ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 8 հանդիպում կայացան սեպտեմբերի 13-ին: Կայացել են A, B, C և D խմբերի հանդիպումները:
A խմբում միմյանց դեմ ուժերը չափել են շվեյցարական «Բազել»-ն ու բուլղարական «Լուդոգորեց»-ը: Շվեյցարական ակումբը սեփական հարկի տակ չի կարողացել հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Առաջին խաղակեսի վերջնամասում բուլղարական ակումբը Ջոնաթան Կաֆուի ջանքերով կարողացել է առաջ անցնել հաշվի մեջ, սակայն 80-րդ րոպեին Ռենատո Ստեֆենը կարողացել է հավասարեցնել հաշիվը, ինչն օգնել է «Բազել»-ին խուսափել պարտությունից:
Խմբի մյուս խաղում նույնպես թիմերը չեն կարողացել հաղթողին որոշել: Փարիզում ֆրանսիական ՊՍԺ-ն ընդունել էր Լոնդոնի «Արսենալ»-ին: Հանդիպման արդեն առաջին րոպեին փարիզյան ակումբի ֆուտբոլիստներն առաջ են անցել հաշվի մեջ. գլխի գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ է դարձել Էդիսոն Կավանին: Հանդիպման 78-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսի գոլի շնորհիվ «Արսենալ»-ին հաջողվել է խուսափել պարտությունից:
B խմբում պորտուգալական «Բենֆիկա»-ն ու թուրքական «Բեշիկթաշ»-ը մեկական գնդակ են փոխանակել: Պորտուգալական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Ֆրանկո Կերվին, իսկ «Բեշիկթաշ»-ի կազմում՝ Անդերսոն Թալիսան:
Խմբի մյուս խաղում Կիևի «Դինամո»-ն սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել է իտալական «Նապոլի»-ին: Ուկրաինական ակումբի ֆուտբոլիստներն առաջինն են հասել հաջողության. 12-րդ րոպեին դաշտի տերերին առաջ է մղել Դենիս Գարմաշը, առաջին խաղակեսում Արկադիուշ Միլիկի երկու գոլի շնորհիվ «Նապոլի»-ն կարողացել է հաղթանակի հասնել և միանձնյա գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը:
C խմբում ուժերը չափել են կատալոնական «Բարսելոնա»-ն և շոտլանդական «Սելթիկ»-ը: «Նոու Կամպ» մարզադաշտում կատալոնական ակումբի ֆուտբոլիստները Իսպանիայի առաջնության խաղում վերջին ձախողումից հետո իսկական գոլային հրավառություն են կազմակերպել իրենց երկրպագուների համար: «Բարսելոնա»-ն 7 անպատասխան գնդակ է ուղարկել «Սելթիկ»-ի դարպասը: Կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսին դարձել է հեթ-տրիկի հեղինակ, երկու գոլ է խփել Լուիս Սուարեսը, մեկական գոլի հեղինակ էլ դարձել են Անդրես Ինյեստան և Նեյմարը: 24-րդ րոպեին «Սելթիկ»ի ֆուտբոլիստները չեն կարողացել իրացնել «Բարսելոնա»-ի դարպասին նշանակված 11-մետրանոցը: Խմբի մյուս խաղը՝ «Մանչեսթեր Սիթի»-«Բորուսիա Մյունխենգլադբախ», հետաձգվել է հորդառատ անձրևի պատճառով և կկայանա սեպտեմբերի 14-ին:
D խմբում Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ջախջախել է ռուսաստանյան «Ռոստով»-ին: Հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով: Մյունխենյան ակումբի կազմում մեկական գոլ են հեղինակել Ռոբերտ Լևանդովսկին, Թոմաս Մյուլերը, Խուան Բերնատը, երկու գոլի հեղինակ է դարձել Ջոշուա Կիմիխը:
Խմբի մյուս խաղում էլ Մադրիդի «Ատլետիկո»-ն մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն»-ի նկատմամբ: 43-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Սաուլը: Առաջին խաղակեսի վերջում մրցավարը 11 մետրանոց հարված է նշանակել «Ատլետիկո»-ի դարպասին, սակայն հոլանդական ակումբի ֆուտբոլիստները չեն կարողացել հստակ իրացնել այն:
Սեպտեմբերի 14-ին կկայանան մյուս խմբերի հանդիպումները: E խմբում գերմանական «Բայեր»-ը սեփական հարկի տակ ուժերը կչափի Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ, իսկ անգլիական «Տոտենհեմ»-ը՝ ֆրանսիական «Մոնակո»-ի:
F խմբում Վարշավայի «Լեգիա»-ն սեփական հարկի տակ կընդունի գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ին, իսկ Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կհյուրընկալի Լիսաբոնի «Սպորտինգ»-ին:
G խմբում բելգիական «Բրյուգե»-ն կընդունի անգլիական «Լեսթեր Սիթի»-ին, պորտուգալական «Պորտու»-ն սեփական դաշտում կմրցի դանիական «Կոպենհագեն»-ի հետ:
H խմբում իտալական «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ կխաղա իսպանական «Սևիլիա»-ի հետ, ֆրանսիական «Լիոն»-ը կհյուրընկալի Խորվաթիան ներկայացնող «Դինամո Զագրեբ»-ին:
Սեպտեմբերի 14-ին կկայանա նաև C խմբի «Մանչեսթեր Սիթի»-«Բորուսիա Մյունխենգլադբախ» խաղը, որը հետաձգվել է եղանակային վատ պայմանների հետևանքով: