ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափի մոտ ի հայտ եկած կղզին արագորեն հանրաճանաչ է դարձել զբոսաշրջիկների շրջանում: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Տեղացի բնակիչների խոսքով՝ շուրջ 1,6 կիլոմետր երկարությամբ եւ մոտավորապես 300 մետր լայնությամբ ցամաքի կտորը հայտնվել է ապրիլին Քեյլ հրվանդանի մերձակայքում:
Այն ստացել է «Խխունջների կղզի» ոչ պաշտոնական անվանումը, քանի որ ծածկված է եղել կակղամորթների խեցիներով: Հասարակական լողափերի հսկողության ծառայության ներկայացուցիչ Դեյվ Հալաքը նախազգուշացրել է, որ կղզի հասնել փորձող զբոսաշրջիկներին վտանգ է սպառնում:
Մասնագետի խոսքով՝ այս գոտին հանրաճանաչ վայր է ձկնորսության համար, ուստի այնտեղ հատակին ձկնորսական շատ կարթեր են մնում: Դա կարող է վտանգավոր լինել նրանց համար, ովքեր փորձում են կղզի հասնել ծանծաղուտով:
Բացի դրանից, հիշյալ մարզում զբոսաշրջիկները կարող են հանդիպել շնաձկների կամ ցցապոչկատվաձկների: Սակայն, չնայած բոլոր նախազգուշացումներին, հանգստացողները շարունակում են այցելել կղզի: