Դրամավարկային քաղաքականության տեսանկյունից գնաճը կառավարելի է, 2018-ին կանխատեսվում է, որ այն աստիճանաբար կմոտենա 4 տոկոս նպատակային ցուցանիշին ու կկայունանա դրա շուրջ: Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նա նշեց, որ իրենց կառույցը գնաճի օպերատիվ դիտարկումներ իրականացնում է տասնօրյա կտրվածքով և հաշվարկներ կատարում օրենսդրությամբ պայմանավորվող ազդեցությունների առնչությամբ: «Մեր օպերատիվ դիտարկումներով, որոնք կատարվել են դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը, չնայած բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված գազի սակագների բարձրացմանը, հունվարին գնաճը կլինի նախորդ տարիներին արձանագրվածի շրջանակներում: Ամբողջ 2018-ի համար, ինչպես կանխատեսվել է, այդ փոփոխությունները և դրանց երկրորդային ազդեցությունները գնաճին նպաստելու են 1 տոկոսով: Կենտրոնական բանկը գնահատել է նաև վարչարարության խստացման ազդեցությունը, որը 0.3 տոկոս է»,-հայտնեց Արթուր Ջավադյանը:
Այսպիսով` պաշտոնյան հավելեց, որ գնաճի վրա ընդհանուր ազդեցությունը` կապված հարկային ու մաքսային դրույքաչափերի փոփոխության և դրանց երկրորդային ազդեցության, ինչպես նաև վարչարարության խստացման հետ, գնահատվում է առավելագույնը 1.3 տոկոս:
Անդրադառնալով 2017-ին գրանցված գնաճի ցուցանիշին` Արթուր Ջավադյանը նկատեց, որ նախորդ տարին բնութագրվել է ցածր գնաճային միջավայրով, իսկ ԿԲ-ն իր քաղաքականությամբ աստիճանաբար գնաճը մոտեցրել է նպատակայինին` 4±1.5% տոկոս: «2017 թվականի առաջին եռամսյակում Կենտրոնական բանկը շարունակել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մեղմելով գնանկումային միջավայրը: Դեռևս երկրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրում և ավելի ուշ տարեկան գնաճի մեր կանխատեսումը եղել է 2.5 տոկոսի շուրջ: Տարեկան փաստացի գնաճը գրեթե համընկել է մեր կանխատեսմանը` կազմելով 2.6 տոկոս, որը թույլատրելի միջակայքի ստորին սահմանի մոտ է»,-հավելեց պաշտոնյան: