Այսօր Ազգային ժողովում վարչապետ Նկոլ Փաշինյանի քվեարկությունից առաջ պատգամավոր Արարատ Զուրաբյանը իր կարճ ելույթում անդրադարձավ նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին։ Զուրաբյանը բառացի դա չասաց, սակայն ակնակրեց, որ «մենք ունենք մեկ քաղաքական վտարանդի, որին պետք է շուտ հետ վերադարձնել Հայաստան»։
Նշենք, որ այս շարժման առաջին օրերին հնչում են Վանո Սիրադեղյանի հետ վերադարձի առաջարկներ, պահանջներ։
«Առաջին լրատվական»-ը փորձեց հասկանալ, թե իրավական առումով որքանով իրագործելի առաջարկ է։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծում է, որ Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան՝ հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որ նա թաքնվում է քննությունից: «Վաղեմության ժամկետները անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, թաքնվում են քննությունից, նախկինում գործող քրեական օրենսգրքով սահմանված է եղել 15 տարի, ներկայումս գործող քրեական օրենսգրքով սահմանված է 20 տարին: Կարծում եմ, պետք է կիրառվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատասխանատվությունից ազատելու դրույթը»,-ասաց Վարոսյանը՝ հավելելով, որ խնդիրն այն է, թե երբվանից պետք է հաշվել վաղեմության ժամկետը: Օրենքով սահմանված կարգով վաղեմության ժամկետը հաշվվում է մեղսագրվող վերջին արարքի կատարումից սկսած, բացի դրանից անձը պետք է թաքնվելու ընթացքում այլ հանցագործություններ կատարած չլինի:
Փաստաբանի խոսքերով՝ եթե ամեն դեպքում որոշում կայացվեց Վանո Սիրադեղյանի վերադարձի մասով, ապա նրա հետ գալը պետք է ձևակերպվի քրեական գործով, համապատասխան կերպ։ Սիրադեղյանը կարող է ինքնակամ ներկայանալ նախաքննական մարմնին, կամ նրան հայտնաբերեն և ներկայացնեն իրավապահ մարմիններին, որից հետո դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի: «Թե ինչ որոշում կընդունի դատարանը, չգիտեմ, սակայն ենթադրում եմ, որ պետք է լինի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում»,- նկատեց Վարոսյանը։
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը, որպես մեղադրյալ, ներգրավվել է 1999 թվականի փետրվարի 19-ին և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդվածով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 8-րդ կետով, 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 3-րդ, 182 հոդվածի 1-ին, 17-96 հոդվածի 2-րդ մասերով: 07.05.99թ ազատվել է ձերբակալումից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարեց դատախազության միջնորդությունը և զրկեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանի որոշմանն անմիջապես հաջորդեց Վանո Սիրադեղյանի փախուստը: Այսպիսով՝ Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է 9 դրվագից: 2000 թվականին Վանո Սիրադեղյանը հեռացել է Հայաստանից։ Նրա մասով գործի քննությունը դատարանում կասեցվել է՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով: