Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան. life.panorama.am

Այսօր՝ մարտի 21-ին հաղորդավար Մհեր Խաչատրյանը նշում է ծննդյան 28-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում Մհերը նախ կատակելով նշեց, թե զգացողությունները շատ բուռն են.

«Հետաքրքիր ու տարբեր զգացողություններ ունեմ: Երեկ, երբ 27 տարեկան էի, լրիվ ուրիշ կերպ էի մտածում, այսօր, երբ դարձ 28, բոլորովին այլ մտքեր ունեմ, հիմա ոնց որ լրիվ ուրիշ մարդ լինեմ,- կատակելով նշեց հոբելյարն ու շարունակեց.

«Իրականում այնպես չէ, որ ծրագրերս մեկ օրում լրիվ փոխվեցին: Նոր տարիքում էլ կշարունակեմ աշխատել արդեն սկսած ծրագրերում, կփորձեմ դա անել շատ ավելի լավ, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»:

Մհերը չցանկացավ խոսել նախկինում արված բացթողումների մասին, բայց նկատեց.

«Ինչ խոսք, բոլորի նման ես էլ բացթողումներ, սխալներ, ինչու ոչ՝ նաև սխալների ուղղումներ ունեցել եմ իմ կյանքում, բայց դրանք առանձնացնել ու դրանց մասին խոսել հիմա չեմ ցանկանա»:

Ծննդյան օրը Մհերը սիրում է նշել.

«Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը, փոխարենը կլինեմ տանը՝ ընտանիքիս հետ միասին: Միաժամանակ, առաջիկայում ամենահարմար օրը ընկերներիս հետ կհավաքվենք: Ինձ համար բնավ կարևոր չէ, որ հենց ծննդյանս օրը հավաքույթ կազմակերպեմ»,- պատմեց հաղորդավարն ու նկատեց.

«Շատ հաճելի է, երբ մարդիկ ծննդյանդ օրը հիշում են, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղում: Էլ ավելի հաճելի է, երբ շնորհավորում են անծանոթները: Թվում է, թե դա փոքր բան է, եղածն ընդամենը շնորհավորանք է, բայց իսկապես հաճելի է: Ես շատ շնորհակալ եմ բոլորին՝ իրենց ջերմության ու ժպիտների համար»:

Մհեր Խաչատրյանը, ծննդյան օրը երազանքների, նպատակների մասին մտածելիս, չի սահմանափակվի միայն խիստ անձնական ցանկություններով.

«Ինչ խոսք, ամենակարևոր ցանկությունս  հարազատներիս, ընկերներիս միշտ առողջ տեսնելն է, քանի որ դրանից շատ բան է կախված: Իսկ բացի անձնական ցանկություններից, շատ եմ ուզում, որ մեր երկրում շատանա դրական մթնոլորտը, լավատեսությունը, ինչը վերջերս շատ է պակասել: Նկատելի է, որ մարդիկ հիմա ավելի շատ խոսում են բացասական, քան դրական նորություններից. սա շատ կուզեի, որ փոխվեր»,- նշեց նա:

Անդրադառնալով «Դոմինո» սիթքոմին, Մհերը պատմեց.

«Այսօր կհեռարձակվի սիթքոմի 4-րդ եթերաշրջանի 3-րդ սերիան: Այսինքն՝ ամեն ինչ դեռ առջևում է, իսկ գալիք սերիաներում մենք ունենալու ենք հետաքրքիր զարգացումներ՝ ինչպես ամեն անգամ»:



Նման նյութեր