Հայր և որդի Մխիթարյաններն ընդգրկվեցին Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցուցակում, փորձագետները նրանց ունեցվածքը 118 մլն դոլար են գնահատել։
Հայ գործարարները ներառվել են Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց հարյուրյակում։ Taryan Group ընկերության համասեփականատերեր հայր և որդի Նվեր ու Արթուր Մխիթարյանները ոսկե հարյուրյակում զբաղեցրել են 34-րդ տեղը, գրում է «Նովոյե վրեմյա» ուկրաինական ամսագիրը։
Dragon Capital–ի վերլուծաբանները Տարածաշրջանների կուսակցության նախկին ժողովրդական պատգամավորի և նրա ժառանգի ունեցվածքը 118 մլն դոլար են գնահատել։
Նվեր Մխիթարյանը «Ուկրստրոյինվեստբանկ» ՀԲԸ-ի բաժնետոմսերի 53,69%-ի սեփականատերն է։ Այժմ նա կենտրոնացել է Emerald Palace Group (որը մասնագիտացել է «լյուքս» դասի հյուրանոցների և զբոսաշրջային համալիրների շինարարության գործում) միջազգային ընկերության զարգացման վրա։ EPG-ն է կառուցել Դուբայի Kempinski Hotel & Residences Palm Jumeirah հյուրանոցը։
Պարբերականը գրում է, որ հարյուր ամենահարուստ ուկրաինացիներն ավելի հարուստ դարձան, դա ազգային տնտեսության կազդուրման հուսադրող նշան է։
«100 ամենահարուստ մարդկանց վարկանիշի գոյության 11 տարվա ընթացքում ուկրաինական կապիտալի կառուցվածքը զգալի փոփոխություններ չի կրել։ Անկախ նրանից, թե ինչ ցնցումներ է ապրում երկիրը, տնտեսական համամասնությունները մոնումենտալ են։ Ռինատ Ախմետովը միշտ առաջինն է, իսկ ցուցակի վերևի մասում գտնվողները, պարզապես, փոխվում են տեղերով»,- գրում է ամսագիրը:
Ինչպես նշում է «Նովոյե վրեմյան», նման արդյունքը խոսում է այն մասին, որ ազգային տնտեսությունը դեռ կենտրոնացած է մարդկանց մի փոքր խմբի ձեռքերում։ Միևնույն ժամանակ, այն շարունակում է մնալ Եվրոպայի հումքային հավելում։
Նվեր Մխիթարյանի որդին` Արթուրը, «TSARSKY City Resort» նախագծի հիմնադիրն է, «Познякижилстрой» ուկրաինական շինարարական ընկերության դիտորդական խորհրդի ղեկավարը, իսկ դուստրը «Provasi» կահույքի սրահի, ինչպես նաև «Valentino» և «Hermes» խանութների տնօրենն ու սեփականատերը։