Կիևում անցկացվող «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի մակեդոնացի մասնակից Յանա Բուրչեսկան ամուսնության առաջարկություն է ստացել իր ընկերոջից երեկ կայացած երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հեռուստադիտողների ձայների հաշվարկի ժամանակ՝ ընդմիջմանը, հաղորդավարները մոտեցել են սեղանին, որի շուրջ տեղավորված է եղել Մակեդոնիայի պատվիրակությունը։ Ելույթ է ունեցել մի տղա, ով ներկայացել է որպես Ալեքսանդր։ Նա գրպանից հանել է մատանիով տուփը, ծնկի իջել և խնդրել մակեդոնացի երգչուհուն ամուսնանալ իր հետ, իսկ վերջինս համաձայնել է՝ առանց երկմտելու։
Կազմակերպիչների խոսքով՝ դա առաջին առաջարկությունն է, որ եղել է մրցույթի պատմության ընթացքում ուղիղ եթերի ժամանակ։
Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով՝ Բուրչեսկան եզրափակիչ փուլ չի անցել։