Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները որոշիչ դեր են ունեցել և ունեն ոչ միայն Հայաստանի և հարևան երկրների, այլև Արևմուտքի և Արևելքի համար։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ նոր աշխարհակարգի հիմքն էր դրվում, մասնավորապես Օսմանյան և Ռուսական կայսրությունների փլուզման արդյունքում առաջացան Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունները, որոնց միջև հարաբերությունները խիստ լարված էին։
Ժամանակաշրջանը և տարածաշրջանային զարգացումները հասկանալու համար հետաքրքիր և արժեքավոր կարող է լինել «դրսից» հայացքը, այդպիսին կարելի է համարել անգլիացի գեներալ-լեյտենանտ Հուբերտ Հուկի դեռևս 1919թ. ապրիլի 17-ին «Թայմս» թերթի խմբագրին գրած նամակը, որտեղ վերջինս անդրադառնում է երեք նորաստեղծ պետություններում տիրող իրադրությանը և Անտանտի, մասնավորապես Անգլիայի հետաքրքրություններին։ Նամակի ամբողջական տեքստի մեքենագիր պատճենը հայերեն պահվում է Հայաստանի ազգային արխիվի Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆոնդում (ֆոնդ 200 ց 2 գ 203)։
Նամակից պարզ է դառնում, որ մինչ այդ Անդրկովկաս էր այցելել թերթի թղթակիցը, ում դիտարկումները հրապարակվել էին «Թայմսի» ապրիլի 14-ի համարում՝ «Կամավորական բանակը» վերնագրով։ Թղթակցի արտահայտած մտքերին մեծամասամբ համամիտ էր նաև անգլիացի զինվորականը։
Հուբերտ Հուկը ահազանգում էր, որ Անդրկովկասում տիրող դրությունը պահանջում է «շուտափույթ և անմիջական որոշում», քանի որ երեք հանրապետություններն իրար այնքան են ատում, որ եթե անգլիական ներկայությունը չլիներ, «կշարունակեին իրար կոկորդ բռնել»։ «Արևմտյան մասում վրացիներն են՝ Թիֆլիս մայրաքաղաքով, արևելյան մասում՝ Կասպից ծովի ափերին, մահմեդական-թաթարական Ադրբեջան պետությունն է, որի մայրաքաղաքը Բաքուն է, և հարավային կողմում՝ սեպաձև ընկած այս երկու պետությունների մեջ, հայկական պետությունն է՝ Երևան մայրաքաղաքով։ Այս վերջին պետությունը ցանկանում է լինել և կլինի հավանաբար Մեծ Հայաստան, որը պետք է կազմվի հին տաճկական կայսրությունից»,-գրում է Հ. Հուկը։ Ուշագրավ է, որ անգլիացի զինվորականի համար Ադրբեջան պետությունը չէր նույնանում արհեստականորեն ստեղծված «ադրբեջանցի» անվանման հետ, այլ հստակ նշում է, որ դրանք մահմեդական թաթարներն էին։
Այս տարածաշրջանում տեղի ունեցող բախումները, կոնֆլիկտային իրավիճակները Հ. Հուկը գնահատում էր որպես անմիջական վտանգ Արևմուտքի խաղաղության և կայունության համար, իսկ լուծումը մեկն է՝ այնպիսի մակարդակի հասցնել այս պետություններին, որ վերջիններս կարողանան արդյունավետ ինքնակառավարում իրականացնել։ Ահա թե ինչ է գրում նա. «Եթե Մեծ Բրիտանիան իր զորքը հետ քաշի այս երկրից, այն նորից կընկնի բարբարոսության մեջ և երկար ժամանակ չի անցնի, որ այս երկրի գործերը եվրոպական խառնակության և պատերազմի պատճառ կդառնան, որին Անգլիան ստիպված պիտի լինի միջամտել։ Մյուս կողմից՝ մարդկանց կամ ֆինանսավորման առումով Անգլիան մեծ բան չի կորցնի, եթե բավական մեծ ուժ պահի Անդրկովկասում՝ լավ կառավարություն ստեղծելու և բարոյական, մտավոր ու ֆինանսական առաջադիմությունը զարգացնելու համար։ Մոտավորապես երկու դիվիզիա անգլիական կամ հնդկական զորք 1—2 տարվա համար բավական կլինի, և միևնույն ժամանակ տեղում կարելի է կազմակերպել ոստիկանական ուժ»։ Երկիրն աղքատությունից հանելու համար առկա էին օբյեկտիվ հիմքեր. «Անդրկովկասն այնքան բնական հարստության աղբյուրներ ունի, ինչպես, օրինակ, նավթի հանքերը, որ եթե երկիրը կառավարվի ազատամիտ սկզբունքով և կարգուկանոն հաստատվի, ապա այն կբարգավաճի, մեծ հարստություն կդիզվի, որի մեծ մասը կգնա ժողովրդի գրպանը»։ Բացի երկրի բարգավաճումից, նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բրիտանական և եվրոպական կապիտալն արդեն իսկ մուտք է գործել այս տարածաշրջան։ Կարող ենք փաստել, որ Անտանտը Անդրկովկասը, ի դեմս երեք հանրապետությունների, դիտարկում էր որպես մեկ միասնական, բայց ոչ երբեք առանձին քաղաքական միավոր։ Նման մոտեցումը կարելի է նկատել նաև մեր ժամանակներում, երբ ԵՄ—ի և ԱՄՆ—ի կողմից քաղաքական, տնտեսական և մշակութային քաղաքականությունն իրականացնելիս Անդրկովկասի երեք հանրապետություններին ձգտում են միասին ներգրավվել տարբեր գործընթացների մեջ։
Անդրկովկասում խաղաղություն և բարեկեցություն ապահովելը բխում էր Արևմուտքի շահերից և այդ նպատակին հասնելու համար գեներալ-լեյտենանտը նպատակահարմար էր գտնում, որպեսզի որևէ երկիր որոշ ժամանակով ստանձնի այս տարածաշրջանի մանդատը։ Արդյունքի հասնելու համար, նրա կարծիքով, բավարար կլիներ 10 տարվա «ֆեդերատիվ» համակարգով կառավարումը, ինչը թույլ կտար յուրաքանչյուր պետության զարգացնել և կայունացնել պետական համակարգը։ «Այդ ժամանակաշրջանը վերջանալուց հետո պետք է նորից նայել ընդհանուր դրությանը և եթե Ռուսաստանն այդ ժամանակաշրջանում արդեն կազմակերպված կլինի, և եթե երեք տեղական կառավարությունները ցանկանում են, այն ժամանակ կարող են կցվել մեծ Ռուսաստանին ֆեդերատիվ սկզբունքներով»։
Այսօրվա քաղաքական զարգացումների, ինչու չէ նաև ամբողջ խորհրդային իշխանության ժամանակաշրջանը հաշվի առնելով՝ տարակուսանք կարող է առաջացնել այն հանգամանքը, որ Անտանտի կողմից ընդունելի կարող էր լինել մեր տարածաշրջանը Ռուսաստանին հանձնելու ցանկությունը։ Սակայն չպետք է աչքաթող անենք այն, որ միայն «լիբերալ և դեմոկրատիկ Ռուսաստանի ուժեղ կառավարությանն» են նպատակահարմար գտնում փոխանցել տարածաշրջանի կառավարումը։ Սա կարող ենք դիտարկել որպես քաղաքական, արժեհամակարգային, տնտեսական միասնական համակարգ ստեղծելու տեսլական, այսօրվա տերմինաբանությամբ՝ գլոբալիզացիայի տանող գործընթաց։
Հարյուր տարվա հեռավորությունից կարող ենք փաստել, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, երբ դրանից ճիշտ դասեր չեն քաղում։ Մեր կարծիքով, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող պետությունների բացթողումն այն է, որ Հայաստանը և հայկական քաղաքակրթությունը դիտարկվում է Ադրբեջան պետության հետ մեկ հարթության մեջ։ Որքան էլ պատմական արդարություն ասվածը չհամընկնի քաղաքական և տնտեսական շահերի հետ, այնուամենայնիվ միայն արդարության հիմքի վրա կառուցված աշխարհակարգը կարող է երկարատև կայունություն ապահովել ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ