո: Բայց եթե սիրում եք, ապա ոչ մի ամոթ բան չկա դրա մեջ, ուղղակի ես ինքս չեմ սիրում ու չեմ ընդունում դա: Ամոթ է, երբ ինչ-որ մեկն ասում է` ռաբիս չեմ սիրում, բայց իմանում ես, որ ուշքը գնում է ռաբիսի համար: Ես ոչ ոքի իմ կարծիքը չեմ պարտադրում, պարզապես ունեմ իմ նախընտրած երաժշտությունը` ռոքը, և ունեմ իմ ատելի «երաժշտությունը»` ռաբիսը»,- ասում է Գայանեն: Նրան բազմիցս տեսել ենք Անդրեի, «Էմփիրեյ» ռոք խմբի տեսահոլովակներում: Նա նկարահանվել է նաև Արամեի տեսահոլովակում, բայց Գայանեի մայրիկին` տեսահոլովակի ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանին, ոչ թե իր աղջկա դեմքն էր պետք ցուցադրել, այլ նրա կերպարը, այդ իսկ պատճառով Գայանեի դեմքը տեսահոլովակում գրեթե չի երևում: «Անդրեն մեր ընտանիքի բարեկամն է, այն օրվանից, ինչ ծանոթացել ենք: Նա մեր քավորն է, և բոլորովին այլ մարդ է բեմից դուրս: «Հորովել» երգի տեսահոլովակից հետո, երբ մայրիկն ու Անդրեն հայտնություն դարձան, ինձ էլ բաժին հասավ նրանց հայտնությունից: Երբ աղջիկները երազում էին Անդրեի մասին, այդ նույն Անդրեն երբեմն գալիս էր ու ինձ դասերից հետո տուն էր բերում: Իմ հետևից, չգիտես ինչու, «Անդրե, Անդրե» էին գոռում: Դասարանում մի պահ ինձ լիովին միայնակ զգացի, երբ տեսա, որ դասարանցիներիս վերաբերմունքը փոխվել է իմ հանդեպ: Միգուցե տարիքային շրջան էր, անձի ձևավորման շրջան, միգուցե ես այդպիսին չէի, ինչպիսին նրանք էին, կամ ինչպիսին կուզեին, որ ես լինեի»,- պատմում է Գայանեն:
«Մի անգամ զանգեց դպրոցից ու արցունքներից խեղդվելով մի կերպ կարողացավ ասել՝ «Մամ, արի էլի», ու անջատեց հեռախոսը: Միայն հասկացա, որ դպրոցում է: Մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես ես հինգ րոպեում շնչակտուր, չեմ էլ հիշում, թե որտեղից հայտնվեցի դպրոցում: Բացեցի դուռն ու տեսնեմ՝ աղջիկս կուչ է եկել դասարանի անկյունում ու հեկեկում է: Հետո միայն իմացա, որ դասարանը բաժանվել է խմբերի, ու բոլորով դուրս են եկել Գայանեի դեմ: Նրան փորձում էին իրենց նման դարձնել, այդպես նրանք իրենց բողոքն էին արտահայտել Գայանեի անհատականության դեմ: Եվ այդ պահին ինձ հիշեցի, երբ ես էլ, մեծանալով արվեստագետների ընտանիքում, դաստիարակվելով բոլորովին այլ արժեքներով, տարբերվում էի բոլորից: Ինձ էլ էին փորձում հեղաշրջել, շեղել իմ անհատականությունից, շրջանակների մեջ դնել: Բայց ես չկոտրվեցի: Այսօր ես կամ, ես` ես եմ: Իմ տեղը գիտեն շատ շատերը: Իսկ ո՞ւր են իմ դասարանի աղջիկները: Գայուշիկս էլ չի կոտրվել, քանի որ ուժեղ մարդ է, և ես արդեն տեսնում եմ, որ մեծ հաջողությունների է հասնելու: Անհատականությունն արվեստում շատ մեծ գին ունի: Եվ նրան այսօր շատ արվեստագետներ են նկատել: Մեկն ուզում է, որ իր պիեսում խաղա, մյուսները` որ Գայանեն իրենց գրած երգը երգի… Նա ձգում է բոլորին իր անհատական ոճով, որը ստեղծվել է տարիների ընթացքում: Գայանեի համար բոլորից տարբերվելը բոլորի ուշադրությանն արժանանալու փորձ չէ, ինչ-ինչ, բայց ուշադրության պակաս նա երբևէ չի զգացել, քանի որ ընտանիքում միշտ հյուրեր են եղել, որոնցից շատ ու շատ բան կարելի է սովորել` Վահան Արծրունին, Ֆորշը, կինոռեժիսորներ, դերասաններ»,- պատմում է Գայանեի մայրը` ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը:
Այսօր Գայանեն պատրաստվում է ձայնագրել իր երգը, իհարկե, ռոք ժանրում: Մտադիր է ընդունվել Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Իսկ մինչ այդ նա մասնակցում է Երևանի Դրամատիկական թատրոնում պատրաստվող նոր պիեսի բեմադրության փորձերին, որի պրեմիերան շուտով կլինի: «Պիեսի հերոսուհին ինձ նման է, նա էլ է փորձում իր տեղը գտնել այս արևի տակ: Պիեսի հերոսուհու հետ շատ նմանություններ ունենք: Բեմադրության ռեժիսորը Դրամատիկական թատրոնի դերասան Գրիգն է, ով ինձ տեսել էր մի քանի միջոցառումների ժամանակ: Եվ մայրիկիս ասել էր, որ կարծես այդ պիեսի հերոսուհին լինեմ, և ցանկություն էր հայտնել, որ խաղամ այդ դերը: Հիմա փորձերն են ընթանում: Կարծում եմ՝ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,– ասում է Գայանեն:
Քրիստինե Հակոբյան
«3 Միլիոն»