«Երազ» ռեստորանային համալիրում Razboy բեմական անունը կրող երգիչ Վարդան Նահապետյանի և ռեստորանի տարածքում գործող բացօթյա սրճարանի անձնակազմի միջև երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի մանրամասների մասին երգիչը պատմել է Life.panorama.am-ին:
«Երեկ քրոջս հետ որոշել էի ընթրել «Երազ» ռեստորանային համալիրում, որտեղ մուտքից սկսած ես խիստ տարօրինակություններ նկատեցի անձնակազմի շրջանում: Նախ պետք է ասեմ, որ այնտեղ աշխատող մատուցողներից մեկի հետ նախկինում անձական խնդիրներ ունեի, բայց երբևէ չէի կարող պատկերացնել, որ այդ խնդիրները կարող են խոչընդոտել իմ ժամանցը կազմակերպելուն: Երբ մտա ռեստորան, այդ մատուցողը մուտքից ձեռքիցս բռնեց ու չէր ուզում թույլ տար, որ մտնեի: Նա, հավանաբար, մտածելում, որ գնացել եմ իրեն աշխատանքից ազատելու մտադրությամբ, ապա ասաց, որ ոչ մի մատուցող մեզ չի սպասարկի, թեև ինքս հետո գոհ էի մեզ սպասարկող մատուցողից: Ի դեպ՝ մենք որոշել էինք նստել VIP-ում, սակայն ինձ սկզբում ասացին, որ այնտեղ ազատ տեղ չկա, և երբ ես ասացի, որ տեսնում եմ ազատ տեղեր ու տնօրենին պահանջեցի, նրանք անմիջապես մեզ VIP-ում տեղավորեցին: Մենք ընթրեցինք, ընթացքում շատ մարդիկ եղան, որ ճանաչեցին ինձ, մոտեցան, որպեսզի նկարվեն, ամեն ինչ, կարծես թե, նորմալ էր ընթանում, թեև ես հեռվից նկատում էի, որ անձնակազմը մեղմ ասած լավ աչքով մեր կողմը չի նայում ու իրեն ոչ ադեկվատ է պահում մեր նկատմամբ: Իսկ վերջում, երբ պետք է դուրս գայինք, մեր հետևից նրանց աշխատակիցներից մեկը վազեց, ապա հետ շրջվեց և հակառակ ուղղությամբ գնաց, այդ պահին մատուցողները սկսեցին քամահրանքով նայել: Դե իսկ ես էլ, բնականաբար, մոտեցա նրանց, մենեջերին պահանջեցի, քանի որ իմ նկատմամբ նման վերաբերմունք երբևէ չեմ տեսել, իսկ ես օգտվում եմ քաղաքի լավագույն ռեստորաններից և սրճարաններից»,- պատմեց Վարդանն ու շարունակեց.
«Երբ իմ ու անձնակազմի միջև խոսակցությունը սկսվեց թեժանալ, նրանք սկսեցին քրոջս ներկայությամբ իրենց ոչ պատշաճ պահել, քաշքշել ինձ, որն էլ գրեթե ծեծկռտուքի վերածվեց: Ցավոք, այդ ամենը եղավ սրճարանի բացօթյա վայրում նստած այցելուների ներկայությամբ, նրանք սկսեցին հեռախոսներով նկարել այդ ամենը, որը, վստահ եմ, շուտով մեծ տարածում է գտնելու»:
Razboy-ը կասկածում է, որ կատարվածի հետևում կանգնած է իր հետ նախկինում խնդիրներ ունեցած մատուցողը, ում հետ հարաբերությունները դեպի հարթացում են գնում, բայց նրան արդեն իսկ աշխատանքից հեռացրել են:
Երգիչը նշեց.
«Ուզում եմ մարդիկ իմանան այս պատմությունը, ու տվյալ ռեստորանային համալիրի անձնակազմի ցարծրորակ վերաբերմունքին ծանոթ լինեն: Ի վերջո, ո՞ր բարձրակարգ ռեստորանում կարող է անձնակազմը ծեծկռտուքի մեջ ընկնի հաճախորդի հետ, ու աղջկա ներկայությամբ հայհոյանքներ հնչեցնի: Ես հազարավոր հետևորդներ ունեմ, ու չեմ ցանկանա, որ մարդիկ զուտ կողքից նայելով սխալ կարծիք կազմեն երեկվա միջադեպի մասին»: