Հայկական գարեջուրը շատ քիչ է տարբերվում աշխարհում հայտնի չեխական կամ գերմանական գարեջուրներից, իսկ ամենակարևորը` չի զիջում որակի հարցում, վստահեցնում են և՛ գարեջուր արտադրողները, և՛ Հայաստան եկող զբոսաշրջիկները։
«Ես գիտեի, որ Հայաստանում կարելի է լավ կոնյակ ու գինի ըմպել, բայց գարեջուրն ինձ համար բացահայտում էր։ Հայկական գարեջուրը նուրբ ու թավշյա համար ունի, նմանը չկա աշխարհում»,- Sputnik Արմենիայի թղթակցին ասաց կանադացի Գիլբերտ Փափազյանը։
Գարեջուրը նրա սիրած ըմպելիքն է։ Այս կամ այն երկիր մեկնելիս առաջին գործը լինում է գարեջուր համտեսելը։ Երկրորդ անգամ է Հայաստան եկել և շատ է տպավորվել. հինգ տարի առաջ այստեղ դեռ չկային այնքան շատ հաստատություններ, որտեղ հնարավոր էր տեղական գարեջուր խմել։
«Գարեջրի համը տարբեր վայրերում տարբեր համ ունի։ Երևի պատճառն այն է, որ ամեն գարեջրատունն ըմպելիքը պատրաստելու իր տեխնոլոգիան ունի»,- նշեց Փափազյանը։
Գարեջուր եփելու մշակույթը, ըստ տարբեր աղբյուրների, Հայաստանում եղել է դեռ մեր թվարկությունից առաջ V դարում։ Ամեն դեպքում այն համտեսել է հույն պատմաբան Քսենոփոնը և այդ մասին գրել իր «Անաբասիս» աշխատությունում։ Այսօր Հայաստանում արդեն մի քանի հաստատություններ կան, որոնք հենց իրենք են գարեջուր եփում։
Հայկական գարեջուրն էլ են եփում գայլուկով ու ջրով
Հայ արտադրողները չեն խախտում դարերի ընթացքում ձևավորված ավանդույթներն ու գարեջուր եփելու գործընթացը։
«Օրգանական նյութերից, առանց քիմիական հավելումների պատրաստած գարեջուրը օգտակար է մարդու օրգանիզմի համար: Գարեջրի պատրաստման դասական փուլերն են` գարին աղալը, մաքրելն ու չորացնելը, գարեջրային քաղցուի խմորումը, գարեջրի զտումը, եռացնելը, սառեցնելը, խմորումը, ֆիլտրացիան և շշալցումը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց գարեջրագործ Արմեն Անդրեասյանը (անունը փոխված է):
Հայաստանում գարեջուրը եփում են նույն բաղադրիչներից, որոնք օգտագործում են այլ երկրներում` ածիկ, ջուր, գայլուկ և խմորիչ: Գարեջրերի տարբեր տեսակների համային տարբերությունը կախված է բաղադրիչներից: Եթե բաղադրիչները, այդ թվում ջուրը, Չեխիայից բերեին, ապա հայկական գարեջրի համը «չեխական ակցենտով» կլիներ, կատակում է գարեջրագործը:
Սակայն համեղ գարեջրի գաղտնիքը ճիշտ պատրաստված քաղցուն է: Այն պատրաստվում է ծեծած ածիկի և ջրի խառնուրդից: Քաղցուն եփում են մի քանի անգամ, եփելու ընթացքում խառնուրդից քայքայվում են սպիտակուցները, գլյուկոզան և շաքարի այլ տեսակները: Քաղցուն եփելուց և սառեցնելուց հետո մնում են չլուծված գարու մնացորդները:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am