ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ ևս մեկ ընտանիք վագոն տնակից տեղափոխվել է բարեկարգ բնակարան
Advertisement 1000 x 90

ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ ևս մեկ ընտանիք վագոն տնակից տեղափոխվել է բարեկարգ բնակարան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրով, Արագածոտնի մարզում այս տարի բարեկարգ բնակարանի տեր է դարձել վեց ընտանիք, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Արագածոտն գյուղում բնակվող Գևորգյանների ընտանիքը դրանցից մեկն է: Նրանց հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար, գործակցող կողմերի ղեկավարներն այցելել են գյուղ:

«Նախկինում ընտանիքն ապրել է վագոն-տնակում՝ տասնամյակներ առաջ ձեռք բերված, բայց տարիներ շարունակ նույն տեսքն ունեցող կիսավեր շինության կողքին: Այս տարվա գարնանը, համագործակցող կազմակերպությունների աջակցությամբ, Գևորգյաններն սկսել են շինարարություն իրականացնել և ապրելու համար ոչ պիտանի կառույցն արդեն հարմարավետ տուն են դարձրել իրենց համար», – նշվում է հաղորդագրությունում:

«Վագոն տնակում ապրելու դաժան կյանքը ոչ ոքի չեմ կամենա, թեկուզև մեկ օր: Մետաղական պատերը ոչ միայն մարմինն են կաշկանդում, այլև հոգին: Երեխաներս մի տեսակ ընկճված ու տխուր էին, կարծես ուրախությունը կորել էր մեր ընտանիքից: Երբ տեղափոխվեցինք նոր տուն, արագ ազատվեցինք ոչ միայն վագոն տնակից, այլև անցյալի վատ հիշողություններից: Այնքան երջանիկ եմ, որ նոր հարկի տակ հյուրընկալում ենք մեր կյանքը փոխած մարդկանց»,- ասել է ընտանիքի մայրը՝ Նարինեն:

Վեց տարվա համագործակցության ընթացքում, միայն Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 21 ընտանիք: Հայաստանի տարբեր մարզերում լուծվել է 150 ընտանիքի բնակարանի խնդիրը:

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 31 մլն դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 370 մլն դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար: