«Լոռի Բերդը» Հայկական լեռնաշխարհի բրոնզի և երկաթի դարաշրջանների ամենանշանավոր հուշարձաններից է: Այն ներառում է ավելի քան մեկ ու կես հազարամյակ անընդմեջ միմյանց հաջորդող ժամանակաշրջաններ, սկսած միջին բրոնզի վաղ փուլերից մինչև Վանի թագավորության անկումը: «Լոռի Բերդի» պեղումներից հայտնաբերված արվեստի ինքնատիպ գտածոները կարևոր են ոչ միայն Հայաստանի և Հարավային Կովկասի, այլև Մերձավոր Արևելքի պատմության և մշակույթի ուսումնասիրության համար:
«Արմենպրես»–ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանն ասաց, որ «Լոռի Բերդի» 56-րդ դամբարանի գեղարվեստական բարձրարժեք իրերի մեջ առանձնանում է գավաթը, որը պատրաստված է արծաթյա թիթեղից՝ դրվագման եղանակով: «Անոթի իրանը բոլորված է խոշոր հատիկազարդով հարդարված գոտիներով: Գավաթի կենտրոնական մասով անցնում է մարտակառքի և հեծյալների պատկերներով դրվագված գոտին՝ 4 սմ լայնությամբ: Գոտին արմավենիներով բաժանվում է երեք հատվածի: Առաջինում պատկերված է մարտակառք, որի թափքին կանգնած են երկու անձ: Առաջինը մորուքավոր կառապանն է՝ սրածայր սաղավարտով և երկարաճիտ կոշիկներով: Երկրորդը, ամենայն հավանականությամբ, կառամարտիկն է, թեև, հնարավոր է, որ պատկերվածը թագավորն է: Վերջինս կանգնած է դեմքով դեպի ետ շրջված: Հագին երկարափեշ հագուստ է, գլխին՝ սրագագաթ սաղավարտ, աջ ձեռքում վահան է, իսկ ձախում՝ նիզակ: Մարտակառքին լծված ձիու ճակատը զարդարված է եղջյուրանման փետրափնջով: Մարտակառքի ետևից սրընթաց արշավում են երեք սաղավարտակիր, մորուքավոր հեծյալներ: Նրանք մի ձեռքով պահում են սանձերը, մյուսով՝մտրակում ձիերին: Ձիերը շքեղորեն հանդերձավորված են, վզներին կրում են գոտիներ, թամբի վրա՝ զարդարուն ծածկոցներ: Բաշերը խնամքով կտրած են և հարդարված, պոչերի ծայրին փնջիկներ են, ոտքերին նշված են սմբակները»,-պատմեց նա:
Ջուլիետտա Կարապետյանի խոսքով` հորինվածքի սյուժեն հայտնի է հին արևելյան՝ ուրարտական և ասորեստանյան քանդակարվեստից: Այսպես, գործող անձինք կրում են ուրարտացիներին բնորոշ հանդերձանք և սպառազեն: «Ձիերի հանդերձավորումը և գլխի հարդարանքը ևս կրում են հին արևելյան ոճական ազդեցությունը: Թեև ձիերի պատկերները լիովին տարբերվում են ուրարտական կամ ասորեստանյան նրբիրան, երկարավիզ և կապված պոչերով նժույգներից»,-ասաց ավագ գիտաշխատողը՝ հավելելով, որ մեկ ձեռքով ձիերի գավակին հարվածող ձիավորներ հայտնի են Արինբերդի ուրարտական դամբարանի բրոնզե գոտու որսի տեսարանի մեջ:
Կերպարների ճտքավոր կոշիկները նման են Կարմիր բլուրի կոշկաձև անոթներին: Ինչ վերաբերում է արմավենիների պատկերներին՝ դրանք առավել տարածված են եգիպտա-ասորա-բաբելոնական միջավայրում: «Այսպիսով, գավաթի զարդագոտին իր թեմատիկայով և պատկերագրությամբ հին արևելյան է՝ ուրարտական և ասորական հետաքրքրիր տարրերի առկայությամբ»,-նշեց Կարապետյանը: