Գյումրու քաղաքապետի դաժան հիշողությունները. «Այդ պահն իմ աչքից չի հեռանա». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Գյումրու քաղաքապետի դաժան հիշողությունները. «Այդ պահն իմ աչքից չի հեռանա». armeniasputnik.am

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից գրեթե 3 տասնամյակ անց էլ, նրանք, ովքեր ականատեսն են եղել ահեղ արհավիրքի, չեն կարող մոռանալ այն սարսափն ու իրարանցումը, որ կար ցնցումների առաջին րոպեներին:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հիշելով, այն ինչ կատարվեց տարիներ առաջ, անկեղծանում է՝ առաջինը վազել է երեխաների հետևից: «Այդ պահին ո՛չ ծնողի, ո՛չ կնոջ, այլ առաջինը երեխաներիս  հետևից վազեցի, ու շատերի մոտ էր այդպես: Իմ աչքի առաջ 3 շենք հողին հավասարվեց:

Ես հրուշակեղենի արտադրամասի բակում էի  կանգնած, այնքան ուժեղ էր ցնցումը, որ ոտքի վրա չէի կարող կանգնել: Իմ դիմաց շենք փլվեց ու փլվելիս սարսափելի ձայն լսվեց»,- պատմում է Սամվել Բալասանյանը` փաստելով` հենց առաջին իսկ պահից է հասկացել, որ երկրաշարժ է:

«Շատ ծանր պահ էր, այդ ժամանակ միայն մի բան կարող էիր մտածել՝  երեխաս ու՞ր է, ի՞նչ եղավ: Անկեղծ եմ ասում՝ որևէ մեկի մասին չեմ մտածել, միայն երեխաներիս: Այդ պահն իմ հիշողության մեջ է և իմ աչքից չի հեռանա»,- անկեղծանում է  քաղաքապետը:

Հետո հիշողություններն այլ էին՝ փլատակներ, ամեն քայլափոխին դիակներ ու դագաղներ, անտուն մարդիկ: Տարիներ անց  Սամվել Բալասանյանը հերոս է համարում այն գյումրեցուն, ով  այս սարսափից հետո էլ չլքեց հայրենի քաղաքը, այլ մնաց ու արարեց և շարունակեց շենացնել երբեմնի ուրախ ու մեծ քաղաքը:

armeniasputnik.am