Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի «Աշխարհի երգիչ» մրցույթի եզրափակիչ փուլ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի «Աշխարհի երգիչ» մրցույթի եզրափակիչ փուլ

BBC (ԲիԲիՍի) Քարդիֆի «Աշխարհի երգիչ» հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել մեր հայրենակցուհի, լոնդոնաբնակ ճանաչված սոպրանո Անուշ Հովհաննիսյանը։ Անցյալ տարվա ընթացքում պրոֆեսիոնալ ժյուրին աշխարհի 6 քաղաքներում 4 փուլով լսումների արդյունքում ընտրել է եզրափակիչ փուլի 20 մասնակցի։ Մրցույթին յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել 3 հոգի։ Հայաստանը ներկայացրել է միայն Անուշ Հովհաննիսյանը։

«Աշխարհի երգիչ»-ը, որ անցկացվում է երկու տարին մեկ անգամ,  Ուելսի տարվա ամենամեծ մշակութային իրադարձությունն է։ Այս մրցույթը համարվում է դասական երգի միջազգային ամենահեղինակավոր ստուգատեսը՝ դասական երգարվեստի յուրատեսակ օլիմպիադա։
Հուլիսին կայանալիք եզրափակիչում մրցույթն անցկացվելու է երկու ուղղությամբ՝ կամերային երաժշտության և օպերային արիաների։ Ֆինալիստներն իրենք են որոշում իրենց նախընտրած  ուղղությունը։ Մեր հայրենակցուհին հանդես կգա  վերը նշված երկու ուղղություններով։ Եզրափակիչը տեղի կունենա հունիս 15-ին և 18-ին՝ օպերային երգարվեստի գծով, իսկ հունիսի 11-ին և 16-ին՝ կամերային երաժշտության։

Եզրափակիչ փուլի ելույթները հեռարձակվելու են  ԲԻԲԻՍԻ հեռուստատեսության և ռադիոյի ուղիղ եթերով, ինչպես նաև համացանցով։
Անուշ Հովհաննիսյանը օպերային մրցույթում հանդես կգա համաշխարհային պրեմիերայով։ Նա առաջին անգամ կկատարի 170 տարի առաջ գրված հունգարացի մեծ կոմպոզիտոր Ֆրանց Լիստի նոր «Սարդանապալ» օպերայից հույն ստրկուհի Միռայի դերերգը։ Օպերան ասորական Սարդանապալ թագավորի և նրա հույն ստրկուհու սիրո պատմության մասին է։ Այս օպերան Լիստն անավարտ է թողել և միայն վերջերս է հայտնաբերվել արխիվում։ Օպերայի ձայնագրություններն արդեն կատարվել են Լոնդոնում և շուտով կթողարկվեն ոչ միայն ձայներիզ և վավերագրական ֆիլմ, այլև կհրատարակվի օպերայի մասին ուսումնասիրություն։

Այսօր ֆիլմից մի քանի հատվածներ  թողարկվել են նորահայտ օպերայի կայքէջում` www.sardanapalo.org, որն արդեն մեծ արձագանք է գտել միջազգային մամուլում, այդ թվում՝ «Նյու Յորք Թայմս», «Թելեգրաֆ» և այլ ազդեցիկ թերթերում։

Այսօր BBC-ում տեղի է ունեցել նաև մամլո ասուլիս, որին մասնակցել և լրագրողների հարցերին են պատասխանել  օպերան բացահայտած և ուսումնասիրած դոկտոր Թրիփեթը և սոպրանո Անուշ Հովհաննիսյանը։
« Իմ երաժշտական կարիերայում սա բացառիկ երևույթ և մեծ պատիվ է, որ նման հռչակավոր կոմպիզոտորի ստեղծագործության առաջին կատարումը վստահվում է ինձ։ Այդ անավարտ օպերայից հատվածը երգելու եմ առաջին անգամ և ներկայացնելու եմ Հայաստանը»,- ասում է ՕՐԵՐ-ի հետ զրույցում Անուշ Հովհաննիսյանը։ Նշենք նաև, որ մրցույթի հաղթողը ստանալու է հաղթական գավաթը, ֆինանսական պարգև և իհարկե, միջազգային ճանաչում և առանձնահատուկ կարգավիճակ։

Նախկինում այս մրցույթին հայազգի երգիչներից մասնակցել է գերմանական Էրֆուրտի օպերային թատրոնի մեներգիչ բաս Վազգեն Ղազարյանը, ով մյուս տարի դեբյուտային ելույթներով հանդես կգա Նյու Յորքի հեղինակավոր Մետրոպոլիտեն օպերային թատրոնում։
Հիշեցնենք նաև, որ  2016 հոկտեմբերի 17-ին Անուշը ճանաչվեց հեղինակավոր «Ստելա Մարիս» մրցույթի հաղթող, միաժամանկ արժանանալով 4 գլխավոր մրցանակի, իսկ  դեկտեմբերի 4-ին Մարսելում Բելլինիի անվան բելկանտոյի մրցույթում  արժանացավ շվեյցարական  Գշտատի Ամանորյա փառատոնի հատուկ մրցանակին, ըստ որի նա 2018 թվին մենահամերգով հանդես կգա Շվեյցարիայում։
Իսկ մի քանի շաբաթ առաջ, 2017-ի փետրվարին Լոնդոնի Քովենթ Գարդենում Անուշ Հովհաննիսյանը մեներգով հանդես եկավ Woold Works ժամանակակից բալետում։