Դուբլինի Քրիստոսի եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի երեկո է կազմակերպվել
Advertisement 1000 x 90

Դուբլինի Քրիստոսի եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի երեկո է կազմակերպվել

Իռլանդիայի Դուբլին քաղաքի կենտրոնում տեղակայված Քրիստոսի եկեղեցում ապրիլի 24-ին տեղի ունեցավ հիշատակի երեկո, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցին և կազմակերպվել էր Իռլանդիայի հայ համայնքի կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Երեկոյի ընթացքում ներկաներին իրենց խոսքն ուղղեցին Դուբլինի արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը, Քրիստոսի եկեղեցու առաջնորդ Դերմոտ Դունը, Դուբլինի համալսարանի փիլիսոփայության դպրոցի պրոֆեսոր Մարիա Բաղրամյանը, դատապաշտպան Սունիվա Մքդոնահը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչը։ Միջոցառման ընթացքում կատարվեցին օրվա խորհրդին նվիրված հայկական երգեր և դաշնամուրային կատարումներ, իսկ ներկա գտնվող մանուկների կողմից հնչեցին աղոթքներ։

Հուշ-երեկոյից հետո ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղիկներ զետեղելով եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ։