«Մանկական Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. news.1tv.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մանկական Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. news.1tv.am

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակը կլինի Միշան (Միքայել Գրիգորյանը), ով նախորդ տարի մեր հայրենիքը ներկայացրել էր նաև «Մանկական Նոր ալիք 2016»-ին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է և իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:

9-ամյա Միշայի թեկնածությունը հաստատվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի ներքին ընտրությամբ: Մրցութային երգը և տեսահոլովակը կներկայացվի վաղ աշնանը:  

Միշան այժմ սովորում է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում: Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկանում՝ Արցախի հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Հենց այդ ընթացքում Միշան հանդիպել է իր ապագա պրոդյուսեր Լիրա Քոչարյանին, ով «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է և գեղարվեստական ղեկավարը: Միշայի երաժշտական ունակությունները կատարելագործվել են հենց վերոնշյալ խմբի հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որտեղ նա սովորել է ու շփվել իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ, ելույթ ունեցել տարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում և Բրյուսելում:

Նա ելույթ է ունեցել «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում՝ սիրված արտիստների հետ կատարելով «Արի իմ սոխակ» օրորոցայինը:

Միշայի կենսագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ Մանկական Եվրատեսիլի կայքում:

«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ՝ “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո և կանցկացվի  նոյեմբերի 26-ին ԹբիլիսիումՀայաստանից բացի արդեն հայտնի են այն 11 երկրները, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը մրցույթին՝ Ալբանիա, Բելառուս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Սերբիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից:

2010 թ-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակի շնորհիվ 2011 թվականին մրցույթը հյուրընկալվեց Հայաստանում:

news.1tv.am