«Ձնեմարդուկ-2018. ձնե արվեստի փառատոն»-ն այս տարի նորություններով է հանդես գալիս։ Լինելու է սառցամագլցում, հեծանվային մարզային գավաթի մրցույթ և դահուկավազք։
«Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասաց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը։
«Ձնեմարդուկ -2018. ձնե արվեստի փառատոն»-ն այս տարի անցկացվելու է փետրվարի 17-18-ին։ Սառցամագլցումը Հայաստանում կազմակերպվելու է առաջին անգամ, սակայն այս տարի եղանակային պայմանները մի փոքր խանգարում են։ Ջերմուկում երբեք այսքան տաք ձմեռ չի եղել, բայց եթե մի քանի օր անընդմեջ սառնամանիքներ լինեն՝ անպայման կիրականացնենք»,- նշեց Վազգեն Գալստյանը։
Նրա խոսքով՝ քանդակներ պատրաստելուն հիմնականում մասնակցում են Ջերմուկ քաղաքի երեխաները, բայց հրավիրվում են նաև Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի լավագույն ուսանողները։ Նրանք Ջերմուկում 2-3 մետր բարձրությամբ մեծ արձաններ են քանդակում։ Մրցանակային ֆոնդն այս պահին նախատեսվում է միայն տեղի երեխաների համար, որն իրենից ենթադրում է ժայռամագլցման անվճար դասընթացների մասնակցություն, որը տեղի կունենա մարտ ամսին։
«Քոլեջի երեխաները կստանան խրախուսական պարգևներ, նրանց մրցակցության մեջ չենք դնում»,- ասաց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահը։
«Փառատոնի հիմնական նպատակներից է էքստրեմալ մարզաձևերը զարգացնելը։ Հենց «Ձնեմարդուկ» փառատոնի ժամանակ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվեցին հեծանվային մարզային ձմեռային գավաթի մրցույթը, որն իրականացվում է արդեն 4 տարի, տարվա ընթացքում մեկ անգամ։ Մեր քաղաքում գտնվող ճոպանուղու մոտից կազմակերպելու ենք մարդկանց հեծանիվով իջնելը։ Մասնակցել կարող են նրանք, ովքեր ունեն համապատասխան փորձ և հմտություն։ Բոլորը չէ, որ կարող են բարձրանալ վերև և հեծանիվով իջնել»,- ներկայացրեց Գալստյանը։
Փետրվարի 17-ի երեկոյան լինելու է կրակներով պար և ժամը 20:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում բացօթյա միջոցառում, որը կոչվում է «Ձմեռային ցուրտ երեկույթ»։ Փառատոնի ընթացքում՝ փետրվարի 18-ին, Ջերմուկում են լինելու նաև սլեքլայներներ (հատուկ ձգված ժապավենի վրա քայլելու հմտություն ունեցողներ), ովքեր 2-3 հոգով կցուցադրեն իրենց հմտությունները։ Ժապավենը կապվում է 50 մ բարձրությամբ և ցանկացողները կարող են մոտենալ և փորձել իրենց ուժերը։
Փառատոնը ֆինանսավորվում է Ջերմուկի համայնքապետարանի կողմից, իսկ աջակցություն ցուցաբերելու են Զբոսաշրջության պետական կոմիտեն, Սմիթսոնյան ինստիտուտը խորհրդատվություն է տրամադրելու կազմակերպչական, ինչպես նաև տեսաձայնային նկարահանումների ու մոնտաժային աշխատանքների իրականացման հարցերում։
Կազմակերպիչներն են «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, «Ջերմուկի երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿ-ը և Ջերմուկի համայնքապետարանը։
Լիլիթ Դեմուրյան