Իմաստուն առակ, որը կսովորեցնի ավելի ինքնավստահ լինել
Մի անգամ Վարպետի մոտ մի երիտասարդ եկավ ու ասաց.
– Ես եկել եմ քեզ մոտ, որովհետև ինձ այնպիսի ոչնչություն եմ զգում, որ ապրել չեմ ուզում: Շուրջբոլորս բոլորը պնդում են, որ ես անհաջողակի մեկն եմ, թափթփված հիմար: Խնդրում եմ քեզ, Վարպետ, օգնիր ինձ:
Վարպետը մի հպանցիկ հայացք գցելով պատանու վրա՝ արագ պատասխանեց.
– Կներես, բայց ես հիմա շատ զբաղված եմ և ոչ մի կերպ չեմ կարող քեզ օգնել: Ես շատ շտապ մի շատ կարևոր հարց պիտի լուծեմ,- և փոքր-ինչ մտածելով` ավելացրեց,- բայց եթե դու համաձայնես օգնել ինձ, ես էլ քեզ կօգնեմ:
– Հաճույքով, Վարպետ,- մրթմրթաց տղան` դառնությամբ մտածելով, որ հերթական անգամ իրեն մղեցին 2-րդ պլան:
– Լավ,- ասաց Վարպետը և իր ճկույթից հանեց գեղեցիկ քարով մի փոքրիկ մատանի:
– Ձի վերցրու և սուրա դեպի շուկայի հրապարակ: Ինձ պետք է շտապ վաճառել այս մատանին: Աշխատիր թանկ վաճառել այն և ոչ մի կերպ չհամաձայնես ոսկեդրամի արժեքից քիչ վերցնել: Հնարավորինս արագ վերադարձիր:
Պատանին վերցրեց մատանին և սուրաց: Հասնելով շուկա` նա սկսեց առևտրականներին առաջարկել մատանին, և վերջիններս սկզբում հետաքրքրությամբ զննում էին այն: Բայց հենց լսում էին գինը, անմիջապես կորցնում էին հետաքրքրությունը: Մի մասը բացահայտ ծիծաղում էր նրա երեսին, մյուսները երեսն էին շրջում, և միայն մի ծեր առևտրական սիրալիր նրան բացատրեց, որ ոսկեդրամը չափազանց բարձր գին է այդ մատանու համար, ու այն հազիվ մի պղնձեդրամ արժենա, ծայրահեղ դեպքում` արծաթե դրամ:
Ծերունու խոսքերը լսելով` երիտասարդը շատ վշտացավ. չէ՞ որ նա հիշում էր Վարպետի` ոչ մի կերպ մատանին էժան չվաճառելու հրահանգը: Ամբողջ շուկային առաջարկելով գնել մատանին ու մերժում ստանալով` նա վերադարձավ ու շատ նեղված մտավ Վարպետի մոտ:
– Վարպետ, ես չկարողացա քո հանձնարարությունը կատարել,- տխրությամբ ասաց նա,- լավագույն դեպքում այս մատանու համար մի քանի արծաթե դրամ էին առաջարկում, բայց քանի որ դու ասել էիր՝ էժան չվաճառել, ձեռնունայն վերադարձել եմ:
– Դու հենց նոր շատ կարևոր բառեր ասացիր, որդիս,- արձագանքեց Վարպետը,- մինչև մատանին վաճառել փորձելը վատ չի լինի սահմանել նրա իրական արժեքը: Իսկ ո՞վ դա կարող է անել ոսկերչից լավ: Գնա նրա մոտ ու հարցրու, թե նա ինչ կառաջարկի այս մատանու համար: Միայն թե ինչ էլ որ նա ասի, չվաճառես մատանին, հետ կգաս ինձ մոտ:
Ոսկերիչը խոշորացույցով երկար զննեց մատանին, ապա փոքր կշեռքի վրա կշռեց այն ու դարձավ պատանուն.
– Փոխանցիր Վարպետին, որ այժմ ես 58 ոսկեդրամից ավելի չեմ կարող տալ այս մատանու համար, բայց եթե նա ինձ ժամանակ տա, կարող եմ գնել 70 ոսկեդրամով` հաշվի առնելով գործարքի հրատապությունը:
– 70 ոսկի՞,- ուրախ ծիծաղեց պատանին, շնորհակալություն հայտնեց ոսկերչին ու մեծ արագությամբ հետ սլացավ Վարպետի մոտ:
– Նստիր այստեղ,- ասաց Վարպետը` լսելով ոգևորված պատանուն,- և հիշիր, որդիս, դու հենց այս մատանին ես, որ կաս: Թանկարժեք և անկրկնելի: Եվ քեզ գնահատել կարող է միայն իսկական փորձագետը: Եվ ուրեմն ինչո՞ւ ես դու քայլում շուկայում ու սպասում, որ դա կանի առաջին պատահածը:
Մարդիկ պատահական չեն հանդիպում…
Գնում եմ էլեկտրագնացքով: վագոն է մտնում մի անօթևան թափառաշրջիկ` աչքերի տակը՝ կապույտ, ուռած դեմքով, արտաքինից՝ մոտ 30 տարեկան: Մի պահ շուրջն է նայում ու սկսում.
– Պարոնայք, 3 օր ոչինչ չեմ կերել, ազնվորեն եմ ասում: Վախենում եմ գողանալ, որովհետև փախչելու ուժ չունեմ: Բայց ուտել շատ եմ ուզում: Խնդրում եմ, տվեք՝ ով ինչքան կարող է: Դեմքիս մի նայեք. խոստովանում եմ, խմում եմ, ու ինչ էլ տաք, երևի էլի խմելու եմ: Ու քայլեց առաջ:
Վագոնի ժողովուրդը բարի էր և արագ այդ անօթևանին 500 ռուբլի գումար տվեց: Վագոնի վերջում նա կանգնեց, դեմքով շրջվեց դեպի ուղևորները և խոնարհվեց մինչև գետին:
– Շնորհակալ եմ, թող Աստված ձեզ բազմապատիկը տա:
Եվ հանկարծ վերջին պատուհանի մոտ ջղային դեմքով նստած մի տղամարդ սկսեց գոռալ անօթևանի վրա.
– Սրիկա, ոչնչություն, մուրում ես, տականք, փող ես խնդրում, իսկ ես միգուցե ընտանիքս կերակրելու գումար չունեմ, իսկ միգուցե ինձ աշխատանքից հեռացրել են, բայց ես չեմ մուրում քեզ պես:
Աղքատ անօթևանն իր գրպաններից հանեց ինչ կար՝ մոտ 2000 ռուբլի, ու մեկնեց տղամարդուն:
– Վերցրու, քեզ պետք է:
– Ի՞նչ,- շշմեց վերջինս:
– Վերցրու, վերցրու, քեզ ավելի է պետք, քան ինձ: Եվ հետո ինձ էլի կտան: Մարդիկ բարի են,- ասում է նա, ձեռքի գումարը խցկում այդ տղամարդու բռի մեջ, շրջվում ու դուրս գալիս:
– Էյ, կանգնիր,- տեղից վեր է թռչում տղամարդը և գումարը ձեռքին` վազում նրա հետևից:
Ամբողջ վագոնը լուռ էր: 5 րոպե մենք լսում էինք նրանց խոսակցությունը: Տղամարդը գոռում էր, որ մարդիկ շատ վատն են, իսկ անօթևանը հավատացնում էր, որ նրանք բարի են ու, ընդհանրապես, հիանալի են: Տղամարդը փորձում էր գումարը վերադարձնել, իսկ նա չէր վերցնում: Ի վերջո, անօթևան երիտասարդը հեռացավ, իսկ տղամարդը մնաց միայնակ: Նա չէր շտապում վագոն վերադառնալ. ծխում էր:
Գնացքը կանգնեց հերթական կայարանում: Դուրս եկան և ներս մտան ուղևորներ:
Տղամարդն ավարտելով ծխելը՝ նորից մտավ իր վագոնը ու նստեց իր տեղը` պատուհանի մոտ: Նրա վրա առանձնապես ոչ ոք ուշադրություն չէր էլ դարձնում: Վագոնն արդեն իր սովորական կյանքով էր ապրում կրկին: Գնացքը երբեմն կանգնում էր, ուղևորներն էլ մտնում ու դուրս էին գալիս: Այդպես գնացինք 5 կանգառ, ես տեղ հասա, և, երբ դուրս գալիս հայացքս գցեցի այդ տղամարդու վրա, նկատեցի, որ նա շրջվել էր դեպի պատուհանն ու արտասվում էր…
Պատրաստեց ՍՈՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ