Ոչ բոլորն են հանճար ծնվում, և դա ապացուցել է հայտնի աճպարար Հարություն Հակոբյանը։ Բնածին հատկություններ, իհարկե, պետք են, ոչ ոք չի վիճում, բայց Հակոբյանին մոգ է դարձրել նախևառաջ աշխատանքը, հետո` կրկին աշխատանքը։ Իսկ այսօր մենք նշում ենք նրա ծննդյան ուղիղ մեկ դարը։
Մի այսպիսի պատմություն կա. դեռ մանուկ հասակում Հարությունյանը կոտրել է ցուցամատը, որից հետո մատը պտտվել է սեփական առանցքի շուրջ, դուրս է եկել հոդերից և տեղն է ընկնել։ Ասում են` դրանով էր բացատրվում նրա ձեռքերի անսովոր ճարպկությունը։
Հնարավոր է` նաև դրանով։ Բայց այդ պատմությունը լիովին կարող է մտացածին լինել, իսկ ահա այն, որ նրա մատներն անհավանական զգայուն են եղել, փաստ է։ Ոչ միայն մատները, այլ նաև հենց ձեռքերը, և նա աչքի լույսի պես է պահպանել դրանք։ Տարվա ցանկացած եղանակին դուրս է եկել նուրբ ձեռնոցներով, իսկ տանը նրան թույլ չեն տվել անգամ մեխ խփել պատին։ Նույնիսկ արյուն հանձնելու համար պոլիկլինիկա գնալը մի քանի օրով դուրս է բերել նրան շարքից։ Չէ՞ որ նա խաղաթղթերի կապուկից խաղաքարտը հանում էր վերնաշապիկին թեթև հպվելով։
Նա պատահաբար է դարձել աճպարար, սովորել է պարարվեստի ուսումնարանում, այնուհետև Մոսկվայի հողաշինարարության ինստիտուտում։ Մի անգամ գնացել է համերգի, որտեղ ելույթ է ունեցել մի իլյուզոնիստ, այնքան է հետաքրքրվել նրա մոգական համարներով, որ մտել է հետնաբեմ` արտիստի ռեկվիզիտն ուսումնասիրելու ու նրա գաղտնիքները բացահայտելու համար։ Հենց այդ զբաղմունքի վրա էլ բռնացրել են նրան։
Մտածել են` գող է, նրան տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ ստիպված է եղել երկար ապացուցել, որ չարագործ չէ։ Բաց են թողել, երբ պարզվել է, որ ոչ մի բան չի կորել, իսկ «տուժողին» հուզել է պատանու հետաքրքրությունը և Հարությունին դարձրել է իր աշակերտը։ Նա թողել է ինստիտուտը, սկսվել են «մոգական» օրերը, որոնք հագեցած են եղել շուրջօրյա, տքնաջան, հրաշքներ գործելու աշխատանքով։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am