Մայրությունը կնոջն Աստծուց տրված մեծագույն շնորհն է. aravot.am
Advertisement 1000 x 90

Մայրությունը կնոջն Աստծուց տրված մեծագույն շնորհն է. aravot.am

Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Ավետման տոնը` ևս մեկ անգամ անդրադառնալով աստվածաշնչյան գեղեցիկ պատմությանը, երբ Գալիլիայի Նազարեթ քաղաքում Գաբրիել հրեշտակապետը Ս. Մարիամին ավետեց Փրկչի մայրը դառնալու լուրը: Ավետման խորհրդի մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

– Հայ´ր Սուրբ, ի՞նչ կարևորություն ունի Ավետումը մեզ համար, ի՞նչ էր ավետում Գաբրիել հրեշտակապետը մարդկությանը:

– Դարեր շարունակ այս բարի լուրը մեզ հիշեցնում է ոչ միայն մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին, այլ նաև այն պարզ ճշմարտության, որ Տերը միշտ մեզ հետ է: Իսկ Աստծո հաստատուն ներկայությունը մեր կյանքը լցնում է հույսով, հավատով և սիրով` իմաստավորելով և´ ներկան, և´ ապագան: Այն ցրում է անորոշությունն ու թերահավատությունը, մշուշն ու խավարը և մեր հոգիներն ու սրտերը ջերմացնում աստվածային լույսով: Հետևաբար` Ս. Կույսին տրված ավետիսը Տիրոջ կամքին հնազանդվելու և աստվածատուր կյանքն Աստծո հետ ապրելու խորհուրդն ունի: Եթե ընդունում ենք այն, ապա Աստվածամոր նման արժանանում ենք բազում շնորհների և պարգևների, որի վերջնական հանգրվանը երկնքի արքայության ժառանգումն է: Իսկ մերժելու դեպքում պարզապես ապրում ենք այս օրվա համար` մոռանալով Քրիստոսով ավետարանված հավիտենական կյանքի մասին:

– Հա´յր Սուրբ, ի՞նչ է սովորեցնում Տիրամոր կերպարը կանանց:

– Աստվածամոր առաքինի վարքը, մաքրակենցաղությունը, խոնարհությունն ու անսահման նվիրվածությունն իր զավակի հանդեպ օրինակելի են յուրաքանչյուր կնոջ համար: Մարիամը մի պարզ աղջնակ էր, որին Աստված ընտրեց` դառնալու Տիրոջ մայրը երկրի վրա, տեսնելու Նրա առաջին քայլերը, գրկելու, գուրգուրելու և խնամելու:

Ս. Կույսը նաև ցավ ապրեց և տառապեց իր Որդու համար, բայց երբեք չերկնչեց և չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով իրեն վերապահված առաքելության կարևորությունը: Նա ցույց տվեց խոնարհության ճշմարիտ օրինակ և դարձավ Աստծո ձայնին անվերապահ անսացող, երբ ավետման ժամանակ առանց վարանելու հրեշտակին պատասխանեց.

«Ահավասիկ մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1. 38): Ահա այս խոնարհությունն է ուզում տեսնել Աստված մեր մեջ, որպեսզի մեզ էլ Իր առաքելության մի մասնիկը դարձնի: Քրիստոսի Եկեղեցին Աստվածամոր անձի մեջ ընդգծում է նաև ճշմարիտ մայրության գաղափարը: Մի մայր, որը ոչ միայն ծնում և սնում է իր զավակին, այլև հոգ տանում, խրատում և դաստիարակում նրան` կենդանի օրինակ լինելով իր երեխայի համար: Նա այն անձնազոհ մայրն էր, որ հանուն մարդկության փրկության լուռ և անտրտունջ տարավ բոլոր տառապանքները` պատրաստ լինելով մեծ զոհաբերությանը:

Այս առումով Տիրամորն են նմանվում բոլոր մեր քաջ և նվիրյալ այն մայրերը, որոնց զավակներն այսօր պահպանում են մեր սահմանները` հարկ եղած դեպքում պատրաստ լինելով Հայրենիքի սրբազան զոհասեղանին նվիրաբերելու անգամ իրենց կյանքը:

Ամբողջական հոդվածը` aravot.am