«Դա հանցագործություն է` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածով»
Advertisement 1000 x 90

«Դա հանցագործություն է` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածով»

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդո՞ք չի համարվում հանցագործություն, երբ ՀՀ քաղաքացուն առաջարկում են ընտրել այս կամ այլ կուսակցության, դաշինքին, պատգամավորի թեկնածուին, որևէ հատուցում, օրինակ` իրենց մուտքը վերանորոգելու, խողովակներ անցկացնելու և այլն հատուցում տալու դիմաց: ԴԱ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 154.2-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ:

Նախորդ ընտրությունները ցույց են տալիս, որ ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում զանգավածային հանցագործություններ: Սակայն որևէ անգամ այս փուլում իրավապահ մարմինները քրեական հետապնդում չեն սկսում: Ին՞չ անել, որ կանխարգելել նման հանցագործությունների կատարում»:

Հոդված 154.2. Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը

1. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

3. Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն: