«Շուկան թաղման բյուրո ա»․ առևտրականները բողոքում են «էժանացումից», քաղաքացիները՝ թանկացումից. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Շուկան թաղման բյուրո ա»․ առևտրականները բողոքում են «էժանացումից», քաղաքացիները՝ թանկացումից. 1in.am

«Շուկաներում նախատոնական եռուզեռ չկա․ ֆուրերով 1-2 միլիոն դրամի ապրանք ենք բերել, բայց օրական 20 հազար դրամի առևտուր դեռ չենք անում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեցին շուկաների առևտրականները։

Նրանց դիտարկմամբ՝ ապրանքը թանկ չէ, բայց միևնույն է շատ սպառողների համար հասանելի չէ։

«500-1500 դրամ խնձոր ունենք, նարինջը 600 դրամ է, տանձը՝ 1 000-2 000 դրամ, նուռը՝ 800-2 000 դրամ է, բայց շուկա մարդ չի մտնում, մարդկանց ձեռքը փող չկա, ոնց կարան առևտուր անեն»,- շեշտեց առևտրականներից մեկը։

«Շուկան ոնց որ թաղման բյուրո լինի՝ մարդ չի մտնում, մարդիկ չեն առնում»,- հավելեց մեկ ուրիշը։

Սպառողներն էլ իրենց հերթին ընդգծեցին, որ ապրանքները թանկ են, ստիպված սեղանի համար առաջնային ապրանքներն են գնում․ թանկ է հատկապես միսը։

«Շատ թանկ է, թոշակով կամ աշխատավարձով ապրող մարդը ոնց կարա սենց գներից օգտվի»,- ասաց քաղաքացիներից մեկը։
«Ես 30 000 դրամ թոշակ եմ ստանում․ էդ փողով ես կարա՞մ միս առնեմ, 2 500 դրամ տամ լոլիկ առնեմ, իհարկե չեմ կարա։ Փող որ չունենք, էլ ոնց ճոխ Նոր տարի անենք, ստիպված մինիմալ բաներն ենք առնում»,- նշեց մեկ այլ սպառող։

1in.am