«Շատ մեծ նվեր էր ինձ համար». Անահիտ Շահբազյանը Արսեն Գրիգորյանի նվերի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Շատ մեծ նվեր էր ինձ համար». Անահիտ Շահբազյանը Արսեն Գրիգորյանի նվերի մասին. life.tert.am

Երգչուհի Անահիտ Շահբազյանը նոր տեսահոլովակ ունի, որն իր  հանդիսատեսի դատին կհանձնի մինչև մայիսի կես։ Tert.am Life–ի հետ զրույցում Անահիտը հայտնեց, որ նոր տեսահոլովակի ռեժիսորն իր ամուսինն է` երաժիշտ Կարեն Զադիրյանը։ Վերջինս կրթությամբ ռեժիսոր է։

«Տեսահոլովակը վաղուց ենք նկարահանել, սակայն ինչ-ինչ հանգամանքների պատճառով մոնտաժային աշխատանքները ձգձգվեցին։ Հիմա, կարծես թե, մոտենում ենք ավարտին։ Հուսով եմ` մինչև մայիսի կես պատրաստ կլինի»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ պարզ տեսահոլովակ են նկարահանել։

«Արևի» նկարահանումները տաղավարում են եղել։ «Սյուժետային գիծ, որպես այդպիսին, չկա, սակայն հետաքրքիր կլինեի դիտել։ Չգիտեմ` ինչքանով է ստացվել։ Ինձ համար էլ է անակնկալ վերջնական արդյունքը, քանի որ ինքս չեմ մասնակցել մոնտաժային աշխատանքներին, այդ ամենով ամուսինս է զբաղվել։ Նա մասնագիտությամբ ռեժիսոր է և շատ օգնեց ինձ։  Կարենն ունիվերսալ անձնավորություն է` ամեն ինչում կա։) Շատ ուրախ եմ, որ կողքիս է,– նշեց երգչուհին ու հավելեց, որ տեսահոլովակը շունչ կտա երգին, որն իր համար շատ թանկ է։ – Այս երգն ինձ համար շատ սիրելի էր և պետք է շունչ տալ, որպեսզի տեսահոլովակով ապրի, մարդիկ հեռուստատեսությամբ տեսնեն, լսեն»։

Այս երգն Անահիտը նվեր է ստացել երգահան  Արսեն Գրիգորյանից։ «Շատ բարի երգ է։ Մոտ երկու տարի առաջ Արսենն ինձ նվիրեց այս երգը։ Դա շատ մեծ նվեր էր ինձ համար, որից շատ ուրախացա։ Երգի գործիքավորումն էլ է Արսենն արել»,– ասաց երգչուհին, ով անհամբեր սպասում է տեսահոլովակին։

Հայկական շոու բիզնեսում տեսահոլովակ նկարահանելն էժան հաճույք չէ։ Ոչ կոմերցիոն երգիչների համար նորություններով հանդես գալն այս պատճառով ավելի է բարդանում։ «Ես կոմերցիոն երգչուհի չեմ, բնականաբար, մի փոքր դժվար է փորձել գումար դնել մի կողմ, որ ունենամ որակով տեսահոլովակ։ Շատ ավելին կցանկանամ ունենալ, սակայն  այս պահին կարողանում եմ ստեղծել այն, ինչ իմ գումարը թույլ է տալիս»,– ասաց երգչուհին ու շնորհակալություն հայտնեց գործընկերներին` ըմբռնման համար։

«Շոու բիզնեսի ընկերներս հասկանում են, որ ես այն հիթային երգչուհին չեմ, ով կկարողանա սրանով մեծ գումարներ վաստակել։ Ըստ այդմ` զեղչեր ու նվերներ են անում։ Շատ շնորհակալ եմ, որ այդքան լավ մարդիկ են»,– նշեց Անահիտը։

Ամբողջությամբ՝ Life.tert.am