Չեմ ուզում մակաբույծի պես ապրել. 18-ամյա Գոռ Առուշանյանը՝ հարազատների կորստի, ծառայելու և իր կյանքի նոր փուլի մասին. asekose.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Չեմ ուզում մակաբույծի պես ապրել. 18-ամյա Գոռ Առուշանյանը՝ հարազատների կորստի, ծառայելու և իր կյանքի նոր փուլի մասին. asekose.am

Հուլիսի 7-ին «Դալան» պատկերասրահում տեղի է ունենալու 18-ամյա նկարիչ Գոռ Առուշյանի «Micro feelings» խորագիրը կրող ցուցահանդեսը: Asekose.am-ը զրուցել է երիտասարդ նկարչի հետ՝ ցուցահանդեսի, դրա նախապատրաստական աշխատանքների, բանակում ծառայելու մասին և ոչ միայն:

Միկրո զգացումների ժամանակ է

Ցուցահանդեսի շրջանակներում ուզում եմ ցույց տալ իմ նոր շրջանի աշխատանքները: Սա արդեն իմ երկրորդ անհատական ցուցահանդեսն է, ոճային և իմաստային առումով նոր աշխատանքներ են լինելու: Գաղափարն այն է, որ ես հիմա նկարչության մեջ նոր փուլում եմ գտնվում, իսկ ցուցահանդեսն ինձ իմ աշխատանքները կողքից տեսնելու հնարավորություն է տալու: Մի բան է տեսնել աշխատանքներդ արվեստանոցում, մեկ այլ բան, երբ դրանք արդեն ցուցասրահում են, տեսնում ես նաև մարդկանց արձագանքները և հասկանում դրանց օբյեկտիվ արժեքը: «Micro feelings» («Միկրո զգացողություններ») խորագրի անունը պայմանավորված է վերջին մեկ տարվա ինչպես անձնական, այնպես էլ այլ ապրումներով: Հիմա ինձ մոտ միկրո զգացումների ժամանակ է: Սիրահարված եմ, այսինքն՝ կան ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդակներ:

Այդ ժամանակ թվում էր, որ միայն ես եմ

Իմ առաջին ցուցահանդեսը կրում էր «Մենախոսություն» խորագիրը, այդ շրջանում հենց այդպիսի տրամադրություն էլ ունեի: Գուցե տարիքովս էր պայմանավորված, բայց ինձ այդ ժամանակ թվում էր, որ միայն ես եմ, առավել եսակենտրոն էի (ժպտում է-հեղ.), իսկ հիմա ամեն ինչ զգացողությունների վրա է հիմնված, էքսպրեսիվ նկարներ են ցուցադրվելու: Նշեմ, որ այս անգամ լինելու է ցուցահանդես-վաճառք, ընդամենը մի քանի աշխատաքներ կան, որոնք վաճառքի ենթակա չեն լինելու, որովհետև դրանք շատ եմ սիրում: Ես այն կարծիքին եմ, որ երբ նկարները վաճառվում են, շատ ավելի ճիշտ է, որովհետև դրանք այդպես ավելի շատ են տարածվում: Եթե խոսեմ գնային սանդղակից, ապա իմ նկարների արժեքը տատանվում է 100.000-500.000 դրամի սահմաններում:

Վերջին տարին հագեցած էր. ունեցա հարազատ մարդկանց կորուստներ

Սովորում եմ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում,  ունեմ դասախոսներ, ովքեր ինձ օգնում են, բայց միայն կրթական առումով: Իհարկե, կան նկարիչներ, որոնցից ոգեշնչվում եմ, բայց, ընդհանուր առմամբ, փորձում եմ միայնակ գնալ առաջ: Այս  ցուցադրությանս ներկայացվելու մոտ 26-27 աշխատանքներ, թեպետ ժամկետների մեջ աշխատել չեմ սիրում, բայց սրանք իմ վերջին մեկ տարվա աշխատանքներն են: Առհասարակ, վերջին մեկ տարին ինձ համար բավական հագեցած էր, ճանապարհորդություններ, հարազատ մարդկանց ֆիզիկական կորուստ և հակառակը՝ նոր հարազատներ: Այս տարի ինձ հաջողվեց լինել Իսպանիայում  և Իտալիայում, շատ տեղեկություններ ստացա:

Ես տարբերվում եմ

Եթե ես ինձ ներկայացնեմ, կարող եմ ասել, որ ես շատ տարբեր եմ: Կա Գոռ, ով ունի ընկերներ, ապրում է հազարավոր սովորական մարդկանց նման, առավոտյան գնում է դասերի, երեկոյան խմելու (ուրբաթ օրերին): Կա, իհարկե, նաև մեկ այլ Գոռ. չեմ ուզում գլուխ գովել, բայց կարծում եմ, որ իմ տարիքային խմբի նկարիչների մեջ ես տարբերվում եմ: Եթե միմյանց կողքին դրվեն հարյուր մարդու աշխատանքներ, ապա ինձ ճանաչողները միանգամից կհասկանան, թե որն է իմը: Առհասարակ, սեփական ձեռագիրը գտնելը բավական բարդ է, բայց դա ինձ հաջողվել է, որովհետև միշտ էլ կա խնդիր, որ ինչ-որ մեկն արդեն դա այդպես արել է, և դու իր ստվերի տակ ես: Ես ինքս էլ շատ նկարիչներից ազդեցություն եմ ունենում, ստեղծում եմ իմը և փորձում եմ զարգացնել այն:

Մեր ընտանիքում արվեստագետներ են

Ես ծնվել եմ արվեստագետների ընտանիքում: Հայրս նկարիչ Նարեկ Առուշանյանն էր, պապիկներից մեկը դերասան Լորենց Առուշանյանն է, տատիկս` գրող Ալվարդ Պետրոսյանը, մյուս պապիկս գրող Մանուկ Մնացականյանն է: Ես էլ կարող եմ ասել, որ նկարել շատ եմ սիրում, այն իմ ապրելակերպն է, ոչ թե մանագիտությունը կամ հոբբին, բայց հետագայում ուզում եմ կյանքս կապել կինոյի, մասնավորապես՝ ռեժիսուրայի հետ, որովհետև դա ինձ համար եռաչափ նկարչություն է: Բանակից հետո, կավարտեմ քոլեջը և կշարունակեմ ուսումն արդեն կինոյի ոլորտում:

Չեմ ուզում մակաբույծի պես ապրել

Շուտով՝ այս ամռանը, զորակաչվելու եմ բանակ: Չեմ ուզում կեղծել և ասել, որ գնում եմ արծիվ դառնալու, սակայն բանակը կարևորում եմ և կարծում եմ, որ յուրաքանչյուրս էլ պետք է մեր պարտքը հայրենիքի առաջ կատարենք: Ես չեմ ուզում մտածել, որ ես չեմ ծառայել, և ինչ-որ մեկը դա արել է իմ փոխարեն, որպեսզի ես մակաբույծի նման ապրեմ: Եթե չգնամ, վստամ եմ, որ նման զգացողություն կունենամ, բացի ես սխալ եմ համարում բանակից փախչել: Չեմ կարծում, որ արվեստի տեսանկյունից կարող եմ տուժել, որովհետև եթե արվեստը քո մեջ է, մեկ է` կրկին վերադառնալու ես դրան:

Asekose.am



Նման նյութեր