Սոնա Մուրադյանը` երկարատև լռությունից հետո կրկին ակտիվ գործունեության և նշանադրության մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Սոնա Մուրադյանը` երկարատև լռությունից հետո կրկին ակտիվ գործունեության և նշանադրության մասին. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Սոնա Մուրադյանն, ով այժմ նկարահանվում է «Out Dance» սիթքոմում:

– Սոնա, հեռուստադիտողին ծանոթ եք տարբեր նախագծերից, սերիալներից ու հաղորդումներից: Սակայն երկար ժամանակ էր, ինչ դադար էիք վերցրել: Հետաքրքիր է` ինչո՞վ էր պայմանավորված էկրանային լռությունն ու ի՞նչը համոզեց Ձեզ ընդունել սիթքոմի առաջարկը:

– Ճիշտ եք նկատել, երկարատեւ աշխատանքից հետո սկսեցի այլեւս չնկարհանվել սերիալներում, փոխարենը` միայն որպես հաղորդավարուհի էի ներկայանում, իսկ «Ակորդ» հաղորդման փակվելուց հետո, առհասարակ էկրաններին չէի երեւում: Այս դադարը, նախեւառաջ, ինձ էր պետք, կարիք ունեի լիցքավորվելու, գերհոգնածությունս թոթափելու: Այս ընթացքում ինձ տրամադրեցի իմ սիրելի թատրոնին, բազում պրեմիերաներ ունեցա, անձնական կյանքիս համար կարեւոր որոշում կայացրեցի` նշանադրվեցի: Այսինքն` իրականում դադարը շատ լիքն էր, բայց ոչ` էկրանային: Իսկ թե ինչպես որոշեցի չեղարկել դադարը, դա շատ ինքնաբերաբար ստացվեց: Կարծում եմ` յուրաքանչյուր արվեստագետ էլ դադարից հետո կարիք ունի նորից ակտիվ աշխատելու: Այս ընթացքում առաջարկ ստացա իմ շատ լավ ընկերոջից, ով սիթքոմի տնօրենն է ու սիրով համաձայնեցի:

«Out Dance» սիթքոմում ո՞վ է Ձեր հերոսուհին եւ քանի որ այս նախագիծը պարային ուղղվածություն ունի, հետաքրքիր է` ինչպես եք հմտություններին տիրապետում:

– Սիթքոմային իրավիճակում երբեք ինձ չէի փորձել: Այստեղ ամեն բան ինձ հետաքրքիր է` սկսած թիմից, վերջացրած աշխատանքային գործընթացով: Ասեմ նաեւ, որ ամեն սերիայի համար երկար նախապատրաստվում ենք` լավ արդյունք ունենալու համար: Ինչ վերաբերվում է իմ հերոսուհուն, նա շատ խենթ կին է, ով ամուսնալուծվել է, բայց շարունակում է սիրել իր ամուսնուն: Նա չի հասկանում, թե ինչու են ամուսնալուծվել ու ամեն գնով ուզում է հետ բերել նախկին ամուսնուն: Նա շատ հետաքրքիր կին է, հումորով լեցուն, ոչ ստանդարդ, ինչը ամենակարեւորն է: Հերոսուհիս ուժեղ կերպար է, իր ուժերով ստեղծել է պարի դպրոց ու շատ կազմակերպված է: Պարային կողմով փորձում եմ որոշ բաներ անել, բայց ես պարուհի չեմ: Ասեմ, որ ընդունում եմ, որ պրոֆեսիոնալ չեմ պարում, եվ փորձում եմ պարել` որպես դերասանուհի,: Հասկանում եմ, որ միեւնույն է, պրոֆեսիոնալ պարողների նման չի ստացվի, նաեւ ընդունում եմ, որ ամեն մի արվեստ իր խորքային ճյուղերն ունի եւ միայն շատ մանրամասն ուսումնասիրելուց հետո է հնարավոր տիրապետել դրա բոլոր կողմերին: Ի դեպ` ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր պարուսույցին` Շուշանիկին, ով ամեն ինչ անում է լավ աշխատանք ունենալու համար:

– Սոնա, արդեն երկար տարիներ է` աշխատում եք Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ հանար թատերական աշխարհը:

– Թատրոնը իմ թթվածինն է, իմ շնչելիքն է, ապրելիքը: Թատրոնն իմ տունն է, թատրոնն իմն է: Ես ինձ այստեղ կարողանում եմ լիարժեք արտահայտել, առանց թատրոնի ինձ չեմ պատկերացնում, նաեւ ինձ չեմ պատկերացնում այլ թատրոնում: Մարդիկ ինչպես չեն կարողանում բացատրել, թե ինչ է իրենց համար ընտանիքը, այնպես էլ ես չեմ կարողանա բացատրել, թե ինչ է թատրոնն ինձ համար: Այս թատրոնում արդեն վեց տարի է, ինչ աշխատում եմ: Խաղացել եմ եւ գլխավոր, եւ երկրորդական, եւ մասսայական դերերում: Անկեղծ եմ ասում` ես ոչ մի կերպ չեմ տարբերում դերը գլխավորը է, թե` ոչ: Արդեն իսկ մեծ պատիվ է բարձրանալ մի բեմ, որտեղ քեզնից առաջ կանգնել են վաստակաշատ դերասաններ, ովքեր կերտել են մեր թատրոնը: Ի դեպ` իմ բեմական բոլոր հաջողությունների եւ թատրոնի մի մասնիկը լինելու համար շնորհակալ եմ իմ մեծ վարպետին` Երվանդ Ղազանչյանին:

– Ըստ Ձեզ` դերասանը շա՞տ է տարբերվում բեմում եւ տեսախցիկի առաջ:

– Այո, դրանք տարբեր աշխարհներ են: Թատրոնում հանդիսատեսի առաջ դուրս ես գալիս ամիսներ շարունակ տեւած փորձերից հետո, իսկ նկարահանումների ժամանակ կարող ես մեկ, երկու դուբլից հետո աշխատանքդ ավարտած համարես: Ինձ համար, անշուշտ, թատրոնն առաջնային է: Ես շատ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, քանի որ այլ ոլորտում հաստատ ես ինձ այսքան երջանիկ չէի համարի:

– Սոնա, Ձեր թույլտվությամբ կցանկանամ խոսել նաեւ անձնական կյանքից: Կպատմե՞ք, թե ով է Ձեր սիրելին եւ երբ եք պատրաստվում ամուսնանալ:

– Իմ նշանածը` Սարգիսը, իրավաբան է, տեսակով այնպիսինն է, որ չի սիրում իր կյանքը հանրայնացնել, իսկ ես էլ հարգում եմ իր տեսակետն ու որոշումները: Դեմ չէ, իհարկե, որ ես իմ մասնագիտությամբ զբաղվեմ, նաեւ դեմ չէ, երբ ես, որպես դերասանուհի, խոսում եմ իմ անձնական եւ գործնական հաջողությունների մասին: Ամուսնությունը հավանաբար շատ չի ուշանա, սակայն ժամկետներ եւս դեռ չեմ ուզում նշել:

Իրավաբանի եւ դերասանուհու միությունը ինչպե՞ս է կայանում:

– Բավականին հետաքրքիր: Ես, որպես դերասանուհի, ավելի զգացմունքային եմ, ակտիվ ու տաքարյուն, իսկ նա հակառակը` հանգիստ է, հստակ գիտի, թե հարցերին ինչ լուծումներ են պետք տալ ու շատ հավասարակշռված է: Արդյունքում իմ տաքարյունությամբ եւ իր վերահսկելու կարողությամբ բալանսի ենք գալիս: