Խրուշչովը սիրահարվել էր Ջինային, իսկ Ջինան` Յուրի Գագարինին
Advertisement 1000 x 90

Խրուշչովը սիրահարվել էր Ջինային, իսկ Ջինան` Յուրի Գագարինին

1950-70-ական թվականների համաշխարհային կինոաստղ Ջինա Լոլոբրիջիդան (Luigina Lollobrigida) համարվել է երկրագնդի լավագույն դերասանուհիներից և ամենագեղեցիկ կանանցից մեկը: Նա լավագույն կինոդերերն է ունեցել: Կինոշեդևրների շարքին են դասվել նրա դերակատարմամբ «Գավառացի կինը», «Ֆանֆան- վարդակակաչ», «Հաց, սեր և ֆանտազիա» ֆիլմերը:

Ջինան ծնվել է 1927թ. հուլիսի 4-ին, Իտալիայում, աղքատ և բազմազավակ ընտանիքում: Չորս քույրերից միայն Ջինան է նման եղել մորը, որը շատ գեղեցիկ կին էր: Ջինան անկրկնելի և անթերի գեղեցկություն ուներ: Երիտասարդ տարիքում նա զբաղվել է նկարչությամբ, հետաքրքրվում էր կինեմատոգրաֆիայով: Որոշ ժամանակ անց նա սկսեց մասնակցել կինոնկարահանումներին` մասսայական տեսարաններում, ապա` էպիզոդիկ դերերում: Սկզբում նա հաճախում էր երգի դասընթացների, քիչ անց` ընդունվեց նաև թատերական ուսումնարան: Երիտասարդ Ջինայի մտքով անգամ չէր անցնում, թե ապագայում որքան հայտնի կինոդերասանուհի է դառնալու, երբ սովորում էր Հռոմի գեղարվեստի ակադեմիայում: Նա քանդակագործություն էր սովորում: Այժմ, տարիներ անց, 81-ամյա Ջինան քանդակագործությամբ է զբաղվում, և ասում է, որ քանդակը եղել է իր առաջին սերը: Մինչ կինոկարիերան Ջինան փող էր վաստակում իր ծաղրանկարներով և տարբեր ֆիլմերում մասսայական տեսարաններում նկարահանվելով: 1947թ. նա Հռոմի Գեղեցկության մրցույթում երկրորդ տեղը գրավեց, սակայն իր երկրպագուների պահանջով, որոնք նրան մոտ 10 րոպե ծափահարում էին, իրավունք ստացավ մասնակցելու «Միսս Իտալիա» մրցույթին: Ջինայի կինոկարիերան սկսվեց 1951թ., երբ նա նկարահանվեց ռեժիսոր Կառլո Լիդզանիի հակաֆաշիստական ֆիլմում, որից հետո սկսեց նկարահանվել այդ տարիներին ստեղծագործող իտալացի ամենահայտնի ռեժիսորների` Ալեսանդրո Բլազետտիի, Մարիո Կամերինիի, Պիետրո Ջերմիի ֆիլմերում: Ջինան անմիջապես իրեն դրսևորեց որպես կինոաստղ: Ավելին, կինոաստղին վայել պահանջներ դրեց` բարձր հոնորարներ և այլն: Նրա բոլոր պահանջները բավարարվում էին: Ջինա Լոլոբրիջիդայի աստեղային ժամը սկսվեց 1952 թվականից: Այդ ժամանակ նա առաջին անգամ եղավ Կաննի փառատոնում` «Ֆանֆան-վարդակակաչ» ֆիլմով, որում հանրահայտ Ժերար Ֆիլիպի հետ հանդես էր գալիս գլխավոր դերում: Ֆիլմը, ինչպես հայտնի է, շշմեցուցիչ հաջողություն ունեցավ:
Ջինան զբաղվում էր նաև դոկումենտալ ֆիլմերի նկարահանումներով, լուսանկարչությամբ: Ջինայի նկարահանած առաջին դոկումենտալ ֆիլմերը Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոյի և Ինդիրա Գանդիի մասին էին: Լինելով եվրոպական հանրաճանաչ կինոաստղ, նա երբեք գլուխը չէր կորցնում և ոչ բոլոր ռեժիսորների առաջարկներն էր ընդունում: Դեր ընտրելիս նա մանրամասն կարդում-ուսումնասիրում էր սցենարը, նույնիսկ հրաժարվել է ռեժիսոր Անտոնիոնիի առաջարկած իրեն շատ ձեռնտու պայմանագրից, քանի որ հերոսուհու (որին պետք է մարմնավորեր) խոսքից որոշ ռեպլիկներ վիրավորում էին իտալացի ժողովրդի պատիվը: 1957թ. Ջինան ամուսնացավ Միլկո Սկոֆիչի հետ, որդի ունեցան, սակայն 1979թ. ամուսինը մահացավ ավտովթարից:

jina2

1981թ. Ջինան ապահովագրեց իր լեգենդար կուրծքը: Փորձագետն ամեն տարի չափում է կրծքի և փորի հեռավորությունը: Եվ եթե այն կտրուկ փոքրանար` Լոլոբրիջիդան պետք է ստանար ապահովագրության իրեն հասանելիք ամբողջ գումարը: Եվ սա արել է այն նույն Ջինան, ով ասում էր, թե «Կինոարվեստում պետք է ցույց տալ ոչ թե կուրծքը, այլ սիրտը»:

1983թ. Ջինան վերջին անգամ նկարահանվեց ֆիլմում («Էմիգրանտներ»):

niki

Ջինան իր դեմքի հարդարումը երբեք չէր վստահում գրիմյորներին և վիզաժիստներին: Ինքն էր իր գրիմն անում: «Սերն ամենալավ կոսմետիկան է»,- ասում էր նա: Ջինայի ծննդյան հոբելյաններից մեկի ժամանակ նրան շնորհավորական ուղերձ էր հղել Իտալիայի մշակույթի նախարարը: Լսելով նախարարի գեղեցիկ խոսքերը, Ջինան ասել էր. «Սակայն դեռ վաղ է արդյունքներ ամփոփելը, իմ հորաքույրն ապրել է 112 տարի, այնպես որ, ես ապագայի հետ կապված դեռ շատ պլաններ ունեմ»: Ի դեպ, պատմում են, որ 60-ական թվականներին, երբ Սովետական Միություն էր այցելել Ջինա Լոլոբրիջիդան, որը սովետական կինոդիտողին սիրելի էր դարձել «Ֆանֆան-վարդակակաչ» ֆիլմով, նրան էր սիրահարվել Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովը: Ջինային, սակայն, ոչ մի կերպ դուր չէր գալիս ծեր և ճաղատ գենսեկը: Ջինան նախընտրել է երիտասարդ տիեզերագնաց Յուրի Գագարինին: Պատմում էին, որ Խրուշչովը հենց այդ խանդից դրդված է կազմակերպել ինքնաթիռի հետ կապված աղետը, որից հետո նրա հրամանով լուրեր են տարածվել, թե իբր Գագարինը ղեկին է մոտեցել հարբած վիճակում:

j1

j2

j3

Ջինան ամուսնու մահվանից հետո երկար տարիներ միայնակ էր դաստիարակում որդուն: Երկար ընդմիջումից հետո, 79 տարեկանում նա որոշում է ամուսնանալ իրենից 34 տարով փոքր Խավիեր Ռիգաու Ռիֆոլսի հետ, որին հանդիպել էր ամուսնությունից 22 տարի առաջ` Մոնտե Կառլոյում: Հարցազրույցներից մեկում Ջինան խոստովանել է. «Ես միշտ թուլություն եմ ունեցել երիտասարդ տղամարդկանց հանդեպ»: Երիտասարդ տղան թեև նրան նվիրեց 36 կարատանոց զմրուխտե մատանի, սակայն փախավ Ջինայից` առանց որևէ մեկնաբանության: Ջինան այդ փաստից երկար ժամանակ ուշքի չէր գալիս, ծանր ապրումների մեջ էր:

Ջինան լի էր արվեստով ու կյանքով: Նա միշտ ուներ իր հետաքրքրությունները` նկարչություն, դիզայն, քանդակագործություն, լուսանկարչություն, կինոարվեստ: Այժմ Ջինա Լոլոբրիջիդան լրջորեն զբաղվում է քանդակագործությամբ և շատ հաճախ ինքն իրեն է քանդակում` Էսմերալդայի, գնչուական և այլ կերպարներով: Նրա ցուցահանդեսները բացվել են ոչ միայն Իտալիայում, այլև Մոսկվայում: «Վերջին 10 տարիներին ես նվիրվել եմ քանդակագործությանը, բայց երբեք և որևէ մեկին դրանք ցույց չեմ տվել` սպասելով այն պահին, երբ հոգեպես պատրաստ կլինեմ դրանք ցուցադրել: Կինոյում նույնպես ուզում էի ինձ լիովին արտահայտել, բայց չես կարող շրջանցել ռեժիսորին, օպերատորին, իսկ քանդակի մեջ ես ազատ եմ»,- ասում է նա: Ի դեպ, Էսմերալդայի 5 մետրանոց քանդակն անելիս Ջինան ընկել է աստիճանից և կոտրել կողոսկրերը: Իսկ մի անգամ էլ Լայզա Մինելիի պլաստիլինից պատրաստված քանդակների էսքիզները մոռացել էր ավտոմեքենայի մեջ: Մեքենան թողնելով փողոցում` արևի տակ, ռեստորան էր մտել ճաշելու: Վերադառնալով` նա քանդակները գտել էր արևից ամբողջովին հալված վիճակում:

Ջինան իր քանդակները վերջնականապես թրծում է Ֆլորենցիայում գտնվող արվեստանոցներում: Ֆլորենցիայում շատ հայտնի հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսն արվեստանոցներից մեկում նկատում է, որ տարիքով մի կին իր քանդակներն է բերել: «Ջինա՞ն է»,- հարցրեցի` ճանաչելով նրա գեղեցիկ աչքերը»,- «3 Միլիոնի» թղթակցին պատմեց Վիգենը: Ջինա Լոլոբրիջիդան բերել էր իր քանդակները, որոնք ներկայացված են այս լուսանկարներում: «Քանդակներում նա ինքն իրեն էր պատկերել, որոնք թույլ տվեց լուսանկարել: Սակայն հրաժարվեց իր հետ լուսանկարվել, ասելով` ծեր եմ, և այս պահին տեսքս այն չէ, խնամված չեմ»,- ասել էր Վիգեն Ավետիսին (որի մասին մեր ընթերցողները կկարդան առաջիկա համարներից մեկում):

Մադլեն Սարգսյան

«3 Միլիոն»