50 հազար դրամներ են հավաքում 114 դպրոցի տնօրենին, փոխտնօրենին նվեր գնելու համար. armtimes.com
Advertisement 1000 x 90

50 հազար դրամներ են հավաքում 114 դպրոցի տնօրենին, փոխտնօրենին նվեր գնելու համար. armtimes.com

Երևան քաղաքի Հանրապետության փողոցի վրա գտնվող Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի ավարտական դասարաններում դրամահավաք է սկսվել: Armtimes.com-ի խմբագրությունն ահազանգ է ստացել, որ դպրոցի տնօրեն Ռուզան Կոստանյանի, փոխտնօրեններից մեկի, և ավարտական 3 դասարանների դասղեկներին նվերներ գնելու համար յուրաքանչյուր աշակերտի մասով 50 հազարական դրամներ է հավաքվում: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 3 դասարանի աշակերտները միասին ավելի քան 90 հոգի են կազմում: Այսինքն՝ ակնկալվում է հավաքել մոտ 4.5 միլիոն դրամ:

Armtimes.com-ը լուրի իսկությունը ստուգելու նպատակով խոսեց նաև դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի հետ: «Ոչ, նման բան չկա: Վերջին զանգը դպրոցում արվում է իրենց կողմից, իրենց միջոցառումներն են: Թե ծնողներն ի՞նչ են անելու, ո՞ւր են գնալու, ի՞նչ են հագցնելու իրենց երեխեքին, էդ ընդհանրապես դպրոցը կապ չունի ու թող չփորձվի որևէ մեկն իրենց երեխեքի համար արված բանը դպրոցի վրա գրել ու ասել»,- ասաց Ռուզաննա Կոստանյանը: Դիտարկմանը, որ ահազանգի համաձայն պետք է նվերներ գնեն տնօրենի, փոխտնօրենի և դասղեկների համար, նա այսպես արձագանքեց. «Ի՞նչ դպրոցի տնօրեն, փոխտնօրեն, ի՞նչ եք ասում: Չէ, նման բան չկա, ուղղակի ես զայրանում եմ էդ ասածից, գիտե՞ք»:

114 դպրոցի տնօրենին մանրամասնեցինք, թե ինչպե՞ս պետք է նվերներ արվեն, նա շարունակեց նույն տոնով արձագանքել. «Ի՞նչ նվեր, էդ ինչ բան է: Նվեր, եթե ցանկություն ունենում են, դպրոցին անում են: Օրինակ, որ գաք դպրոցի իմ կաբինետը, կտեսնեք նկար կա, պատին Մաշտոցի գորգ կա, ուղեգորգեր կա, որ ամեն տարի ասենք շրջանավարտները, եթե ցանկություն են ունենում, անում են: Բայց էս քանի տարի է նման բան ընդհանրապես չեն անում, որովհետև ավագ դպրոց է, եկած երեխեք են, իրենց հեչ պետքը չի ո´չ էս դպրոցը, ո´չ էլ դպրոցին նվեր անելը»:

Հիշեցնենք, որ թիվ 114 դպրոցում տարաբնույթ հարցերի շուրջ դրամահավաքների մասին ահազանգերը նոր չեն: 2012 թվականին դասարանից դասարան տեղափոխելու համար, մամուլում գրվեց, որ մինչև 100 ԱՄՆ դոլար է հավաքվել: Ավելի վաղ՝ 2010-ին էլ գումարներ էին հավաքել դպրոցական համազգեստ գնելու համար և այլն: