Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների հետ հարցազրույցների շարքը, որի շրջանակներում նրանց հետ զրուցում ենք իրենց ընտանիքի մասին։
Այս անգամ մեր զրուցակիցը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն է։
– Պարո՛ն Ղազարյան, Դուք երկար տարիներ զբաղվել եք սպորտով, հանդես եք եկել Հայաստանի բասկետբոլի հավաքականում: Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ մարզաձևը:
– Բասկետբոլով սկսել եմ զբաղվել յոթ տարեկանից։ Ինձ համար բասկետբոլն ամենագեղեցիկ, ամենադինամիկ մարզաձևն է։ Ընդհանրապես, յուրաքանչյուր մարզաձև ունի իր յուրահատկությունը։ Բասկետբոլն ինտելետկուալ մարզաձև է, սակայն խաղացողը պետք է ունենա նաև մի շարք ֆիզիկական ընդունակություններ՝ լինի ճարպիկ, արագաշարժ։ Նշեմ, որ մարզվել եմ նաև թենիսով, սակայն բասկետբոլն ինձ ավելի գրավեց և շարունակեցի զբաղվել հենց այս մարզաձևով։
– Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ նվաճումը սպորտում:
– Խորհրդային միության տարիներին անհնար էր այս մարզաձևում բարձր տեղեր գրավել, որովհետև այն շատ բարդ է և մեր երկրում էլ ոչ այնքան զարգացած։ Բասկետբոլի մեր թիմը եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն։
– Ովքե՞ր են Ձեր ծնողները։ Ինչպիսի՞ ընտանիքում եք դաստիարակվել։
– Ծնողներս մանկավարժ են։ Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է։ Հայրս սպորտային մանկավարժության աշխարհում ճանաչված գիտնական է: Մայրս անգլերենի ուսուցչուհի է եղել։
–Ձեր ծնողներից ստացած գլխավոր խորհուրդը, որը փոխանցում եք Ձեր զավակներին։
– Ամենակարևորը՝ մարդ պետք է ազնիվ լինի։ Ազնվությունն ամեն ինչից վեր է։ Եթե մարդ հոգով ազնիվ է, նա իր յուրաքանչյուր քայլերի համար պատասխանատու կլինի։ Եթե լինես պարզ, ճշմարիտ, ազնիվ, անպայման հաջողության կհասնես։
– Ձեր կնոջ հետ սովորել եք միևնույն դասարանում: Իսկ ե՞րբ հասկացաք, որ ավելին եք, քան ուղղակի դասընկերներ:
Գաբրիել Ղազարյանի ավագ դուստրը
– Դա ավելի բարձր դասարաններում էր, երբ ավելի լուրջ ես նայում կյանքին, հասկանում զգացմունքներդ։ Քանի որ ամեն ինչ փոխադարձ էր, ուստի ինստիտուտն ավարտելուց հետո որոշեցինք ամուսնանալ։
– Այսինքն՝ նա Ձեր առաջի՞ն սերն է եղել։
– Ես շատ եմ սիրահարվել՝ սկսած մանկապարտեզի տարիքից, բայց գիտակից տարիքում ավելի լուրջ ես նայում կյանքին և հասկանում որ սերը տարբերվում է սիրահարվածությունից։
– Ինչպե՞ս ամուսնության առաջարկություն արեցիք։
Գաբրիել Ղազարյանի որդին
– Ես շատ մտերիմ էի կնոջս ընտանիքի հետ, այնպես որ նման հատուկ առաջարկ չի եղել։ Գնացի իրենց տուն և ասացի՝ ամուսնանում ենք։ Ի դեպ, զոքանչս ինձ շատ էր սիրում։
– Ի՞նչ հատկանիշներով է նա Ձեզ գրավել։
– Ազնվություն, ուղեղի ճկունություն, խելք…բոլոր այն որակները, որ պարտադիր պետք է ունենա յուրաքանչյուր մարդ։ Կինս ավարտել է ԵՊՀ- ն, սակայն դա այդքան էլ կարևոր չէ։ Ըստ իս, յուրաքանչյուր կին պետք է իր մասնագիտությամբ առաջին հերթին ծառայի իր ընտանիքին։ Կարծում եմ՝ ընտանիքի մայր լինելը կանացի ամենակարևոր մասնագիտությունն է։
– Ինչպիսի՞ ամուսին եք, կբնութագրե՞ք Ձեզ։ Խստապահա՞նջ տղամարդ եք։
Գաբրիել Ղազարյանը՝ կրտսեր դստեր հետ
– Ես մեղմ ու բարի եմ, ինչպես նաև՝ խստապահանջ։ Ընդհանրապես, չեմ գոռում, ընտանեկան հարցերը կարելի է լուծել հանգիստ, հայացքով էլ կարելի է ամեն ինչ բացատրել։
– Հաշվի առնելով զբաղվածությունը՝ հասցնու՞մ եք բավարար ժամանակ հատկացնել ընտանիքին։ Ինչպե՞ս եք ընտանիքւոմ անցկացնում ազատ ժամանակը։
– Ամենադժվար և բարդ խնդիրը՝ ժամանակի սղությունն է։ Իհարկե, լինում են ազատ կիրակիներ։ Ընտանիքում սիրած զբաղմունքներ շատ ունենք։
– Ընտանիքում սպորտով զբաղվու՞մ եք։
– Երեխաներս մարզվել են, ֆիզկուլտուրան մեր ընտանիքի անպակաս մասն է։ Կինս ևս ժամանակին զբաղվել է սինքրոն լողով։
– Ինչպե՞ս է օրը սկսվում ձեր ընտանիքում։
– Նախաճաշով։ Դա միակ պահն է, երբ բոլորս միասին հավաքվում ենք։ Հետո յուրաքանչյուրն անցնում է իր գործերին։
– Կպատմե՞ք Ձեր զավակների մասին։
– Տղաս տնտեսագետ է և աշխատում է իր մասնագիտությամբ, ավագ դուստրս դիմածնոտային վիրաբուժության օրդինատոր է, իսկ կրտսեր դուստրս սովորում է դպրոցում։
– Օլիմպիական խաղերին հետևում էիք Ռիոյից։ Ի դեպ՝ էմոցոնա՞լ երկրպագու եք: Ինչպե՞ս էիք երկրպագում մեր մարզիկներին:
– Հանգիստ երկրպագու եմ, բայց պոռթկումներ երբեմն լինում են։ Շատ դրական և բարձր եմ գնահատում մեր օլիմպիական մարզիկների ելույթները։ Մասնագիտական առումով նրանք ավելին կարող էին անել։ Սակայն, սպորտը բարդ և անկանխատեսելի ոլորտ է։ Ոչ ոք չի կարող ասել՝ թե մրցահարթակ դուրս եկած մարզիկն ինչպես կդրսևորի իրեն, որովհետև կան մի շարք գործոններ՝ հոգեբանական, ֆիզիկական, մասնագիտական։ Փառք ու պատիվ Արթուր Ալեքսանյանին, մենք գիտեինք, որ նա ամենաուժեղն է, բայց ոչ ոք չէր կարող հաստատ ասել, որ չեմպիոն կդառնա։ Ինչ վերաբերվում է Միհրան Հարությունյանին, ապա նա, բնականաբար, հիասթափվեց կատարվածից, բայց բոլոր ոլորտներում էլ անարդարություններ լինում են։ Միհրանը բնականաբար կշարունակի իր կարիերան և կպատաստվի աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։ Նա պետք է հասնի նրան, որ կարողանա 2020թ. Ճապոնիայի օլիմպիական խաղերին նվաճել ոսկե մեդալ։
–Պարոն նախարար, շարունակեք միտքը. «Կյանքն առանց կնոջ, նույնն է…»։
– Չեմ պատկերացնում՝ ինչպես կյանքը կարող է լինել առանց կնոջ։ Շատ անհետաքրքիր և բարդ կլինի…
– Ի՞նչ կմաղթեք հայ կանանց։
– Ես ցանկանում եմ, որ մեր կանայք միշտ լինեն ժպտերես, խնամված և սիրով լի՝ սիրեն և սիրվեն։