Բորոֆենը կարող է շատ հեռանկարային նյութ դառնալ էլեկտրոնիկայի գերզգայուն սենսորների համար, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պատմեց Ռուսաստանի ամենահայտնի գիտնականներից մեկը`Արտյոմ Օհանովը։
Հայտնի գիտնականը հավլաբարցի հայի որդի է։ Աշխարհում հայտնի է որպես նոր նյութերի համակարգչային «կանխատեսումների» (մոդելավորման) որակական նոր միջոցների հեղինակ։
Այդ միջոցների հավաստիությունը հերթական անգամ հաստատվել է բորոֆենի օրինակով. Օհանովի մոդելով այդ նյութը սինթեզել են ԱՄՆ-ի Ագրոնի ազգային լաբորատորիայի գիտնականները։ Օհանովն այժմ գլխավորում է նյութերի դիզայնի լաբորատորիան Սկոլկովոյի ինստիտուտում։
Գիտական հասարակության մեջ բորոֆենը կրկնում է գրաֆենի ճակատագիրը. երկու տարվա ընթացքում ռուսաստանցի տեսաբանի ու ամերիկացի փորձարարների հոդվածը, որը հրապարակվել էր Science-ում, գիտական աշխատություններում մեջբերվել է ավելի քան 200 անգամ։ Նոր հայտնագործությունը հետաքրքրել է նաև արդյունաբերողներին։
Բորոֆենը գրաֆենի «կրտսեր եղբայրն» է երկչափ նյութերի աճող ընտանիքում։ Դրանք երկչափ են կոչվում իրենց բարակության պատճառով։ Ավելի շուտ` դրա պրակտիկ բացակայության պատճառով։ Այդ նյութերը մեկ կամ երկու ատոմի հաստություն ունեն։ Այդպիսի կառուցվածքում նյութը սկսում է լրիվ այլ կերպ դրսևորվել։
Այսպես, հայտնաբերվել է Պուասոնի բացասական գործակիցը։ Այսինքն, սեղման ժամանակ, որքան էլ տարօրինակ թվա, այդ նյութը ոչ թե բարակում է, այլ հաստանում։ Իսկ դրա որոշ մոդիֆիկացիաները կարող են և գերանցկացնող լինել։ Բացի այդ, բորոֆենը ձգողականության մեծ ամրություն ունի։
«Գործնականում նյութը կարող է բազում կիրառություններ ունենալ։ Դեռ մինչև վերջ հայտնի չէ` ինչպիսի կիրառությունների մասին է խոսքը, բայց դրանք կարող են կապված լինել էլեկտրոնիկայի, հատկապես նոր գերզգայուն սենսորների հետ», — նշեց Օհանովը։
Գրաֆենի արդյունաբերական չափաբաժինները (ճիշտ է` ոչ այդքան շատ ու էժան) արդեն սինթեզում են։ Բորոֆենը մի փոքր ավելի քմահաճ է` ի տարբերություն գրաֆենի, բորը ատոմային շերտերի չի կիսվում, իսկ դրա ատոմներն արագ հավաքվում են նանոմասնիկների։ Բացի այդ, ի տարբերություն գրաֆենի, բորոֆենը օդում արագ է օքսիդանում։ Սակայն արդյունաբերողները ժամանակի ընթացքում դրան էլ «կվարժեցնեն», համոզված է գիտնականը։
«Նոր նյութն ավելի շատ արժանիքներ ունի, ու եթե դրա բացասական կողմերը որևէ կերպ սահմանափակվեն, ապա արդյունաբերությունը կարող է բոլորովին նոր հատկություններով նյութ ստանալ», — ամփոփեց Օհանովը։