Ս. Ծննդյան տոնի ծառի պատմությունը, ծագումը, լեգենդը և զարդարումը:
Տոնածառի ծագումը
Մեր օրերում Ս. Ծննդյան տոնի և Ամանորի անբաժան խորհրդանիշն է տոնական զարդարված տոնածառը, որը սակայն երկար ճանապարհ է անցել՝ մինչև մեզ հասնելը: Գերմանիային է վերագրվում Ս. Ծննդյան տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տները: Ոմանք տոնածառը պատրաստում էին փայտից և զարդարում մշտադալար բույսերով և մոմերով: Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվեց Եվրոպայի տարբեր երկրներում:
Անգլիայի Վիկտորիա թագուհու ամուսինը` իշխան Ալբերտը տոնածառն ավելի նորաձև դարձրեց` 1841թ. անգլիական առաջին տոնածառը Ուինձորի դղյակում զարդարելով մոմերով, զանազան կոնֆետներով, մրգերով և մեղրաբլիթով: Իհարկե, շուտով անգլիացի այլ հարուստներ հետևեցին նրա օրինակին` զարդարելու նպատակով օգտագործելով զանազան խենթուխելառ իրեր: Չարլզ Դիկենսը նկարագրել է տոնածառ` զարդարված տիկնիկներով, խաղալիք փոքրիկ կահույքով, երաժշտական գործիքներով, հրացաններով և թրերով, մրգով և քաղցրավենիքով:
19-րդ դարի առաջին տասնամյակներում տոնածառերն ընդունված չէին: Տոնածառի առաջին ցուցադրությունը 1830-ական թվականներին կատարեցին Փենսիլվանիայի գերմանացի նորաբնակները: Նրանք ցուցադրեցին մի տոնածառ` տեղի եկեղեցու համար գումար հանգանակելու նպատակով: 1851թ. եկեղեցիներից մեկի բակում տոնածառ դրվեց, սակայն ծխականներն այն համարեցին վերադարձ հեթանոսությանը և եկեղեցու սպասավորին խնդրեցին տոնածառը հանել:
Մինչև 1980-ական թվականները տոնածառի զարդարանքները գալիս էին Գերմանիայից, իսկ ԱՄՆ-ում տոնածառը գնալով ավելի ու ավելի մասսայական էր դառնում: Եվրոպացիներն օգտագործում էին փոքր տոնածառեր` մոտավորապես 4 ֆուտ բարձրությամբ, մինչդեռ ամերիկացիները գերադասում էին հատակից միչև առաստաղ հասնող տոնածառերը: 20-րդ դարի սկզբում ամերիկացիներն իրենց տոնածառերը զարդարում էին հիմնականում տնայնագործ զարդարանքներով, իսկ գերմանական ծագումով ամերիկացիները շարունակում էին օգտագործել խնձոր, ընկուզեղեն և նշակարկանդակ: Շարաններ էին պատրաստվում մեջընդմեջ դրված վառ գույներով ներկված եգիպտացորենի բոված հատիկներից (ադիբուդի), հատապտուղներից և ընկուզեղենից:
Էլեկտրականությունը նպաստեց, որ լույսերով պատված տոնածառերը զարդարվեն աշխույժ գույներով: Դրանից հետո տոնածառերը սկսեցին հայտնվել քաղաքային հրապարակներում: Թե մասնավոր և թե հանրային բոլոր կարևոր շենքերը տոնածառի զարդարումով ազդարարում էին Ս. Ծննդյան տոնի սկիզբը: Վաղ տոնածառերը զարդարվում էին փերիների և բարի հոգիների պատկերներով, թեև եղջյուրները և զանգակներն էլ օգտագործվում էին չար ուժերին վախեցնելու համար:
Լեհաստանում տոնածառերը զարդարվում էին հրեշտակներով, սիրամարգերով և այլ թռչուններով, ինչպես նաև շատ աստղերով, Շվեդիայում` վառ գույներով ներկված փայտե խաղալիքներով և կենդանիների ու երեխաների ծղոտե պատկերներով: Դանիայում տոնածառների վրա կախում էին դանիական փոքրիկ դրոշակներ, զանգակներ, աստղեր, ձյան փաթիլներ և սրտիկներ: Ճապոնիայում քրիստոնյաները նախընտրում էին փոքրիկ հովհարներ և թղթե լապտերինկեր: Լիտվայում տոնածառերը զարդարում էին ծղոտե թռչնավանդակներով, աստղերով և երկրաչափական պատկերներով:
Ծղոտը խորհրդանշում էր նոր տարում առատ բերքի մաղթանք: Չեխոսլովակիայում տոնածառերը զարդարում էին ներկված ձվի կճեպից պատրաստված զարդարանքներով: Ուկրաինայում տոնածառերի վրա կար սարդը և սարդոստայնը` որպես հաջողության խորհրդանիշ: Կա լեգենդ մի աղքատ կնոջ մասին, ով ոչինչ չուներ` զարդարելու իր երեխաների տոնածառը: Ս. Ծննդյան տոնի առավոտյան արթնանալով` նա տեսում է, որ ծագող արևն արծաթի է վերածել իրենց տոնածառի` սարդոստայնով պատված ճյուղերը:
Տոնածառի զարդարումը. հավերժական ավանդույթ
Այսօր տոնածառի զարդարանքներ, շողշողուն զարդաշղթաներ և առկայծող լուսաշղթաներ կարելի է գնել առևտրի ցանկացած կենտրոնում: Այն, ինչն անցյալում պարզ ընտանեկան ավանդույթ էր, այժմ վերածվել է բազմամիլիոն արտադրության` տարեցտարի դառնալով ավելի ու ավելի կատարելագործված և մատչելի` գնային առումով: Իսկ ինչպե՞ս է այդ ավանդույթը ձևավորվել և դարձել Ս. Ծննդյան տոնի անբաժան մասը:
Քրիստոնյաների շատ ավանդույթների նման` այդ ավանդույթը առաջացել է հին հռոմեական հավատալիքների և քրիստոնեության տարածման միահյուսման արդյունքում: Վաղ քրիստոնյաները հավատում էին, թե որոշ ծառեր անժամանակ ծաղկում են Ս. Ծննդյան տոնի նախօրեին` որպես Հիսուսի ծննդյան հանդեպ հարգանք և մեծարանք: Այդ հավատալիքով էր պայմանավորված տներն ամանորի առիթով բուսականությամբ զարդարելու հռոմեական ավանդույթը, ինչն էլ դարձել է տոնածառը զարդարելու արդի պատկերացման հիմքը:
Տոնածառերի զարդարումը Եվրոպայում արձանագրվել է 17-րդ դարից ի վեր, սակայն տոնածառի զարդարման առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 1605թ.: Ըստ Ջոն Մեթյուսի «Ձմեռային արևադարձ» գրքի` գերմանացի մի անհայտ քաղաքացի այդ տարի տոնածառը զարդարել էր «բազմագույն թղթերից կտրատած վարդերով, խնձորներով, վաֆլիներով, ոսկեթիթեղներով և քաղցրավենիքով»: Հապա լուսաշղթանե՞րը և բազում փաթեթավորված նվերնե՞րը: Ավելի քան 100 տարի առաջ էր, որ Վիտտենբուրգի համալսարանի պրոֆեսոր Կառլ Գոտֆրիդ Կիսլինգը գրեց տոնածառը մոմերով զարդարելու և դրա բնի շուրջ մանուկների համար փաթեթավորված նվերներ դնելու մասին:
Թեև այդ սովորույթը սկզբնապես դատապարտվեց կրոնական առաջնորդների կողմից, այն Գերմանիայից Նորվեգիայի և Դանիայի միջոցով տարածվեց Ֆինլանդիա: 1841թ. Վիկտորիա թագուհին և իշխան Ալբերտը վավերացրեցին ավանդույթը` արքայական պալատում ցուցադրելով իրենց զարդարուն տոնածառը: Մինչև վաղ 1900-ական թվականները տոնածառի զարդարումն այնքանով էր Ս. Ծննդյան տոնի անբաժան մասը, որքանով` Ձմեռ պապը և նվերները:
ԱՄՆ-ի 14-րդ նախագահ Ֆրենքլին Փիրսը ներմուծեց Սպիտակ Տանը Ս. Ծննդյան տոնածառ զարդարելու ավանդույթը: 1923թ. նախագահ Քելվին Քուլիջն առաջին անգամ կատարեց Ս. Ծննդյան տոնածառի լույսերը վառելու արարողությունը, որն այժմ տեղի է ունենում ամեն տարի` Սպիտակ Տան դիմացի հովտում: Այժմ, 1966թ. ի վեր, Ս. Ծննդյան տոնածառի Ազգային Ասոցիացիայի անդամները նվիրում են ամենագեղեցիկ և փարթամ տոնածառն Ամերիկայի առաջին ընտանիքին: Այդ տոնածառն ամեն տարի դրվում է Սպիտակ Տան Կապույտ սենյակում:
Անշուշտ, վաղ տոնածառերն այսօրվա տոնածառերից տարբեր կերպ էին զարդարվում: Վաղ զարդարանքները սովորաբար ձեռքի աշխատանք էին կամ ուտելի: Ամենից շատ տարածված էին ընկուզեղենը, քաղցրավենիքը, մրգերը և գունավոր թղթից պատրաստված զարդարանքները: Այսօրվա տոնածառերը զարդարված են հիմնականում խանութներից գնված զարդարանքներով ու խաղալիքներով և ընտանեկան որոշ մասունքներով, մի քանի շարք լուսաշղթաներով` մոմերի փոխարեն: Սակայն անկախ այն բանից, թե ինչպես է տոնածառը զարդարված, այն խորհրդանշում է ընտանիքների Ս. Ծննդյան հավիտենական ավանդույթը` միասին հավաքվել, փոխանակել նվերներ և բարեմաղթանքներ, սիրել միմյանց:
Ամանորի խորհրդանիշը
Ամանորի տոնի համաշխարհային ավանդույթում հաճախ են գործածվում ծառեր, ճյուղեր կամ տերևներ` որպես կյանքի հնագույն խորհրդանիշներ: Օրինակ` արմավենու կանաչ ճյուղերը Հին Եգիպտոսում մահվան հանդեպ կյանքի հաղթանակի խորհրդանիշն են, ինչպես կանաչ տերևները` հին հռոմեացիների մոտ Սատուրն աստծուն նվիրված ձմեռային տոնի, ոսկե խնձորներով զարդարված կաղնու ճյուղերը` դրուիդների մոտ ձմեռային արևադարձի տոնի:
Սկանդինավյան մշակույթում կա հետաքրքիր ավանդույթ` «տոնածառ թռչունների համար»: Ս. Ծննդյան տոնին կամ նախօրեին թռչունների համար դուրս են տանում սերմեր կամ հացի փշրանքներ: Դա նախանշան է, որ նոր տարին հաջող կլինի: Բնականաբար, մշտադալար ծառն իր կենսահաստատուն տեսքով առավել է համապատասխանում մահվան հանդեպ կյանքի հաղթանակի գաղափարախոսությանը: Անդրադառնանք դրան և Ս. Ծննդյան տոնի ծառին: