ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի և Ժոզե Մոուրինիոյի միջև տեղի ունեցած միջադեպի մասին լուրերին և պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում Մխիթարյանին մենք տեսնենք այլ ակումբում խաղալիս, ասաց, որ Մխիթարյանի հետ վերջին անգամ շփվել է Ազգային հավաքականի խաղի ժամանակ, իսկ այն ժամանակ դեռ նման խոսակցություններ չկային։
«Ինչքան դուք գիտեք, այդքան էլ ես, բնականաբար, ես մի քիչ ավելի շատ գիտեմ։ Ես չեմ ուզում մեկնաբանել՝ ինչ է եղել, որովհետև ֆուտբոլիստ-մարզիչ հարաբերությունները միշտ էլ կարող են վատանալ-լավանալ, և պետք չէ շատ ագրեսիվ մտնել նրանց աշխատանքային պրոցեսի մեջ և խանգարել, կարծում եմ՝ պետք է համբերել։ Ուզում եմ բոլորիդ հավատացնել, որ Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որ եթե, Աստված մի արասցե, «Մանչեսթեր Յունայթեդում» չստացվի իր խաղը, նա աշխարհի ցանկացած բարձրակարգ ակումբում կարող է խաղալ։ Հենրիխ Մխիթարյանը երբեք չի մնա պահեստայինների նստարանին, որովհետև ինքն այն պրոֆեսիոնալ և աշխատասեր ֆուտբոլիստն է, որ իր տեղը միշտ կունենա հիմնական կազմում»։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ նրա տեղափոխման հարցը քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Ես ասացի, որ այդ լուրը լսել եմ, որ տեղափոխման քննարկումներ կան, բայց առայժմ ոչ մի ինֆորմացիա չկա»։
Ռազմիկ Մարտիրոսյան