36-ամյա Սերենա Ուիլյամսը դարձել է ամերիկյան Vogue-ի նոր համարի հերոսուհին: Նա դստեր՝ 4 ամսական Ալեքսիս Օլիմպիայի հետ հայտնվել է ամսագրի շապիկին. լուսանկարների հեղինակը Մարիո Տեստինոն է, նաև անկեղծացել է հարցազրույցի ընթացքում՝ պատմելով հաղթահարած առողջական խնդիրների մասին:
Թենիսի աստղը նշել է, որ երեխայի ծնունդը կարող էր սեփական կյանքն արժենալ: Բացի այն, որ ծննդաբերել է անհապաղ կեսարյան հատման միջոցով, այնուհետև միանգամից մի քանի վիրահատության է ենթարկվել:
«Սկզբում ամեն ինչ հիանալի էր, իսկ հետո վերածվեց սարսափի»,-հիշել է նա:
Սերենա Ուիլյամսը` դստեր հետ
Պարզվում է, ծննդաբերությունից հետո մարզուհու մոտ թոքային իմմոբիզմ է սկսվել, ինչի հետևանքով վիրահատական միջամտություն է պահանջվել: Սերենան հիվանդանոցում է անցկացրել ուղիղ 6 շաբաթ: Բարեբախտաբար, դրանից հետո նա սկսել է կազդուրվել և ոչինչ չի խանգարել, որպեսզի պատրաստվի իր և Ալեքսիս Օհանյանի հարսանիքին:
Հիշեցնենք, Սերենան և Ալեքսիսն ամուսնացել են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուց երկու ամիս անց՝ նախորդ նոյեմբերին: Շքեղ պսակադրությանը ներկա էին բազմաթիվ աստղային հյուրեր: