Անողոք փաստ. երկրագնդի վրա Հայաստան կարող է լինել միայն մի տեղում` թուրքերի կողքին
Advertisement 1000 x 90

Անողոք փաստ. երկրագնդի վրա Հայաստան կարող է լինել միայն մի տեղում` թուրքերի կողքին

1991-ի ամռանը 30 հազար տպաքանակով լույս տեսավ լեզվաբան, պատմաբան Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» 200 էջանոց գրքույկը, որտեղ ամփոփված էին նրա՝ 1988-1990 թվականներին գրված հոդվածները: Իշխանյանը, շարունակաբար արժանանալով հայ ավանդական կուսակցությունների, առաջին հերթին ՀՅԴ-ի, ինչպես նաև Հայկոմկուսի և ռուսամետ հայ ինտելիգենցիայի կոշտ քննադատությանը, հետևողականորեն առաջ էր տանում, իր իսկ ձևակերպումով՝ «երրորդ ուժի բացառման օրենքը»:

Եթե սեղմ ներկայացնենք՝ «երրորդ ուժի բացառում» նշանակում է, որ Հայաստանը չպետք է հույս դնի երրորդ երկրների թվացյալ կամ հավանական օգնության վրա, որ արտաքին քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ, այլ կան մշտական շահեր, որ Հայաստանը պետք է անի հնարավորը՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, որ վտանգավոր, ճակատագրական վտանգավոր է ամուր բռնել ռուսական փեշը:

«Աշխարհում, ամբողջ երկրագնդի վրա Հայաստան կարող է լինել միայն մի տեղում` թուրքերի կողքին: Ուրիշ տեղ չկա և չի կարող լինել Հայաստան: Լավ է սա թե վատ, այլ հարց է, բայց անողոք փաստ է: Ավելին. այս կտոր Հայաստանը չորս կողմից է շրջապատված թուրքերով: Թուրքերն ու ադրբեջանցիները այս կողմերից հեռանալու միտք չունեն: Ռուսները կարող են մի օր հեռանալ: Արդեն մի անգամ` 1917-1918 թթ. նրանք հեռացել են այս կողմերից, և մենք վերջնական կործանման եզրին հասանք»,- գրում էր Իշխանյանը և եզրահանգում` «եթե իրոք պանթուրքիզմ կա, ապա մենք` հայերս, փրկվելու մի միջոց ունենք` խաղաղության դաշինք կնքել պանթուրքիզմի հետ»:

Առաջիկա շաբաթներին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը պարբերաբար կներկայացնի Իշխանյանի գրքից հատվածներ: Այն ժամանակ, երբ Իշխանյանը գրում էր հոդվածները, Հայաստանը բռնել էր անկախության ուղին: Այսօր, երբ Հայաստանի տնտեսական, քաղաքական, ռազմական ու հոգեբանական կախումը Ռուսաստանից դարձել է անշրջելի, Իշխանյան կարդալու ճիշտ ժամանակն է:

aniarc.am