Փարիզում բնակվող հայուհի Դիանա Շնորհոկյանը, նույն ինքը` Դայան Սանդսը, մոդել է, դաշնակահար, հաղորդավար ու դերասանուհի: Աշխարհի ամենագեղեցիկ ու հայտնի հայուհի բնորոշմանն արժանացած Սանդսը ֆրանսիական նորաձևության աշխարհ մուտք գործեց France 3 TV-ով հեռարձակվող «Scooby Gang» երիտասարդական հաղորդման շնորհիվ, որին հաջորդեց մոդելի առաջին ֆոտոսեսիան Girls ամսագրի համար: Ավելի ուշ Սանդսը սկսեց նկարահանվել հայտնի ապրանքանիշերի գովազդային հոլովակներում (Hugo Boss, Daniel Hechter, Hennessy), հայտնվել ամսագրերի շապիկներին (El Style, Gazelle, Le Bonbon) ու դառնալ համաշխարհային աստղերի տեսահոլովակների հերոսը (Պատրիսիա Կաաս, Դևիդ Էսպոսիտո): Մոդելը նկարահանվել է նաև Ջեսիկա Սիմփսոնի «Գեղեցկության արժեքը» ֆիլմաշարում: Երիտասարդ հայուհին, սակայն, կարծում է, որ իր գլխավոր հաջողությունը դեռ առջևում է: Այսօր էլ ֆրանսիական նորաձևությունում մոդելի կարիերան շարունակում է մեծ վերելք ապրել: Հաջողության բանաձևի, գեղեցկության գաղտնիքի ու հայկական արմատների մասին Դայան Սանդսը 168.am-ին բացառիկ հարցազրույց է տվել:
– Դիանա, կպատմե՞ք Ձեր մանկության մասին: Ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել:
– Ես ծնվել եմ Փարիզում, հայկական ընտանիքում: Պատերազմի պատճառով իմ ծնողները Հայաստանից հեռու են ծնվել, բայց նրանք հավատացյալ են ու կապված են հայկական մշակույթին: Հիանալի է գիտակցել, որ մարդիկ կարող են շարունակել փոխանցել այն, ինչն իրենք են ստացել, նույնիսկ, եթե հայրենիքից հարյուրավոր կիլոմետրեր հեռու են գտնվում: Ոչ ոք ու ոչինչ չի կարող վերացնել մեր հայկական արմատները:
– Հայուհի, որը բնակվում է Ֆրանսիայում… Կարելի՞ է ասել, որ Դուք Ձեր մեջ կրում եք և՛ հայկական, և՛ ֆրանսիական մշակույթները:
– Այո, ես երկու մշակույթների խառնուրդ եմ: Միաժամանակ Ֆրանսիայի եմ, քանի որ այստեղ եմ բնակվում և հաճախել եմ ֆրանսիական ուսումնական հաստատություններ: Հայերենն այստեղ նույնը չի, ինչ Հայաստանում է:
– Իսկ ի՞նչ գիտեք Հայաստանի մասին:
– Հայաստանի մասին ամեն ինչ գիտեմ: Մի քանի անգամ եկել եմ, ապագայում էլի կգամ: Հայկական եկեղեցիները շատ գեղեցիկ են:
– Դուք մշտապես հայտնվում եք հայտնի ամսագրերի շապիկներին, որոնցից շատերը Ձեզ որակում են` որպես աշխարհի ամենագեղեցիկ ու հայտնի հայուհի: Ի՞նչ եք զգում ամեն անգամ նմանատիպ գրառումներ կարդալիս:
– Հիանալի է դա կարդալ, բայց, իհարկե, չեմ կարծում, որ ամսագրերն ամբողջովին օբյեկտիվ են (ժպտում է.- Գ.Ա.):
– Եթե չեմ սխալվում, մոդելային աշխարհ մուտք գործելը Ձեր կյանքում նախապես պլանավորված չի եղել: Հե՞շտ է լինել մոդել, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:
– Այո, դա պլանավորված չէր, նորաձևության աշխարհն ինձ ընդառաջ եկավ: Այն ամենահիմար ու լավ վարձատրվող աշխատանքն է: Այս գործի դժվարությունն այն է, որ մշտապես պետք է ուշադիր լինես քո մաշկին, սննդակարգին, և այլն: Դու չես կարող քեզ թույլ տալ ապրել նորմալ մարդկանց նման, վայելել կյանքը: Սա այն գինն է, որը դու վճարում ես: Այն աղջիկները, որոնք ցանկանում են այս բիզնեսում հայտնվել, պետք է իմանան, որ կարևորը յուրօրինակ լինելն է: Պետք չէ ուրիշներին կրկնօրինակել: Քասթինգի ժամանակ նրանց անհատականությունն ու բնավորությունը մեծ դեր են խաղում:
– Ի՞նչ է Ձեզ համար նորաձևությունը: Ո՞ճ, թե՞ նորաձևություն:
– Նորաձևությունը մարդկանց առջև ներկայանալու մակերեսային ու արագ միջոց է: Դա առաջին տպավորությունն է՝ մինչև զրույցը սկսելը: Այն կարող է օգնել նաև լավ օր ունենալ, որովհետև նոր զգեստը ենթադրում է փոփոխություն, հետևաբար՝ նաև տրամադրության փոփոխություն: Բայց զգեստի միջոցով առաջինը ցույց ես տալիս քո ոճը և քո անհատականությունը: Ոճ ունենալն ինձ համար ավելի կարևոր է, քան նորաձևությունը: Ես նախընտրում եմ այն մարդկանց, որոնք ունեն իրենց սեփական ոճը: Պետք չէ ուշադրություն դարձնել, թե հասարակությունն ինչպիսին է ցանկանում քեզ տեսնել:
– Ձեր հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է, բայց գիտեմ, որ երաժշտությունն առանձնահատուկ տեղ ունի:
– Այո, երաժշտությունը միանշանակ իմ կյանքի սերմն է: Ես սիրում եմ երաժշտություն ստեղծել: Հաջորդ իմ ձայնասկավառակում տեղ են գտնելու ֆիլմերի համար գրված ստեղծագործություններ: Չեմ պատկերացնում իմ կյանքը՝ առանց նոտաների ու ռիթմերի: Սիրում եմ լսել ռոք, ալտերնատիվ և ֆիլմերի համար ստեղծված երաժշտություն:
– Անդրադառնանք անձնական կյանքին: Դժվա՞ր է լինել գեղեցիկ ու ցանկալի կին:
– Գեղեցիկ լինելը շատ բան է նշանակում: Արտաքին տվյալներ ունենալուց բացի, գեղեցկությունը նաև իրական դեմքը ցույց տալու միջոց է: Գեղեցիկ են նրանք, որոնք ուրախ են ու պոզիտիվ ալիքներ են փոխանցում: Եթե գաղտնիքը թաքնված լիներ ամեն օր մեր մասին հոգ տանելու սովորության մեջ, ապա գեղեցիկ լինելն այնքան էլ դժվար չէր լինի:
– Վստահ եմ` Ձեզ հաճախ են սիրահարվում: Ի՞նչն է Ձեզ համար կարևոր հարաբերություններում: Տղամարդիկ ինչպիսի՞ խենթություններ են արել:
– Հարաբերություններում մենք մեծ մասամբ լավ ընկերոջ կարիք ունենք: Ունենալ սիրելի մեկին ու լինել վստահ: Սա լավագույն տարբերակն է:
Ինձ գերելը հեշտ գործ չէ: Ես շատ տարբեր եմ` առանձնահատուկ ճաշակով: Ամենախենթ բանը, որն ինձ համար արել են, իմ անունը մարմնին դաջելն է:
– Ո՞րն է Ձեր գեղեցկության չափանիշն ու հաջողության բանաձևը:
– Գեղեցկության չափանիշը պետք է հոգին լինի: Ուրիշ ոչինչ: Երբ մարդ գեղեցիկ հոգի ունի, նա միշտ շողում է: Հաջողության բանաձևս էլ շատ պարզ է` պետք է հետևել ներքին ձայնին ու անել այն, ինչ ինքն է թելադրում, նույնիսկ, եթե հակասում է հասարակության պահանջներին:
Գոհար Ադամյան
168.am