Դու ստիպել ես նրան արտասվել շատ անգամներ…
Նա լաց է եղել, երբ հասկացել է, որ հղի է, ապա՝ երբ քեզ կյանք է տվել: Արտասվել է, երբ առաջին անգամ քեզ իր գիրկն է առել: Արտասվել է երջանկությունից, վախից, անհանգստությունից, զգացմունքների ավելցուկից: Գիտակցել ես դու դա թե ոչ, բայց նա զգացել է քո ցավն ու երջանկությունը և դրանք կիսել քեզ հետ:
Նա ցանկացել է ուտել այդ խմորեղենի վերջին կտորը…
Սակայն նա տեսել է, թե ինչպես ես դու նայում այդ կտորին, ու չի կարողացել ուտել այն, քանի որ ինքն ավելի երջանիկ կլիներ, եթե այդ կտորը դու ուտեիր:
Շատ ցավոտ է…
Երբ նրա մազերից էիր քաշում, եղունգներովդ ճանկռում, երբ կրծքով կերակրվելիս կծում էիր: Դու վնասել ես նրա կողերը, երբ ծնվում էիր, ձգել ես նրա ստամոքսը 9 ամիսների ընթացքում և, ի վերջո, երկունքի անտանելի ցավեր ես պատճառել նրան ծնվելիս:
Նա միշտ վախենում էր…
Հենց ամենասկզբից իրենից կախված ամեն ինչ արել է, որ քեզ պաշտպանի: Նա անհանգստությունից կծկվել է, երբ հարևանի աղջիկը քեզ գրկել է. հանկարծ չգցի, քանզի վստահ է եղել, որ միայն իր ձեռքերում ես դու ամբողջովին ապահով: Քո առաջին քայլերի հետ նրա սիրտը կրկնակի արագ էր բաբախում: Երբ արդեն մեծ էիր, նա չէր քնում, մինչև տուն չգայիր անվնաս, և շուտ էր արթնանում, որպեսզի համոզվեր, որ դպրոց ես գնացել: Քո ամեն սայթաքելու հետ պատրաստ է եղել բռնել քեզ, որ չընկնես: Նա միշտ քո կողքին է եղել, որպեսզի համոզվի, որ քեզ հետ ամեն ինչ կարգին է:
Նա միշտ իմացել է, որ ինքն իդեալական չէ…
Քո մայրը ինքն իր ամենախիստ քննադատն է: Նա գիտի իր թերություններն ու երբեմն ատում է իրեն դրանց համար: Նրա համար ամենադժվարն այն ժամանակ է եղել, երբ դու ես տեսել այդ թերությունները: Նա ցանկացել է իդեալական մայր լինել, ամեն ինչ ճիշտ անել, բայց նա էլ մարդ է և կարող է սխալվել: Հնարավոր է՝ մինչ այժմ մեղադրում է իրեն դրա համար, ու կուզեր հետ տալ ժամանակը ու ամեն ինչ ճիշտ անել: Այնպես որ, բարի եղիր նրա հանդեպ. Նա արել է իրենից կախված ամեն բան:
Նա նայել է, թե ինչպես ես դու քնում…
Շատ գիշերներ են եղել, երբ նա ոտքի վրա եղել ժամը 3-ից` երազելով, որ վերջապես քնես: Հազիվ է աչքերը բաց պահել քեզ համար օրորոցային երգելիս, և, երբ վերջապես քնել ես, հանկարծ նրա ողջ հոգնածությունն անցել է, երբ օրորոցիդ մոտ նայել է հրեշտակային դեմքիդ: Այդ պահին նա այնքան սեր է զգացել, որ հնարավոր չէ արտահայտել:
Նա քո մասին հոգ է տարել շատ ավելի շատ, քան այդ 9 ամիսները…
Դու նույնքան ունեիր նրա կարիքը, որքան նա` քոնը: Նա սովորել է քեզ գրկած տները հավաքել, կերել է գրեթե կիսաքնած: Նրա ձեռքերը հոգնել են, մեջքը ցավել է, բայց միևնույն է, քեզ պահել է իր ձեռքերում, քանի որ դու ուզում էիր նրան մոտ լինել: Նա քեզ սեղմել է իր կրծքին, սիրել է, համբուրել ու խաղացել քեզ հետ: Դու քեզ անվտանգ ես զգացել նրա գրկում, զգացել ես, որ քեզ սիրել են: Նա քեզ գրկել է, որքան ցանկացել ես:
Ամեն անգամ, երբ լաց ես եղել, նրա սիրտը ճմլվել է…
Երբ սկսել ես լաց լինել, նա ամեն ինչ արել է, որ դադարես արտասվել, և երբ չի ստացվել, նրա սիրտը 1000 կտոր է եղել:
Նա քեզ միշտ 1-ին տեղում է դրել…
Նա կարող էր մնալ առանց սննդի, լոգանքի ու քնի: Միշտ քո շահը գերադասել է իրենից: Նա կարող էր ողջ օրը քեզ համար ապրել, իսկ օրվա վերջում ուժ չունենալ փոքր-ինչ իրենով զբաղվելու: Հաջորդ օրը նախորդի նման է եղել, որովհետև դու նրա համար ամեն ինչ ես եղել:
Եվ նա նորից նույն բանը կաներ…
Մայր լինելն ամենաբարդ աշխատանքն է, որը կարելի է պատկերացնել, և երբեմն կարող ես չդիմանալ այդ լարվածությանը: Դու լաց ես լինում, կրկին ես փորձում, չի հաջողվում, կրկին աշխատում ես ու ամեն բան սովորում: Բայց միևնույն ժամանակ՝ դու մեծ հաճույք ես ստանում և ավելի մեծ սեր ես զգում, քան կարող էիր պատկերացնել:
Չնայած ցավին, անքուն գիշերներին ու քո վաղ արթնանալուն ու այլևս չքնելուն` նա կրկին նույն բանը կաներ քեզ համար, քանի որ դու նրա կյանքի մեծագույն իմաստն ես: Այնպես որ, հաջորդ անգամ մորդ տեսնելիս շնորհակալ եղիր նրան և ցույց տուր, թե որքան ուժեղ ես դու նրան սիրում: Այդ բառերը երբեք շատ չեն լինում:
Պատրաստեց ՍՈՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ