Կանխատեսում եմ ճահիճ ու կոլապս, բայց ունենք դրա լուծումը հենց վաղվանից. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում ցուցակի երկրորդ համար, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա՝ իրենց նախընտրական ծրագիրը բաղկացած է 5 բլոկից, որոնց պետք է նայել միմյանց կապակցված:
«Մեր կարծիքով՝ նույնիսկ կառավարությունը, չեմ խոսում շատ այլ ուժերի մասին, չի հասկանում հարցի էությունը: Մեր պրոֆեսիոնալիզմը նրանում է, որ նախ պարտքը փորձենք ժողովրդից վերցնել, որ տոկոսները վճարենք մեր ժողովրդին, որ փոքր ու միջին ձեռնարկություններն արագորեն զարգանան, մենք պետք է որոշ տեղ էլ արհեստականորեն սահմանափակենք խոշորի զարգացումը, որ տեղական ինքնակառավարումը լիարժեք ինքնաֆինանսավորում ունենա, որ ՓՄՁ-ն ավելանա, բացի Կենտրոնական բանկի այդ հնարավորությունը միայն դրամավարկային քաղաքականությամբ պետք է սահմանափակվի, նաև հարկային ռեֆորմը պետք է հիմնականում լինի պարզ, հասարակ: Եթե այս հինգը միասին աշխատեն, տնտեսությունը կգեներացվի և կսկի աշխատել»,-հիմնական դրույթները ներկայացնելով՝ ասաց Բագրատյանը և շեշտեց, որ հանրապետությունում չկա մի տնտեսագիտական խումբ, որ իր այս մեխանիզմն ընկալի:
«Ավելին՝ մենք ասում ենք զգուշ եղեք աշխատավարձի խոստումներ տալիս, շուտով կորցնելու ենք այս որոշակիությունը, և առաջանալու է կոլապս։ Մեր ծրագրի առանցքային կետերից մեկը սուվերեն հիմնադրամն է, ոչ թե մենք ամեն անգամ մի օլիգարխ ենք բերում՝ ասենք, որ բացեց այս գործարանը, բացեց այս խանութը, երեք ամիս հետո գնում ես, տեսնում՝ փակ է… Մենք գտնում ենք, որ ցանկացած խոշոր ներդրում արդեն վնաս է հանրապետությանը, որովհետև եթե մեկ միավոր խոշոր ներդրում եղավ և 10 միավոր փոքր չեղավ՝ պետությունը չի կարող զարգանալ»,-ասաց նա և նշեց, թե խոշորի արտադրանքը սպառում չի ծնում:
Բագրատյանն օրինակ բերեց, որ խոշոր ներդրումների երկիր է Ռուսաստանը, որն արդեն 5-րդ տարին է, ինչ «դոփում է տեղում»:
«ՓՄՁ-ի արտադրանքը 26 տոկոս է, բայց պետք է լինի 70, այսինքն՝ մենք մոտենում ենք հարցին խելոք ձևով, մեր ծրագրում չեք գտնի պոպուլիստական թեզ, մենք չենք ասում աշխատավարձը միջինը կդարձնենք 250 000 դրամ, խնդիրն այդտեղ չի, երբ տնտեսությունը կաճի, կսպառվեն այդ հարցերը։ Շատ թոշակ տանք, թե քիչ, ապարատը շատ պահենք, թե չէ, մեր ծրագիրը լաբորատոր նորագույն մաթեմատիկական ծրագրի վրա է հիմնված, պրոֆեսիոնալ»,-ասաց նա՝ հիշեցնելով, թե ՀՀ-ի համար առաջին անգամ՝ 1994-ին, ինքն ապահովեց աճ: «Երբ էն մութ երկրից սկսեց լույս լինել, աճել, հաղթանակ եղավ ամենուր, պատերազմը հաղթեցինք»,- ասաց նա:
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ երկիրը խառնվել է իրար. «Տեսեք, էն օրը ԿԲ-ն մտավ և հիփոթեքի համար ստացավ արտոնություն, ես քեզ հարց եմ տալիս, ԿԲ-ն ի՞նչ գործ ունի հիփոթեքային շինարարության հետ, սոցապ նախարարությո՞ւն է: Երկիրը խառնվել է իրար, հասկանո՞ւմ եք, գլուխն ու հետույքը իրար տեղ են փոխվել, հասկանում ե՞ք։ Պետք է դզվի այս ամեն ինչը»:
Հարցին, թե մշտապես բարձրաձայնում է Հայ Առաքելական եկեղեցու հարկման անհրաժեշտության մասին, բայց ծրագրում չկա, ինչո՞ւ, Բագրատյանը պատասխանեց, թե առավել մանրամասն մշակված ծրագրում անդրադարձել են, որ ոչ թե եկեղեցու գործունեությանը հարկել մոմի վաճառք և այլնի համար, այլ տնտեսական գործունեությունը: «Օրինակ՝ շորի խանութ ունեն, ինչո՞ւ չպետք է հարկվի, ունի գյուղձեռնարկություն, դրանք: Իհարկե, Առաքելական եկեղեցին, մեր խորին համոզմամբ, կարգի բերելու կարիք ունի։ Օրինակ, երբ գնում եք կնքվելու կամ պսակվելու, ՀԴՄ կտրոն չեն տալիս, չէ՞, ինչո՞ւ, կամ էլ ասում է ձեռքս համբուրի՝ 5000 դրամ էլ փող ես տալիս, բայց ՀԴՄ չեք մուծում, պատրաստ ենք ձեռքերը համբուրելու, թող ՀԴՄ կտորն տան: Այս հողի վրա առաջացավ բողոքականությունը 16-րդ դարում»:
Ամբողջությամբ՝ tert.am